Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ինչպես ցույցն են ցրում, այնպես էլ ծաղրանկարներն են «ցրել»

Օգոստոս 10,2016 14:00

Օգոստոսի 7-ին Մաշտոցի պուրակում Medilab.am լրատվական կայքի կողմից կազմակերպված քաղաքական թեմաներով ծաղրանկարների ցուցադրությունից հետո գիշերը կայքի խմբագրի ավտոմեքենայի ապակին կոտրել են եւ գողացել ցուցադրության ներկայացված բոլոր 107 ծաղրանկարները: Կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանն «Առավոտին» ասում է, որ ցուցահանդեսից առաջ մեկ ամսից ավելի տարածքներ են փնտրել ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում, եւ չեն կարողացել տարածք վարձակալել: Խնդիրը գումարը չի եղել, Գրիգորյանն ասում է՝ իրենք պատրաստ էին վճարել համապատասխան գումարը, բայց նույնիսկ այն սրահը, որի հետ նախապես պայմանավորվել էին ամիսներ առաջ, եւ սրահի տնօրինությունը, որը ծաղրանկարները հավանում է, մերժել է՝ ասելով՝ շնորհակալություն, որ դուք կաք, բայց տարածք տալ քաղաքական թեմաներով ծաղրանկարների ցուցադրության համար չափազանց վտանգավոր է: Եղել են սրահների տնօրեններ, որոնք ասել են՝ Սերժ Սարգսյանին վերաբերող ծաղրանկարները հանեք՝ տարածք կտանք:

Որեւէ տեղ տարածք չստանալով՝ Գրիգորյանը որոշել է. «Մենք մտածեցինք՝ կենդանի ցուցահանդես կանենք, կվերցնենք մեր ծաղրանկարները եւ դուրս կգանք փողոց»:

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ծաղրանկարների գողության եւ սրահներ չտրամադրելու վերաբերյալ ասում է. «Դա ոտնձգություն է արտահայտվելու ազատության դեմ, որովհետեւ կարեւոր չէ՝ մարդը ինչպես է արտահայտվում՝ լուսանկարներո՞վ, տեսանյութո՞վ, խոսքո՞վ, թե՞ ծաղրանկարով: Իսկ սրահներ չտրամադրելն էլ երկրում ձեւավորված վախի մթնոլորտից է: Մարդիկ վախենում են սրահներ, տարածքներ տրամադրել ծաղրանկարներին, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետագայում խնդիրներ առաջացնել իրենց համար»:

Մարիաննա Գրիգորյանն ասում է՝ երբ հայտնաբերել է, որ իր մեքենայից գողացել են ծաղրանկարները, անմիջապես ոստիկանություն է դիմել, գործին ընթացք են տվել, սակայն առայժմ որեւէ նորություն չկա: Գրիգորյանը վստահ է՝ փորձ է արվում վախեցնել, ճնշում գործադրել, ահաբեկել վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցին:
Հայաստանում ծաղրանկարների նկատմամբ հանրության հետաքրքրության եւ պահանջարկի մասին Գրիգորյանն ասում է. «Մեր երկրում քաղաքական ծաղրանկարչությունը, ցավոք, սահմանափակվում էր միայն Ադրբեջանին եւ Թուրքիային քննադատելով, այսինքն՝ իշխանություններին, ներքաղաքական իրավիճակներին չէին անդրադառնում, ինչը լավ բանի մասին չի խոսում: Մեր նպատակը, երբ սկսեցինք ծաղրանկարների ծրագիրը, հենց քաղաքական ծաղրանկարի մշակույթն ակտիվացնելն էր: Եվ դա անում ենք ոչ միայն ծաղրանկարներ հրապարակելով, այլ նաեւ երիտասարդների, որոնք ունեն դասընթացներ կազմակերպելու պոտենցիալ եւ ցանկություն»: Գրիգորյանն ասում է՝ շատ են տաղանդավոր երեխաները, որոնք հետաքրքիր ծաղրանկարներ են անում, բայց խմբագրի նախաձեռնությամբ հանդես են գալիս կեղծանուններով. «Հաշվի առնելով այն, որ այս ամիսների ընթացքում մեզ վրա տարբեր օղակներից ճնշումներ են եղել, դրա պատճառով էլ մեր լավագույն ծաղրանկարիչներից մեկը, որն ապրում է Լեհաստանում, աշխատանքից ազատվել է: Խոսքը Տիգրան Վարդիկյանի մասին է, նրա մայրն ապրում է Երեւանում, հիվանդ, ծեր կին է, գտել էին թույլ օղակը, եւ համազգեստով անձինք անընդհատ այցելում էին նրան, հարեւաններին էին հարցուփորձ արել, ու արդեն այն վիճակը ստեղծվեց, որ Տիգրանը հրաժարվեց համագործակցել մեզ հետ, որովհետեւ չէր ուզում մոր կյանքը վտանգել»:

