Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշադրություն ու միջատներ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»

Օգոստոս 09,2016 21:35

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, 29–ամյա Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը: Դատարանի որոշումը կհրապարակվի վաղն առավոտյան: Հովհաննես Հարությունյանի պաշտպան՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությանը ներկա Հովհաննեսն իր ծանր առողջական վիճակով հուզել էր դատավարական բոլոր կողմերին:

Փաստաբանի խոսքով, Հովհաննեսը դատարան էր բերվել պատգարակով, նա ցավերի մեջ էր. «Բոլոր ներկաները հուզվել էի նրա անօգնական վիճակից ու այն ամենից, ինչ նկարագրվեց պաշտպանական կողմից: Հովհաննեսը չի կարողանում տեղաշարժվել, իսկ պահման վայրում՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան սանիտարահիգիենիկ պայմաններ, մշտական բուժհսկողություն եւ այլ խնդիրներ կան»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչով կբացատրի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պնդումները, թե այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» եւ լավ պայմաններ է արձանագրել:

Հիշեցնենք, որ պարոն Բալասանյանն ասել էր. «Ովքեր նման հայտարարություններ են անում, ես պատրաստ եմ օրվա ցանկացած ժամի, իրավապահների թույլտվությամբ իրենց հետ այցելել, ընդհուպ «Դատապարտյալների հիվանդանոց», այցելել կալանավայրեր, եւ թող ինձ ապացուցեն: Ես երեկ անձամբ եղել եմ «Դատապարտյալների հիվանդանոցում», հանդիպել եմ բոլոր վիրավորներին, կարող եմ ասել, կան հիվանդասենյակներ, որտեղ Արամ եւ Պավել Մանուկյաններն են, հանրապետության որեւէ հիվանդանոցում այդպիսի լավ վիճակի հիվանդասենյակ չկա»:

Փաստաբանն ի պատասխան ասաց. «Երեւի չեն ցանկանում ներկայացնել այն, ինչ իրականում կա: Ինքս այցելում եմ եւ տեսնում, կոնկրետ իմ պաշտպանյալին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին մի քարանձավ, հետո հիվանդասենյակ, միայն պատերն են փոխվել. նույն միջատներն են, նույն անուշադրությունը»:

Փաստաբանին այդօրվա դատաքննությունը հույս է ներշնչել, որ դատարանը կբավարարի բողոքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Manandyan says:

    Ընդամենը կնշեմ,որ ասյ երիտասարդ փաստաբանը կամ ստախոս է,կամ ինչ որ բան շփոթում է… երևի թե միկռաֆոնների պատճառով։Երևում է,որ աղջնակը արագ առաջ գնալու ուղիներ է փնտրում… չհասկանալով այն պարզ ճշմարտությունը,որ սուտ խոսելով երկար ճանապարհ չեն անցնում։Իր դեղնակտուց հալին Արցախի հերոս գենեռալի խոսքերը կասկածի տակ է դնում։Ինչքան էլ պաշպանում ես էտ թեկուզ լավ տղային/կապ չունի ում/,էլի մեկէ սուտ խոսել չի կարելի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031