Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերն» ուժեղացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը

Օգոստոս 10,2016 14:30

Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` զինված խմբին հանձնվել ստիպեց հասարակության լայն շրջանակների կողմից այդ դրսեւորման մերժումը:

– Ավարտվեց երկշաբաթյա ճգնաժամը, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները զենքը վայր դրեցին, հանձնվեցին: Նարեկ, նախ` ինչո՞ւ դա տեղի ունեցավ, ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ իրավիճակում հայտնվեց Հայաստանը` խոշոր հաշվով:

– Նախ՝ ցանկանում եմ ողջունել երկու կողմերի՝ առանց հավելյալ արյունահեղության իրավիճակի հանգուցալուծման գնալու որոշումը։ Ընդհանրապես, «Հիմնադիր խորհրդարանի» տղաները լավ կանեին զենքը վայր դնելու որոշումը կայացնեին մինչեւ երկրորդ զոհը, քանի որ արդեն գրավման 3-րդ օրը պարզ դարձավ, որ այն չի վայելում լայն հասարակության աջակցությունը, եւ, ըստ էության, զինված հեղաշրջման փորձը դատապարտված էր տապալման։ Իսկ թե ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, թերեւս, ամենապարզ պատասխանն ունի. «Հիմնադիր խորհրդարանն» իր գործունեության ողջ ընթացքում բացեիբաց հայտարարում էր զինված հեղաշրջման մասին, իսկ ՊՊԾ գնդի գրավումից օրեր առաջ Ժիրայր Սեֆիլյանն իր կոչով կոնկրետ գործողությունների անցնելու հրահանգ տվեց այդ խմբին։ Խումբն արեց այն, ինչ պետք է աներ, իսկ մեր ԱԱԾ-ն հերթական անգամ ապացուցեց, որ մասնագիտական առումով անգամ ակնհայտ սպառնալիքները չեզոքացնելու ունակ չէ։ Չնայած հաշվի առնելով վերջին պաշտոնանկություններն ԱԱԾ-ում՝ կարծում եմ, որ այս դեպքը հենց անվտանգության ծառայության ներսում կոնկրետ պատասխանատու ստորաբաժանման կողմից սաբոտաժի արդյունք էր:

– Հերթական անգամ խոսվում է «դասեր քաղելու» անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանն օրեր առաջ հայտարարեց, թե, այնուամենայնիվ, ամբողջական հանգուցալուծումը դեռեւս առջեւում է: Առհասարակ, իշխանության, ընդդիմության ու հասարակության արձագանքը տեղի ունեցածի նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում: Արդեն կարելի է ավելի սառը դատել. ինչպե՞ս է Հայաստանն առաջ ընթանալու:

– Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի կողմից ասված «ամբողջական հանգուցալուծման» մեջ կոնկրետ «Հիմնադիր խորհրդարանը» կամ ՊՊԾ գնդի գրավումն արդարացնողները որեւէ դրական ակնկալիքներ պետք է ունենան։ Այն, ինչ տեղի ունեցավ երկրում հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ներքաղաքական համատեքստում միայն ու միայն ուժեղացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը։ Թե՛ գնդի գրավումից առաջ, թե՛ գրավմանը հաջորդած օրերին, ըստ էության, «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցների թիվը չավելացավ, իսկ փողոցային միջոցառումներին հանրային աջակցության աստիճանը բավարար չէր անգամ որեւէ համապետական ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ մարդկային քանակին: Եվ որքան էլ հասարակության շրջանում բավականին մեծ դժգոհություն կա իշխող ուժի նկատմամբ, այնուամենայնիվ, հասարակության հավաքական արձագանքը բավականին ադեկվատ էր: Վերջիվերջո պետք է արձանագրել, որ զինված խմբին հանձնվել ստիպեց հասարակության լայն շրջանակների կողմից այդ դրսեւորման մերժումը, այլապես հակառակը երկրի համար անկանխատեսելի հետեւանքներ կունենար:

– Ակնհայտ է, որ հասարակական ընդվզում կա Հայաստանում, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ուղեկցվեց զանգվածային հանրահավաքներով, երթերով, բախումներով: 2017-ի ընտրություններին ընդառաջ՝ թվում էր, թե առանց ընդգծված ընդդիմադիր առաջնորդի հասարակությունը ոտքի չի կանգնի: Ինչի՞ մասին է սա վկայում՝ որ, այնուամենայնիվ, ոչինչ կորած չէ՞: Հասարակական ակտիվությունը 2017-ին հնարավո՞ր է, ո՞ր ուժերին եք տեսնում որպես հասարակության ընդդիմադիր հատվածին առաջնորդող:

– Եթե ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած փողոցային գործընթացները համարում ենք զանգվածային (նկատի ունենալով բազմամարդությունը), ապա այն կարելի է զանգվածային համարել միայն համեմատելով «Հիմնադիր խորհրդարանի» նախկին հանրահավաքների հետ: Ըստ էության, այդ միջոցառումներին մասնակցում էր առավելագույնը 5-7 հազար քաղաքացի, որը զանգվածային համարելը, մեղմ ասած, չափազանցություն է: Իսկ թե ինչու այդ գործընթացներն այդպես էլ քաղաքական բնույթ չստացան, կարծում եմ, որ դա բացարձակապես կապ չունի առաջնորդների բացակայության հետ: Փողոցային գործընթացները քաղաքական բնույթ չստացան, քանի որ ի սկզբանե այն պատճառը, որը հարուցել էր այդ գործընթացը, քաղաքական չէր, եւ եթե անգամ հարթակում Պարույր Հայրիկյանի փոխարեն լինեին բոլորիս հայտնի ընդդիմադիր առաջնորդները, այդ հարթակը միեւնույն է՝ քաղաքական չէր դառնալու: Բռնությամբ քաղաքական փոփոխություններ անելու փորձին հասարակության նմանատիպ արձագանքը վկայում է այն մասին, որ մեր հասարակությունը, չնայած բոլոր ժամանակների իշխանությունների կողմից իրականացված հետեւողական դեգրադացիայի քաղաքականությանը, մերժում է նմանատիպ փորձերը, ինչն, իմ կարծիքով, միայն դրական ազդակ է: Մինչեւ ԱԺ ընտրությունները շատ փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում, բայց մի հարցում վստահ եմ. «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն արդարացնող ուժերից եւ ոչ մեկը չի ստանալու հասարակության քվեն, եւ այդ ուժերը 2017-ին ԱԺ-ում մանդատներ չեն ունենա:

– Հուլիսի 17-ից հետո սկսեցին քննարկվել արտաքին միջամտության վարկածներ` մեկ ռուսական, մեկ արեւմտյան: Մյուս կողմից՝ լայնորեն շրջանառվում են տեղեկություններ, թե Հայաստանի նախագահը գտնվում է լուրջ ճնշումների տակ` ղարաբաղյան խնդրով: «Սասնա ծռերի» ներկայացուցիչը մինչեւ հանձնվելը հայտարարեց, թե պետք է պայքարել Հայաստանի ապագաղութացման դեմ, քննադատության սլաքն ուղղվեց Ռուսաստանին, ՌԴ-ից կախվածությանը: Այս ամենը կապվա՞ծ էր միմյանց հետ, ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:

