Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» Վիտալի Բալասանյանին են շնորհակալություն հայտնել, ոչ թե իշխանություններին». Արմենակ Կյուրեղյան

Օգոստոս 09,2016 19:45

«Սասնա ծռերի» անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը շնորհակալ է ոչ թե իշխանություններին, այլ «Սասնա ծռերին», որ արյունահեղություն չեղավ:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե ինքը այցել է Սասնա ծռերին. «Բոլոր վիրավորները գոհ են, շնորհակալ են անձնակազմից: Շնորհակալություն են հայտնել իշխանություններից, իրավապահ մարմիններից, որ մենք, վերջապես, զերծ մնացինք հերթական արյունահեղությունից», Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ չի հավատում, որ «Սասնա ծռերը» շնորհակալություն հայտնած լինեին իշխանություններին:

«Իմ շնորհակալությունն ուղղված է «Սասնա ծռերին», որ իրենք այնքան գիտակից գտնվեցին, որ մի կողմ դրեցին բոլոր ամբիցիաները եւ զենքը հանձնեցին, ու արյունահեղություն չեղավ: Թե Վիտալի Բալասանյանն ինչ է ասել, թող ինքն էլ մեկնաբանի: Ես կարող եմ ասել, որ Վիտալի Բալասանյանն իրոք լումա ունեցավ այս ամենի մեջ, իսկ իշխանությունները՝ ոչ: Իշխանությունները պատրաստ էին հենց այդ նույն օրը արյուն թափել: «Սասնա ծռերի» բարձրացրած պահանջներից ոչ մեկին ընդառաջ իշխանությունը նույնիսկ կես քայլ չի արել, ինչի մասին է  խոսքը»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Նրա խոսքով, իշխանություններն ունեն քարոզչամեքենա ու իրենց պրոպագանդայի ողջ զինանոցն օգտագործում են. «Մենք այդքան միամիտ չենք, որ չհասկանանք այդ ամենը: Եթե իշխանություններն, իրոք, ուզում են փոփոխություն անել, բոլորս գիտենք՝ ինչ է նշանակում փոփոխություն՝ հրաժարական եւ ճիշտ երկիր, ճիշտ Սահմանադրություն, այդ Սահմանադրությունը պետք է հեչ անել, չէ՞ որ Սահմանադրությունը կեղծիքներով է ընտրվել»:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նաեւ ասել էր, որ եղել է «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, հանդիպել  Արայիկ Խանդոյանին, Թորոս Թորոսյանին, Արեգ Կյուրեղյանին. «Նորմալ է ամեն ինչ: Եվ ավելին ասեմ՝ նրանք էլ են շնորհակալություն հայտնել»:

Արմենակ Կյուրեղյանը ճշգրտեց, թե ում շնորհակալություն հայտնած կլինեն տղաները. «Կարող է հենց իրեն են շնորհակալություն հայտնել, ես էլ շնորհակալություն կհայտնեի իրեն, որ ինքը միջնորդ դարձավ, ամեն ինչ արեց, որ խաղաղ լինի, բայց ոչ իշխանություններին: Տղաներից ոչ մեկից չեմ սպասում, որ իշխանություններին շնորհակալություն հայտնած լինեն»:

Պարոն Կյուրեղյանի կարծիքով, որպեսզի հասկանալի լինի, ով է ճիշտ, ով՝ սխալ Սերժ Սարգսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման չկայանալու պատճառների առումով, պետք է  խոսափող տալ Ժիրայր Սեֆիլյանին:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իրականում Սերժ Սարգսյանը ոչ մի խոստում էլ չի դրժել, այդ Սեֆիլյանն է դրժել, որի արդյունքում չի կայացել հանդիպումը: Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից էլ հրապարակվել էր ձայնագրություն, որը փաստում էր հակառակը:

Ի դեպ, այդ ձայնագրությունը պարոն Բալասանյանը համարել էր մոնտաժված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031