Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատավորը Էրդողանին անվանեց «խելագար նախագահ» հայերի հայցով դատավարության ժամանակ

Օգոստոս 09,2016 23:50

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Միացյալ Նահանգների իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ երկու դատական հայցերի առնչությամբ՝ Թուրքիայի կողմից 1915-23 թվականներին բռնագրավված հայկական կալվածքների վերաբերյալ. Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի: 2013 թ. շրջանային դատարանը մերժել էր այս երկու հայցերը՝ հիմնավորելով, որ իրենք գործ ունեին մի քաղաքական հարցի հետ, որը ոչ թե դատարանների, այլ ընտրված պաշտոնյաների անձանց ենթակայության տակ էր:

Դատարանում հայ հայցվորներին ներկայացնում էին Քեթրին Լի Բոյդը (Brownstein Hyatt Farber Schreck) և Մարկ Կիրակոսը (Geragos & Geragos): Թուրքական կողմը ներկայացնում էր Նիլ Սոթմանը (Mayer Brown): Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորների կազմում էին Ալեքս Կոզինսկին, Սթիվն Ռայնհարդը և Քիմ Ուորդլոն:

Երեք դատավորներն էլ հայտարարեցին, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի օտարել իր քաղաքացիների սեփականությունը, և ամերիկյան դատարանը իրավասու չէ միջամտել նման դեպքերում, բացառությամբ, եթե դրանք ուղեկցվել են միջազգային իրավունքի խախտումներով կամ ցեղասպանությամբ:

Դատավոր Կոզինսկին մի քանի անգամ կասկածի տակ դրեց իրավաչափությունը Հայոց ցեղասպանության հղումների, քանի որ երկու հայկական հայցերից մեկում այն նշված էր որպես հայց ներկայացնելու հիմքերից մեկը: «Մեր կառավարությունը դեմ է սա ցեղասպանություն անվանելուն: Կարող եմ ասել, որ մեր կառավարությունը բավականին անդրդվելի է եղել, որ սա ցեղասպանություն չէ», պնդեց դատավոր Կոզինսկին: «Դաշնային դատարանները ստիպված պետք է ընդունեն մի դիրքորոշում, որը հնարավոր է հակասի այն դիրքորոշմանը, որին տասնամյակներ շարունակ հարել է մեր կառավարությունը, նրա գործադիր իշխանությունը»:

Երբ Մարկ Կիրակոսը տեղեկացրեց դատավոր Կոզինսկուն, որ թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և թե՛ նախագահ Ռեյգանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատավոր Կոզինսկին տարօրինակ պատասխան տվեց. «Նախագահ Ռեյգանը… տասնամյակներով նախագահ չի եղել»:

Դատավորի մեկնաբանությունը անհեթեթություն էր: Ցեղասպանության և դրա ճանաչման փաստերը չեն փոխվել, միայն այն պատճառով, որ այդ ողբերգական իրադարձությունները և դրանց ճանաչումը տեղի են ունեցել տասնամյակներ առաջ… Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված մի պաշտոնական փաստաթղթում:

Դատաքննության ողջ ընթացքում, դատավոր Կոզինսկին համառորեն հարցնում էր հայցվորների փաստաբաններին, թե արդյոք նրանք համաձայն են մի կողմ դնել Հայոց ցեղասպանության հարցը սույն դատական հայցով: Ի վերջո, փաստաբան Կիրակոսը համաձայնեց, որպեսզի ճանապարհ հարթի հայցի քննարկման համար, մանավանդ որ առկա էին միջազգային իրավունքի տասնյակ այլ խախտումներ թուրքերի կողմից, որոնք ապահովում էին իրավասության պահանջները:

Փաստաբան Բոյդը նշեց, որ անհրաժեշտություն չկա ապացուցել ցեղասպանության փաստը դատական հայց ներկայացնելու համար՝ ըստ 1976 թ. «Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի» (FSIA): Իրականում, «մարդկության դեմ հանցագործությունները» նաև միջազգային իրավունքի խախտումներ են: 1915 թ. մայիսի 29-ին, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ մեղադրելով թուրքական իշխանավորներին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար և զգուշացրել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն այդ ոճրագործությունների համար:

Դատավոր Կոզինսկին հարցրեց նաև, թե որն է հայցեր ներկայացնելու պատճառը այդ դեպքից 100 տարի անց, որին ի պատասխան Մարկ Կիրակոսն ասաց, որ ըստ FSIA-ի, վաղեմության ժամկետ գոյություն չունի: Նա նաև նշեց, որ անցած ժամանակը ոչ մի նշանակություն չունի, քանի որ առկա է «շարունակվող խախտում», որովհետև Թուրքիան պահել է այդ կալվածքները և հաշվեգրված վարձավճարներ չի վճարել հայ սեփականատերերին տասնամյակներ շարունակ:

Կիրակոսը նաև ասաց դատավոր Կոզինսկուն, որ ինքնիշխան պետության կողմից իր սեփական քաղաքացիների ունեցվածքի օտարման հայեցակարգն այս դատական գործով չի կիրառվում, քանի որ հայերը զրկվել են իրենց քաղաքացիությունից թուրքական պաշտոնական հրամանագրերով և արտաքսվել երկրից:

Միայն այն բանից հետո, երբ փաստաբան Բոյդը բացատրեց դատավոր Կոզինսկուն, որ հայկական կալվածքների բռնագրավվումը թուրքական կառավարության կողմից եղել է «կամայական և խտրական», թվաց, թե դատավորը հասկացավ խնդիրը և ասաց թուրքական կառավարության փաստաբան Նիլ Սոլթմանին, որ տարբերություն կա,  օրինակ, Կոնեկտիկուտում հանրային գերակա շահի պատճառով տան օտարման և որոշակի ռասայի կամ կրոնի պատկանող անձանց բոլոր տների գրավման մեջ, որը միջազգային իրավունքի խախտում է, և, հետևաբար օրինականորեն դատելի է Միացյալ Նահանգների դատարանում:

Վերջապես, դատավոր Ուորդլոյի կողմից մի առերևույթ պատահական դիտողությունը՝ Թուրքիայի նախագահին հիշատակելիս որպես «այս խելագար նախագահը», կարող է նշանակել, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հոգնել են Էրդողանի «խելագար» արարքներից և այսուհետև թույլատրեն արդարադատության համակարգին նկատի ունենալ մարդու իրավունքների թուրքական կոպիտ խախտումների հետ կապված դատերը և չեն թաքնվի քաղաքական շարժառիթներով պայմանավորված քողարկումների հետևում:

Ակնկալվում է, որ Դաշնային վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի առաջիկա 90 օրվա ընթացքում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031