Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիտալի Բալասանյանը կարծես այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն». Արթուր Սաքունց

Օգոստոս 09,2016 21:07

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակասություններ է արձանագրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունում:

Մասնավորապես այն առումով, թե Սերժ Սարգսյանը չի խախտել խոստումը, ինչպես փաստում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հրապարակած ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը վստահեցրել է. «Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, Ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել»:

Պարոն Սաքունցն էլ զարմանում է. «Արդյոք եղե՞լ է կապ Սեֆիլյանի ու տղաների միջեւ, նույն ձայնագրության մեջ Վարուժանն է ուղղակի դիմում Բալասանյանին՝ ասելով՝ թողեք կապ լինի Սեֆիլյանի հետ, որ գոնե մեկ բառով ասի՝ զենքերը վայր դրեք:

Եթե խումբը ի սկզբանե ասել էր՝ լսում են միայն իրենց հրամանատարին եւ դրա համար թող գնա բանակցություն, հանդիպում կամ խոսակցություն Սեֆիլյանի հետ, եթե գնացել է միջնորդավորված բանակցություն Ժիրայր Սեֆիլյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, հարց է առաջանում Ժիրայր Սեֆիլյանը հնարավորություն ունեցե՞լ է իր դիրքորոշումը հայտնել խմբին, ձայնագրությունից երեւում է՝ ոչ: Ինչի մասին է խոսքը»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաքունցն ասաց, որ դիտորդական խմբի շրջանակում փորձել է այցելել Ժիրայր Սեֆիլյանին, բայց չեն թույլատրել. «Որոշել էի այցելել, որ տեսնեի, այս իրադարձությունների հետ կապված որոշակի մտահոգություններ չկան, վերաբերմունքի եւ այլ հարցերի հետ կապված, արգելեցին Սեֆիլյանի հետ հանդիպումը: Այ սա է կարեւոր հարց, որ ոչ միայն Սեֆիլյանի, այլեւ «Սասնա ծռերի» հետ կապ ունեցող մարդկանց, դիտորդական խմբի անդամներին չեն թույլատրում հանդիպել, բայց թույլատրում են Բալասանյանին եւ այլ մարդկանց:

Պետությունը չի թույլատրում, խոչընդոտում է այդ առաքելությանը, ինչը շատ տարօրինակ է, փաստորեն, պետությունը իր ձեռքով իր իսկ կողմից սահմանված նորմերն է խախտում»:

Պարոն Սաքունցը թերահավատորեն է մոտենում Բալասանյանի այն պնդմանը, թե «Սասնա ծռերը» շնորհակալություն են հայտնել իշխանություններին, որ արյունահեղություն չեղավ:

«Չեմ հավատում, որովհետեւ արյունահեղություն չեղավ հենց «Սասնա ծռերի» դիրքորոշման ու ինքնակամ զենքերը վայր դնելու հետեւանքով, ոչ թե իշխանությունները քայլեր կատարեցին, որ արյունահեղություն չլինի: Իշխանությունները բացահայտ զենք էին կիրառում եւ «Սասնա ծռերի» տղաներին շարքից հանում էին, երկու օր անց տարածված ԱԱԾ հաղորդագրությունն էլ հաստատեց, որ իշխանությունը արյունահեղության է պատրաստ գնալ:

Վիտալի Բալասանյանի ասածը նաեւ բոլորովին չի համապատասխանում փաստաբանների ահազանգերին՝ կապված վիրավորների առողջական խնդիրների, նրանց պահման պայմանների հետ: Վիտալի Բալասանյանը կարծես այցելել է ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ կամ «Դատապարտյալների հիվանդանոց», այլ «Էրեբունի» բժշկական կենտրոն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031