Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Իրանը տեսնում է, որ Հայաստանը որպես գործոն չկա, էլ մեր գոռալը որեւէ իմաստ չունի». Հայրիկյան

Օգոստոս 09,2016 22:15

«Ռուսաստանը մեզ դարձրեց իր կցորդը, որպեսզի նույնիսկ մեր տարածաշրջանային հարցերում մեզ խաղից դուրս թողնեն: Ակնհայտ է դառնում, որ մենք իսկապես պիտի շուտափույթ կերպով ազատագրվենք մեզ համար կործանարար ՌԴ-ի գերիշխանությունից: Այսինքն, ուրիշ բաների մասին խոսելը, թե Սերժ  Սարգսյանը սա չարեց, ընդդիմությունը սա չարեց՝ սրանք բոլորը ժամավաճառություն են»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց ՌԴ-Ադրբեջան-Իրան հանդիպումների եւ տարածաշրջանային նոր ձեւաչափի հետ կապված մեր հարցին, թե գնացքից դուրս չե՞նք մնացել:

Հայրիկյանի խոսքերով՝ մենք մի խնդիր ունենք, Հայաստանը պիտի դառնա  իսկապես անկախ, իսկ ՌԴ-ից անկախացած երկրները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ կամ ՆԱՏՕ-ի դաշնակից. «Այլ  ճանապարհ չկա, քաղաքակրթական ընտրության հարց չկա՝ կա՛մ Ռուսաստանի ստրուկն ես, կա՛մ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ սերտորեն աշխատող պետություն»:

Մեր դիտարկմանը, որ բոլոր հարցերում Պուտինին ենք մեղադրում, բայց մենք Իրանի հետ ունենք մեր հարաբերությունները, Պուտինն էլ կարող է ասել՝ թող ձեր երկրում կոռուպցիա չլիներ, երկաթգիծ կառուցեիք, ամեն ինչում մեղադրել իրե՞ն՝  Պարույր Հայրիկյանն արձագանքեց, որ Պուտինն արդեն դա ասում է. «Ցանկացած իմպերիալիստ միշտ այդպիսի մեղադրանքներ է ներկայացնում: Իսկ մենք այլ խնդիր ունենք՝ Պուտին, գնա քո  տուն: Ամբողջ աշխարհն է նրան այդ բանն ասում, մենք էլ պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ»:

Ինչ վերաբերում է Իրանին, Պարույր Հայրիկյանն ասաց. «Իրանն էլ ուրիշ երկրների հետ ունի իր հարաբերութունները: Իրանը պետք է տեսնի՝ Հայաստանը որպես գործոն կա՞, թե՞ չկա: Երբ տեսնում է, որ չկա, էլ մեր գոռալը որեւէ իմաստ չունի: Եթե Հայաստանի էլեկտրացանցերը պատկանում են ՌԴ-ին, գազամատակարարման համակարգը եւ ընդհանրապես  ողջ քաղաքականությունը ենթակա է ՌԴ-ին, եթե Իրանից ներկրվող  ապրանքների վրա դրվում են Մոսկվայից սահմանած տուրքերը, Իրանը ինչո՞ւ պետք է մեզ լուրջ վերաբերվի: Իրանը մեզ կարող է լուրջ վերաբերվել եւ ինչ-որ չափով մեզ լուրջ գործընկեր համարել, եթե զգա, որ մենք կանք: Բայց երբ չկանք, առաջին հեթին պետք է պայքարենք լինելու համար»:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ ամեն դեպքում ելք կա, պետք է կայանանք ու ասենք՝ «օտար նվաճողներ, դո՛ւրս այստեղից: Գնացքը դեռ չի գնացել, մենք դեռ ներուժ ունենք»:

Մեր հարցին՝ եթե իշխանությունը փոխվի, ինչ-որ բան կփոխվի՞՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Տեսեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը տվեց, եթե ինքը հրաժարական էր տալիս, պիտի մինչեւ այդ կառավարությունը փոխանցեր, օրինակ, Վազգեն Մանուկյանին, այն ժամանակվա մեր թիմին: Բայց, եթե ինքը տվեց իր դրածո Ռոբերտ Քոչարյանին եւ իր կամակատար Վազգեն Սարգսյանին, իրենք իրար մեջ բաժանեցին իշխանությունը: Եթե Սերժ Սարգսյանն այսօր իշխանությունը տա որեւէ մեկին Դաշնակցությունից, ԲՀԿ-ից, այսինքն, ռուսական ստրուկներից որեւէ մեկին տա, դրանով բան չի փոխվում: ՌԴ-ի  գերիշխանությունը ՀՀ-ում անհրաժեշտ համարողները բոլորը նույն թիմի մարդիկ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031