Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը սարիթաղցիներին կաջակցի համայնքի բյուջեի հաշվին

Օգոստոս 10,2016 13:30

Սարի թաղի բնակիչների գույքին պատճառած վնասները փոխհատուցելու օրենք չկա, նրանց աջակցելը բարի կամքի դրսեւորում է

Սարի թաղում բնակվող Տոնոյանների ընտանիքին պատկանող գույքը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից ամենաշատն է տուժել: Ոստիկանության նետած լուսաձայնային եւ այլ պայթուցիկներից տան պարսպի մի մասն այրվել է, պատուհաններն են կոտրատվել, բնակարանի առանձին հատվածներ են վնասվել: Սարի թաղի այլ բնակիչների գույքը նույնպես տուժել է: Թե ով պետք է պատասխանատվություն կրի պատճառած վնասների համար եւ ով պետք է փոխհատուցի վնասված գույքը՝ որեւէ մի մարմին իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Ինչ էլ որ այս օրերին ձեռնարկվում է՝ ստացվում է, որ բարի կամքի դրսեւորում է:

Սարի թաղում շրջելուց ու բնակիչների հետ հանդիպելուց հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խումբ էր ստեղծել` սարիթաղցիների վնասները հաշվելու եւ գույքագրելու:

Երեկ Երեւանի քաղաքապետարանում քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Նրան հայտնել են, որ գույքագրվել են Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով բնակիչների կրած գույքային վնասները, եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:

Ո՞ւմ հաշվին է վերականգնելու՝ Երեւանի քաղաքապետարանի՞, թե՞ պետբյուջեի ոստիկանության գործողությունների հետեւանքով առաջացած վնասները՝ «Առավոտի» հարցին Երեւանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ համայնքային բյուջեի: Հիշեցնենք, որ Երեւան համայնքի բյուջեն ձեւավորվում է քաղաքացիների վճարած հարկուտուրքերից:

Մեր հարցին, թե ո՞ր օրենքով է օգնությունը տրամադրվում, եւ եթե չկա այդպիսի օրենք, ինչի՞ հիման վրա է քաղաքապետարանն այդ ծախսն իր վրա վերցնում, քաղաքապետարանից պարզաբանեցին, որ աջակցությունը որեւէ օրենքի շրջանակում չէ, եւ որ քաղաքային իշխանությունը օգնություն է ցուցաբերում որպես Երեւանի բնակչի. «Սարի թաղի բնակիչը նույնպես Երեւանի բնակիչ է, ուստի նրանց կօժանդակեն` վնասները վերականգնելու: Քաղաքապետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծված, որը գույքագրել է առկա վնասները, եւ դրանց վերացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Այն բնակիչները, որոնց գույքը վնասներ է կրել, դրանք վերականգնելու հարցում քաղաքապետարանը կօգնի: Հիմնականում մասնակի վնասվածքներ են. մեկի՝ լուսամուտը, մյուսի՝ բակի մի հատված, մեկ այլ բնակչի պարիսպն է վնասվել եւ այլն»:
Թե փոխհատուցվող գումարը որքան կկազմի, քաղաքապետարանից ասացին, որ դեռ հստակ թիվ չեն կարող ասել:

Մեր հարցին, թե Տոնոյանների տան վերականգնումն է՞լ է քաղաքապետարանի աջակցությամբ լինելու, քաղաքապետարանից ասացին` այո:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Սարի թաղ այցելության ընթացքում Տարոն Մարգարյանն այցելել էր նաեւ Տոնոյանների տուն` ծանոթանալով նրանց կրած վնասներին:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031