Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բացառում եմ, որ հայկական կողմը գնա միակողմանի զիջումների». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 10,2016 11:35

Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում Պուտինի հետ սպասվող բանակցությունների ու մինչ այդ Բաքվում Պուտին-Ալիեւ-Ռոհանի գագաթնաժողովի արդյունքների մասին «ՀԺ»-ի հարցերին պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

– Պարոն Ֆարմանյան, Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին այցելելու է Մոսկվա։ Սովորաբար նախագահի այցերի մասին տեղեկատվությունը տարածվում է այցից 1-2 օր առաջ։ Այս անգամ այն տարածվեց գրեթե 10 օր առաջ։ Ինչո՞ւ։

– Այո, սովորաբար, այդպես է։ Բայց լինում են նաեւ բացառություններ։ Իմ անձնական տպավորությունն այն է, որ այցելության եւ նախագահական հանդիպման մասին այս անգամ հայտարարվել է սովորականից մի քանի օր առաջ՝ պայմանավորված զուտ ՌԴ նախագահի՝ մեր հարեւան 4 երկրներից 3-ի՝ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդների հետ այս օրերին ունեցած շփումների ժամանակացույցով։ Նկատի ունեմ, հավանաբար, ցրելու այն հնարավոր տպավորությունը կամ շահարկումները, որ ՌԴ-ն խորացնում կամ կառուցում է հարաբերություններ մեր հարեւանների հետ՝ շրջանցելով մեզ ու մեր շահերը կամ ի հաշիվ մեր երկկողմ հարաբերությունների։

– Ռուսաստանյան շրջանակները խոսում են հակամարտության մոտալուտ հանգուցալուծման հնարավորության մասին՝ «տարածքներ հանձնելու տարբերակով»։ Այժմ բանակցություններում ի՞նչ է քննարկում հայկական կողմը։ Կա՞ ճնշում պաշտոնական Երեւանի վրա։

– Ես բացառում եմ որեւէ հեռանկար, երբ հայկական կողմը գնա չարդարացված կամ միակողմանի զիջումների: Սա ուղղակի բացառված է: Առավել եւս ես դա բացառում եմ, քանի բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանն է։ Ավելին, ես դա կբացառեի Հայաստանի որեւէ առաջնորդի պարագայում, քանի որ տեսականորեն նման որեւէ պայմանավորվածություն չի կարող կյանքի կոչվել՝ հազար պատճառով։ Ի վերջո Արցախի խնդրի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ենթադրում է նաեւ հանրաքվեի միջոցով հասարակության համաձայնություն կամ մերժում կարգավորման ներկայացված որեւէ տարբերակի։ Ինչ վերաբերում է «ճնշումներին», ապա որեւէ հակամարտության կամ ճգնաժամի կարգավորման շուրջ ընթացող դիվանագիտական աշխատանքը կամ բանակցությունները երկարատեւ գործընթաց է, որտեղ կարող են լինել եւ առաջարկություններ, եւ ճնշումներ, եւ հակազդեցություններ այդ ճնշմանը, բայց դա ոչինչ է, երբ խոսքը վերաբերում է Արցախի խնդրի կարգավորմանը։ Բանակցային գործընթացի ողջ պատմությունը այս պնդման լավագույն ապացույցն է:

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031