– Նախ՝ եկեք ֆիքսենք, որ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած տեսակի գործընթացներում եթե անգամ հնարավոր է արտաքին միջամտություն, ապա դա բացառապես հնարավոր է միայն Ռուսաստանի կողմից: Այն մարդիկ կամ ուժերը, ովքեր տեղի ունեցածում արեւմտյան հետքեր են փնտրում, ավելի լավ է՝ քաղաքականությամբ չզբաղվեն: Իսկ ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններում արտաքին միջամտության վարկածներին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ դրանք դեռեւս հիմնազուրկ են:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան բանակցություններում առկա ճնշումներին, ապա դրանք նորություն չեն: Պարզապես այդ ճնշումները վերջին շրջանում տրամաբանորեն ավելացել են, եւ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Սերժ Սարգսյանի դիրքերն արտաքին ճակատում զգալիորեն թուլացան: Իսկ Վարուժան Ավետիսյանի կողմից ասված «ապագաղութացման» շարժման հարթակից ելույթ է ունենում Աշոտ Մանուչարյանը: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է, միայն կարելի է ավելացնել, որ ռուսական դեսպանատանը մի քանի ամիս առաջ պաշտոնական մակարդակով հյուրընկալված մարդկանց շուրթերից ապագաղութացման դեմ պայքարելու կոչերը, մեղմ ասած, անլուրջ են:

– Վերջին պաշտոնանկությունների մասին ի՞նչ կասեք: Մասնավորապես, Գլխավոր դատախազի հրաժարականն ու ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի աշխատանքից հեռացումն ինչի՞ հետեւանք էին:

– Չեմ կարծում, որ Գեւորգ Կոստանյանի հրաժարականը կապված էր ՊՊԾ գնդի գրավման հետ: Կարծում եմ՝ նախկինում Կոստանյանն ավելի լուրջ պատճառներ ուներ հրաժարական տալու, ինչը չարեց, եւ դժվար այս պարագայում ՊՊԾ գնդի գրավման միջադեպը հրաժարականի պատճառ հանդիսանար: Իրավիճակն այլ է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պարագայում: Ինչպես գիտենք, ԱԱԾ-ում գործում է Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որի գործառույթների մեջ է մտնում նմանատիպ իրավիճակների կանխարգելումը: Ինչպես արդեն արձանագրեցինք՝ ՊՊԾ գնդի գրավման մեջ հիմնական թերացումը ԱԱԾ-ի հենց այս ստորաբաժանմանն է պատկանում, իսկ առաջին տեղակալը, երկար տարիներով լինելով համակարգում, պարտավոր էր սպասվող հարձակման մասին ունենալ համապատասխան տեղեկատվություն եւ, բնականաբար, դրա մասին տեղյակ պահել ԱԱԾ տնօրենին: Կարծում եմ՝ Եպիսկոպոսյանին հեռացնելու հիմնական պատճառը եղել է կա՛մ գնդի հարձակման մասին տեղեկատվությանը չտիրապետելը, կա՛մ իմանալ չհայտնելը, որը հավանական է՝ հաշվի առնելով այն, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենը համակարգում նորեկ է, իսկ նրա պաշտոնին ժամանակին հավակնում էր հենց նույն Եպիսկոպոսյանը:

– Ներկայումս քննարկվում է հուլիսի 29-ին տեղի ունեցած ոստիկանական բռնությունների հետեւանքով առաջացած իրավիճակը: Սերժ Սարգսյանն իր ելույթում լրագրողներին խնդրեց մոռանալ տեղի ունեցածը եւ խոստացավ, որ այլեւս նման բան տեղի չի ունենա: Իսկ այդ ընթացքում ոստիկանապետի կողմից տարբեր տեսակի ծառայողական տույժերի ենթարկվեցին համակարգի մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաեւ Երեւանի ոստիկանապետը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ պատիժները համարժե՞ք են տեղի ունեցածին:

