«Գոյություն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծվել են»,- օգոստոսի 9-ին Հայաստանի սահմանագծի հյուսիս-արեւելյան հատվածի դիրքերից մեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող այնպես անել, որ այդ պայմանագրերում հայկական կողմի շահերը լիարժեք ընդգրկված չլինեին. «Կարծում եմ՝ հաշվի առնելով այդ ամենը մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է, եթե Հայաստանի Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվի:
Գիտենք, որ այս ժամանակահատվածում՝ քառօրյա այս մարտական գործողությունները եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, շատ կարճ տեւեց: Հենց նույն Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որ այդ մարտական գործողությունները կանգնեցվեն եւ շարունակություն չլինի: Դրա շարունակությունն է, որ այսօր բանակցային գործընթացը ինտենսիվացել է՝ խաղաղ քաղաքական ճանապարհով կարգավորման համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