«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվություն ենք մենք տեսնում»,- օգոստոսի 9-ին Հայաստանի սահմանագծի հյուսիս-արեւելյան հատվածի դիրքերից մեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրները, հատկապես Ռուսաստանի Դաշնությունը, աշխատանքներ են տանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ եղանակով. «Բոլորս հասկանում ենք, որ պետք է պաշտպանվեն միջազգային բոլոր նորմերը՝ ուժի չկիրառումը, ժողովրդի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Այս ամենի համադրմամբ էլ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը, Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության եւ լայն կապի շրջանակներում ապրելը, կարողանանք նրան հասնել»:
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ եթե կողմերի միջեւ կան փոխադարձ համաձայնություններ, կա երկխոսություն, ապա պատրաստակամություն պետք է երկուստեք լինի. «Ես միշտ ասել եմ եւ այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վտանգի ենթարկելու պայմաններում, այսինքն՝ ագրեսիայի եւս մեկ անգամ սանձազերծման պայմաններում ե՛ւ պաշտպանության բանակը, ե՛ւ համագործակցության շրջանակներում՝ հայկական բանակը ամեն ինչ անելու են, որ Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հող պաշտպանվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