Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի սահմանագծի հյուսիս-արեւելյան հատվածի դիրքերից մեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքը:
«2016 թվականին մենք առաջնորդվել ենք «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով եւ տարին հայտարարել ենք հրամանատարական պատրաստվածության տարի: Դա նշանակում է, որ շեշտը դրվելու է հենց հրամանատարների գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների կատարելագործմանը, որոնք էլ ապահովելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ընդհանուր զարգացումն ու առաջընթացը»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրը պատվով են կատարել. «Ապահովելով եւ ստեղծելով ազգային նաեւ միջազգային երաշխիքներ՝ մենք առաջին հերթին սահմանների պաշտպանության, մարտական հերթապահության իրականացմամբ ապահովել ենք հայ ժողովրդի խաղաղ անդորրը: Եթե խոսելու լինեինք ազգային երաշխիքների մասին, ապա մենք, անկասկած, հիմնական շեշտը դնում ենք այն գործոնների վրա, որոնք որ ապահովում են ժամանակակից համազորային մարտական գործողություններում մարտի հաղթանակով ելքը: Դա առաջինը զինվորն է, երկրորդը՝ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան»:
Նախարարը ասաց, որ իրենք անցկացրել են զորավարժություններ եւ մարզումներ, ինչի հիմքում նոր մարտավարության, գործողությունների նոր ձեւերի, մարտակարգերի ձեւավորման, դժվար իրավիճակներում արձագանքելու եւ համապատասխան գործողություններ իրականացնելու մարտավարությունն է. «Կարող եմ ասել, որ այսօր հայկական բանակը պատվով է կատարում իր առջեւ դրված խնդիրները մեր նվիրված հրամանատարների եւ զինվորների ծառայության արդյունքում, որոնք անտրտունջ այս բարձրունքների վրա պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Իհարկե՛, մենք չափազանց դժվար իրավիճակում առաջին կիսամյակը անցկացրեցինք:
Կարդացեք նաև
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նաեւ այն առանձնահատկությունները, որոնք որ եղել են հայկական բանակի կազմավորման ակունքներում, այսինքն՝ հայ ժողովրդի միասնությունը, արագ կերպով համագործակցության իրականացումը, վերախմբավորումները, կամավորական շարժման իրականացումը, աջակցությունը բանակին, չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