Medialab-2

Խմբագրի խոսքերով՝ կայքում հրապարակված ծաղրանկարները շատ են քննարկվում. Գրիգորյանն ասում է՝ ոչ միայն քաղաքական ծաղրանկարներ են ներկայացնում, այլեւ «նյուզմեյքեր» են եղել: Այսինքն՝ ըստ Գրիգորյանի, տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքել են՝ ծաղրանկար հրապարակել, եւ մարդիկ, որոնք լուրը կարդացած չեն եղել, ծաղրանկարով հասկացել են՝ ինչ է տեղի ունենում. «Օրինակ՝ երբ ես Ազգային անվտանգության ծառայության հետ կապված լուրը կարդացի, որ մեկ ամսում հսկայական ծավալի մարգարին ու շաքարավազ են գնել, նախ՝ լուրը ճշտեցի «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնից, հետո զեկույցից այդ հատվածն ուղարկեցի ծաղրանկարչին: 2 ծաղրանկար արվեց, ու երկուսն էլ մեծ արձագանք ունեցան, մարդիկ էլ տեղեկացան՝ ինչ է կատարվում»:

Ծաղրանկարիչ Վահե Ներսիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ «Մեդիալաբում» հրապարակված իր հեղինակային ծաղրանկարներից ամենաշատ քննարկվողները, աղմուկ առաջացնողները եկեղեցական կամ հոգեւորականության թեմաներով են եղել. «Եվ կարող եմ ասել՝ ամենաշատ հայհոյանքներն ու անեծքներն այդ թեմաներով եմ ստացել, հոգեւորականները շռայլորեն անիծում են, իսկ դպիրները՝ հայհոյում: Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, գուցե հավատքի տաբուն է, որովհետեւ մարդիկ երբեմն ընկալում են հոգեւորականին որպես հավատքի խորհրդանիշ, ինչն իրականում այդպես չէ: Բայց երբ ես ծաղրանկարում պատկերում եմ հոգեւորականին, երբեմն դա վիրավորանք է ընկալվում, ու ինձ մեղադրում են քրիստոնեությունը վարկաբեկելու համար, հեթանոս են ասում, իրենք իրենց անձը նույնականացնում են քրիստոնեության հետ: Այդ հոգեւորականներն ասում են՝ եթե դու ինձ վատ բան ես ասում, դու ծաղրում ես Հիսուսին: Նույն էլ քաղաքականները՝ իշխանությունն իրեն նույնականացնում է պետության հետ. երբ ծաղրում ենք պաշտոնյաներին, իրենց թվում է՝ պետությանն ենք ծաղրում»:
Մարիաննա Գրիգորյանն ասում է. «Մենք շարունակելու ենք աշխատել՝ ձգտելով ունենալ ավելի իրազեկ քաղաքացի եւ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն՝ անտարբերության եւ լռության դեմ պայքարելով մեդիայի ամենաազդեցիկ միջոցներից մեկի՝ ծաղրանկարի միջոցով»։

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031