– Կարծում եմ՝ ծառայողական տույժերը, անգամ մի քանիսին աշխատանքից հեռացնելը բավարար չեն տեղի ունեցած բռնությունները գոնե հետագայում կանխելու համար: Ոստիկանությունն իր այդ գործողություններով հերթական անգամ ապացուցեց, որ բարեփոխումների մասին այսքան տարիների հայտարարություններն ուղղակի կեղծիք են եղել: Նախ՝ հուլիսի 29-ին հենց նույն ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ցուցարարները կարողացան ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հասնել Սարի թաղ, եւ երկրորդ՝ ուղիղ եթերով բոլորս էլ տեսանք, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով ոստիկաններն անցնում ոստիկանական պատի ետեւով, եւ ըստ լրագրողների եւ ցուցարարների վկայությունների՝ հենց այդ քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին ամենաակտիվ բռնություն գործադրողները: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունն իր դեմքը փրկելու համար առնվազն մի քանի նմանատիպ ոստիկանների պետք է ենթարկի քրեական պատասխանատվության: Այլապես իզուր է անգամ Երեւանի ոստիկանապետին հայտարարված խիստ նկատողությունը:

– Ազատության հրապարակում շարունակվում են ի պաշտպանություն «Սասնա ծռերի» անցկացվող հանրահավաքները: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ ընթացք կունենան այդ հանրահավաքները, եւ ինչպե՞ս դրանք կազդեն ներքաղաքական սպասվող գործընթացների վրա:

– Ինչպես արդեն նշեցի, այդ գործընթացները թե՛ սկզբնական ժամանակահատվածում, թե՛ հիմա առավել եւս որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ ներքաղաքական գործընթացների վրա: Երբ զինված խումբը դեռեւս գտնվում էր ՊՊԾ գնդում, փողոցային միջոցառումներին զգալիորեն շատ մարդ էր մասնակցում, բայց անգամ այդ պարագայում մենք որեւէ քաղաքական դրսեւորման ականատես չեղանք: Ներկայումս այդ հավաքներին մասնակցում է մի քանի հարյուր մարդ, իսկ հարթակից հնչող ելույթները հեռու են անգամ սոցիալական շարժումներին հատուկ թեթեւ հռետորաբանությունից: Չկա քաղաքական տեքստ, չկա գործողությունների ծրագիր եւ, հետեւաբար, ռազմավարություն, մարտավարություն եւ ճանապարհային քարտեզ: Նմանատիպ սիրողական մոտեցմամբ անգամ համատիրության մակարդակի հարցեր լուծելն է անհնար, ուր մնաց՝ քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն ունենալը:

Կարծում եմ, որ այս հանրահավաքներն ու «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը որոշ քաղաքական ուժեր կփորձեն իրենց համար ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկ դարձնել եւ, ամենայն հավանականությամբ, նմանատիպ դաշինքով կմասնակցեն ընտրություններին, սակայն, ինչպես արդեն նշեցի, այդ ուժերն, իմ կարծիքով, չեն կարողանա հաղթահարել ԱԺ ընտրությունների նվազագույն շեմը եւ վերջում կարժանանան այն բախտին, ինչին մինչ այս արժանացել են այլ՝ ոչ քաղաքական միավորումները:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 09.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի Ուրարտացի says:

    Ճիշտ է տղաները զինված էին, բայց նրանց գործողությունները ամենևին նման չէր զինված
    հեղաշրջման փորձի: Չէ որ նրանք միտումնավոր ոչմի մարդու վրա չեն կրակել սպանելու
    նպատակով: Նրանց արածը ընդամենը ժողովրդի հոգու հավաքական ճիչն էր՝ համարձակ հայորդիների արարմամբ: Ժողովուրդ, ով արդեն 25 տարուց ավելի, իրեն ստորացված ու
    բռնաբարված է զգում սեփական երկրում,հայրենիքում իր իսկ սեփական իշխանությունների
    կողմից: ,,Սասնա ծռեր..-ը ավելի շուտ զգոնության կոչեցին ցինիզմով տառապող մեր իշխանավորներին, որ այլևս հայ ժողովուրդը չի հանդուրժելու ոչմի անօրինական քայլ
    իշխանությունների կողմից: Այլապես հաջորդ ճիչը պետք է որ ավելի ցավոտ կլինի…
    Բռավո տղաներ,ես ձեր հոգուն մեռնեմ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031