Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր երեխա ունեցողները տանը պետք է անպայման ունենան պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ

Օգոստոս 10,2016 12:30

Առաջին օգնություն երեխաներին.
հանկարծահաս հիվանդագին վիճակներ

Հանկարծահաս հիվանդագին վիճակները զարգանում են անսպասելի, ուստի եւ հաճախ դժվար է լինում հասկանալ դրանց պատճառը եւ ճիշտ կողմնորոշվել: Երեխաների մոտ հաճախ հանդիպող հանկարծահաս հիվանդագին վիճակներից են ցնցումային նոպան եւ սուր որովայնը: Այդպիսի դեպքերում պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ է սառնասրտություն հանդես բերել, գործել հանգիստ եւ գնահատելով իրավիճակը` ըստ անհրաժեշտության` ահազանգել շտապօգնություն կամ դիմել բժշկի: Ամեն դեպքում՝ հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը:

Ցնցումային նոպաներ

Վնասվածքների, տարբեր հիվանդությունների, տենդի, վարակի, թույների ազդեցության հետեւանքով երեխաները կարող են ցնցումային նոպաներ ունենալ: Դրանք ավելի հաճախ զարգանում են մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով:
Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեեւ ծնողները սովորաբար ահաբեկվում են` երեխային անսպասելիորեն այդ վիճակում տեսնելով: Պետք չէ մեղադրել երեխային: Հիշեք, որ ո՛չ երեխան, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան:

Ի՞նչ անել

– Մի՛ փորձեք դադարեցնել նոպան: Մի՛ բռնեք երեխային, քանի որ այդ անօգուտ քայլը կարող է միայն լրացուցիչ վնասվածքների պատճառ դառնալ:
– Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք երեխայի գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ:
– Մի՛ փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջեւ:
– Նոպայից հետո երեխան սովորաբար քնկոտ եւ ապակողմնորոշված է լինում: Ցնցումների ավարտից հետո պառկեցրեք նրան կողքի վրա, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները` թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել:
– Հանգստացրեք երեխային: Մնացեք նրա կողքին, մինչեւ գիտակցությունը լրիվ վերականգնվի:
– Ահազանգեք շտապօգնություն:

Տենդային ցնցումներ

Եթե ցնցումների պատճառը երեխայի բարձր ջերմությունն է, բացի վերը նշված քայլերից, անհրաժեշտ է ձեռնարկել նաեւ միջոցներ` մարմնի ջերմությունը իջեցնելու ուղղությամբ, սակայն պետք է խուսափել երեխային գերսառեցնելուց:
– Թեթեւացրեք երեխայի հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակություն:
– Երեխային շփեք գոլ ջրով թրջված սպունգով` շարժվելով գլխից դեպի ոտքեր:
– Տվեք երեխային ջերմիջեցնող դեղամիջոց (պարացետամոլի հաբեր, մոմիկներ կամ օշարակներ):

 

Նյութը` ըստ doctors.am

 

«Առավոտ»

09.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031