Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի ամենամեծ վտանգը մարդու հեռացումն է բնությունից. «Օրեր»

Օգոստոս 10,2016 11:32

Հարցազրույց գրող Առլեն Շահվերդյանի հետ

Arlen-Shahverdyan-768x512

– Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել:

– Հասել ենք կյանքի տեխնոլոգիական զարգացման մի այնպիսի մակարդակի, երբ հաճախ մարդկային մաքուր հույզը կամ զգացմունքը կարող է արտացոլվել ու պարփակվել ընդամենը մեկ էլեկտրոնային պատկերում կամ «սմայլիկում»: Սա, ցավոք, հեռացրել է շատերին իրական, «օֆլայն» կյանքից՝ կյանքի ընկալումը թողնելով հիմնականում «օնլայն» հարթության մեջ: Սակայն որքան օգտակար ու անհրաժեշտ է «օնլայն» իրականությունը մեզանում, այնքան, միևնույն ժամանակ, կարևոր է իրական կյանքի, իրական զգացողությունների ապրման անհրաժեշտության գիտակցումը: Համացանցը շատ լավ իրողություն է, անեզր հնարավորությունների համախումբ, սակայն այն չի բուրում, ինչպես ցողաթաթախ խոտը, ծաղկավետ դաշտը, կնոջ անուշաբույր վարսերը, ծխացող խունկը: Համացանցը ընդամենը հնարավորություն է փոխանցելու այդ ամենի վեհասքանչությունը, ինչը իրականում զգալու համար անհրաժեշտ է չմոռանալ «օֆլայն» կյանքի մասին:

– Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

– Հասարակության տարբեր շերտեր կան՝ նախընտրելիությունների, բևեռացվածության ու կենտրոնացվածության տարբեր մակարդակներով, իրերի, երևույթների նկատմամբ տարաբնույթ ընկալմամբ, արժեհամակարգերի բազմազանությամբ: Արվեստը իր առաքելության մեջ մշտապես ու հաստատապես ձևավորելու է կոչված կյանքի գեղագիտական ընկալումը՝ անհատի մեջ համամարդկային, կարևորագույն և անձնավորության ձևավորման համար անհրաժեշտ արժեքների ու որակների արմատավորմամբ:

– Մտավորական մարդու ձեր բնորոշումը:

– Իմ խորին համոզմամբ՝ մտավորականը ո՛չ կոչում է, ո՛չ տիտղոս, ո՛չ պարգև ու ո՛չ էլ պիտակ: Մտավորականը կենսաձև է, էություն: Դու կամ էությամբ մտածող ես, կամ՝ ոչ, կամ կենսաձևդ այդպիսին է, այսինքն ապրում ես այդպես, կամ՝ ոչ: Մտավորականը աշխարհը, իրերն ու երևույթները ընկալում է ավելի խորը, մտածական բոլոր շերտերի համադրմամբ ու իմաստավորմամբ, այդ ամենը անցկացնում սեփական պրիզմայով ու արտացոլում նորովի իմաստավորված և ինքնատիպ կերպով, իսկ հաճախ էլ՝ գեղարվեստորեն: Մտավորականի առաքելությունը աշխարհը ոչ միայն արվեստի, գիտության և այլ բնագավառների միջոցով արտացոլելու մեջ է, այլև անգամ առօրեական կյանքի, կենցաղի ճիշտ կազմակերպման ու մատուցման: Մտածող մարդը մտածում է ամեն ինչի վերաբերյալ: Նույնը մշտապես նշում եմ ստեղծագործող մարդուն բնորոշելիս, քանի որ համոզված եմ, որ ստեղծագործող մարդը ստեղծագործում է ոչ միայն արվեստի որևէ գործ արարելով, այլև ստեղծագործում է ամեն ինչում՝ միջանձնային հարաբերություններում, շրջակա միջավայյրի հետ հարաբերվելիս, կյանքի ու կենցաղի կազմակերպման մեջ:

– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

– Մենք մեր մշակույթով միշտ կարող ենք պարծենալ, սակայն մշակույթը կուլտուրան է, ինչը արտացոլվում է ոչ միայն արվեստի բնագավառներում, այլև մարդկային սովորական հարաբերություններում, կյանքի կազմակերպման բարեվարքության մեջ, անգամ կենցաղավարության մակարդակում: Լինելով մշակութային՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն մշակութային այն արժեքները, որոնցով ներկայանում ես աշխարհին, այլև նույն այդ աշխարհի ընկալման, դրա հետ հարաբերման կուլտուրայի քո մակարդակը, մարդկային հասարակության ու դրա յուրաքանչյուր անհատի բարեվարքության, արժեքների նկատմամբ գորովանքով վերաբերմունքի ու դրանց պահպանման մակարդակը: Մեր ժողովրդի դիմագիծը պետք է լինի մշակութապես զարգացած, ինտելիգենտ, քաղաքավարի, բարի ու մարդասեր, հայրենասեր ու հայրենանվեր մարդու դիմագիծը, որը արարում է բարիք իր և բոլորի համար, որն իր ապրելու իրավունքը ապացուցում ու ամրագրում է բարի գործերով՝ լինեն դրանք մշակութային և այլ ոլորտներում, թե պարզապես մարդկային հարաբերություններում:

-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

– Սիրել կյանքը, սիրել բնությունը, մարդուն, սիրել սիրելը և գորովանք տալը, սիրել Աստծուն ու ճշմարիտը, սիրել պետությունդ, ժողովրդիդ, ամբողջ աշխարհը և ամեն բան անել սիրով: Իսկ ստեղծագործող երիտասարդներին խորհուրդ կտամ շատ աշխատել, աշխատել անմնացորդ կերպով, քանի որ մուսան երբեք չի նստում ծույլի կամ մեծամիտի ուսին:
Նյութի մանրամասները կարդացեք «Օրեր» -ամսագրի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031