Լրահոս
Օրվա լրահոսը

Լռեցնելու հակառակ էֆեկտը

Օգոստոս 10,2016 10:11

17-րդ դարի կեսերին Ֆրանսիայի վարչապետն էր կարդինալ Ջուլիո Մազարինին: Նա, ինչպես նաեւ իրեն նախորդող Ռիշելյեն եւ իրեն հաջորդող Կոլբերը (որը, ֆինանսների նախարար լինելով, իրականում կատարում էր վարչապետի պարտականությունները) լուրջ պետական գործիչներ էին` չնայած Ալեքսանդր Դյուման իր հայտնի վեպերում փորձում էր նսեմացնել այդ վարչապետներին` հրացանակիրների «ոչ համակարգային վարքը» ռոմանտիկ հերոսականության ոգով ներկայացնելու համար: Մազարինիին, ինչպես ասում են, «ժողովուրդը չէր սիրում», չէին ընդունում նաեւ ֆրանսիացի ազնվականներից շատերը` թերեւս նաեւ այն պատճառով, որ նա իտալացի էր: Այդ վարչապետի տնտեսական քայլերը շատ հեռու էին պոպուլիզմից` նա պարբերաբար բարձրացնում էր հարկերը: Եվ ահա այդպիսի միջոցառումներից մեկից հետո Մազարինիին զեկուցում են, որ ժողովուրդն իր մասին երգիծական քառյակներ է երգում: Վարչապետի արձագանքը չափազանց սառնասիրտ էր` «երգում են, ուրեմն կվճարեն»:

Այս պատմությունը ես հիշեցի, երբ իմացա, որ ինչ-որ խելապակասներ (ներեցեք, ուրիշ բառ չեմ գտնում) գողացել են «Մեդիալաբի» ծաղրանկարները: Նույնիսկ 17-րդ դարում երգիծանքի, քննադատության, այդ թվում` կոշտ, խարազանող, ծաղրական քննադատության դեմ պայքարելն անիմաստ էր: Երգիծական քառյակները փոխանցվում էին բերնեբերան, եւ «ցանցային տարածումը» հնարավոր չէր կանգնեցնել: Էլ ո՞ւր մնաց՝ 21-րդ դարում, երբ չափազանց արդյունավետ ձեւով գործում է վիրտուալ ցանցը:

Մարդկանց պետք է թույլատրվի ասել եւ ցույց տալ այն, ինչ իրենք ցանկանում են, եթե, իհարկե, դա չի հակասում տվյալ երկրի օրենսդրությանը: Միեւնույն է՝ դա ասվելու է եւ ցույց է տրվելու. միայն մտավոր խոտաններ ունեցող ոստիկանները կարող են կարծել, որ հարձակվելով տեսախցիկ բռնող լրագրողների վրա՝ նրանք խոչընդոտելու են իրենց վայրագությունների մասին նյութերի տարածումը: (Ի դեպ, որտե՞ղ են այդ ոստիկանները, ինչո՞ւ մինչ օրս ազատազրկված չեն): Հակառակը` հարձակվելով, նրանք նպաստում են այդ նյութերի տարածմանը: Ճիշտ նույն կերպ` ծաղրանկարներ գողացողները իրականում այդ նկարները դարձնում են տասնյակ ավելի շատ մարդկանց մտավոր սեփականություն:
Անձամբ ես աշխատում եմ «քլնգող» բառեր չօգտագործել: Նախ՝ դրանք, որքան էլ դուր են գալիս մարդկանց, որեւէ ձեւով չեն կարող նկարագրել իրավիճակի էությունը: Եթե դուք ասում եք, օրինակ, «վիժվածք», ապա դրանից հովանում է միայն ձեր եւ ձեր համախոհների սիրտը, բայց ոչ մի բան դեպի լավը չի փոխվում: Երկրորդ` ես ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ մեկին «երկուս», մյուսին`«հինգ» նշանակեմ: Երրորդ` ես ոչ մի քաղաքական թիմ չեմ ներկայացնում, որպեսզի կարողանամ ելույթ ունենալ նրա անունից` մենք (հայ ժողովուրդը, նվիրյալներս, ազնիվներս, անսխալականներս, այսինչ կուսակցության անդամներս) ճիշտ ենք, իսկ ահա նրանք… (եւ դրանից հետո կարելի է ցանկացած բառ գրել):

Բայց դա իմ անձնական ճաշակի հարցն է: Կան մարդիկ եւ լրատվամիջոցներ, որոնք այլ «արտահայտչամիջոցներ» են նախընտրում: Բոլորին պետք է հարգել, բոլորին պետք է ազատություն տալ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Ի դեպ, որտե՞ղ են այդ ոստիկանները, ինչո՞ւ մինչ օրս ազատազրկված չեն ==
    == Բոլորին պետք է հարգել, բոլորին պետք է ազատություն տալ:==
    Հարցադրման և պահանջի հետ լիովին համաձայն եմ, միայն անորոշ է մնում, թե ո՞ւմ են ուղղված դրանք, Լևոն Երանոսյանի՞ն, Վովա Գասպարյանի՞ն, թե՞ Կառապանին…

  2. henri says:

    Բոլորովին ճիշտ չէ Պ.Աբրահամեան որ դուք որեւէ քաղաքական թիմ չէք ներկայացնում` ներկայիս դուք իշխանութիւններու /նրբօրէն ասած/ տեսակէտները որդեգրած էք որ ինքնին սխալ չէ բայց `մանաւանդ վառ կիրքերը հանդարտեցնելու համար` օգտակար.;Ընդհանրապէս ձեր ըսելիքները գիտէք նաեւ ” անցողակի ” ըսել/Լիբանանցին պիտի ըսէր / ” Հասկցողին շատ բարեւ/ /”;Անդրադարձած եմ ընդհանրապէս որ միջին -համերաշխ ճամբայ մը բռնելով կը խուսափիք կրակին վրայ կնդրիտ ցանելէ ;Այդ ալ քաղաքականութիւն է որ ունի իր բարերար արդիւնքները;
    Մի օր ալ հարց բարձրացուցէք թէ ինչի կը ծառայեն “Միջազգային դէտ “կոչուած խամաճիկները
    որոնք սահմանը կ`այցելեն պարբերաբար -կը տեսնեն հակառակորդին ամենօրեայ խախտումները
    եւ գնդակոծումները կը շարունակուին տուներու և մանուկներու վրայ….մինչեւ երբ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031