Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի շնորհավորանքը՝ հաց բերող տղային. «Ժողովրդի համակրանքը, սիրտը Արթուր Սարգսյանի կողմն է»

Օգոստոս 09,2016 16:44

Այսօր ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբին հաց տանող տղայի՝ «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի ծննդյան 48-ամյակն է:

Ֆեյսբուքը ողողված է Արթուր Սարգսյանին ուղղված շնորհավորանքներով եւ ծննդյան տորթերի լուսանկարներով, որոնք քաղաքացիները եւ Արթուրի ընկերները տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Aravot.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ջերմորեն շնորհավորեց Արթուր Սարգսյանին՝ մաղթելով նրան ազատ արձակում: Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ անգամ նրանք, ովքեր  տորթ չեն տարել Արթուր Սարգսյանին, միեւնույն է, նրանց համակրանքը, նրանց սիրտն էլ Արթուր Սարգսյանի կողմն է. «Ես ամեն տարի ասում եմ, որ մեր իրավապահ համակարգը ՀՀ-ում ավելի միտված է անազատությունը ընտրել՝ որպես խափանման միջոց, քան այլ տարբերակ: Պետք է հաշվի առնվեր այստեղ այդ անձի նկարագիրը, նրա գաղափարները: Այդ տեսակետից հասկանալի է, որ նա փախուստի չէր դիմի: Այդ վիճակում փախուստի դիմելու երեւի թե 1-2 դեպք գիտենք, այն էլ գիտենք, որ դա եղել է իշխանության կամքով: Համաշխարհային պրակտիկայում ապացուցված է, որ ճիշտ է անազատությունը ընտրել միայն ծայրահեղ դեպքերում: Բայց ցավոք, Հայաստանում դեռ ընտրում են ամենակոշտ ձեւը, այդ սովորույթը դեռ մնում է: Ես անձամբ այս դեպքում չեմ տեսնում որեւէ հիմք, որը թույլ չտար փոխել այդ խափանման միջոցը»:

Արթուր Սարգսյանը նաեւ 2-րդ խմբի հաշմանդամ է: Մեր հարցին՝ սա գոնե հիմք չպե՞տք է լիներ, որ նրա նկատամբ այլ խափանման միջոց ընտրվեր, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Անշուշտ: Ես երբ ասում եմ նկարագիրը՝ նկատի ունեմ ոչ միայն նրա գաղափարները, նրա առանձննաահատուկ գծերն էլ, այդ թվում՝ հաշմանդամությունը: Ինձ համար դա ոչ պակաս կարեւոր է, քան երկրորդը: Պետք է համոզված լինեն, որ նա փախուստի չի դիմելու, օրենքը դա է ասում»:

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ եթե նույնիսկ Արթուր Սարգսյանը գումար չունի, որ գրավը մուծի, նրանք, ովքեր բերում են այդ տորթերը, նույն կերպ գումար կհավաքեն շատ արագ ու կվճարեն Արթուր Սարգսյանի ազատության դիմաց. «Անշուշտ, ժողովրդի համակրանքը այդ տղայի կողմն է, հաշվի առելով դա՝ կարելի էր դիտարկել դա՝ որպես ժողովրդի հետ անուղղակի երկխոսության մեջ մտնել: Որեւէ մեկը դա չէր համարի ոչ օրենքի չարաշահում, ոչ էլ պոպուլիզմ: Շատ ավելի խայտառակ վիճակներում խափանման միջոցը փոխել են, չեմ ուզում ասել Սյունիքի մարզի դեպքերը եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031