Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործով հերթական դատական նիստը: Մերի Մարգարյանը մահացել է անցյալ տարի. նրա հարազատները մահվան համար մեղադրում են բժիշկներին:
Այսօրվա դատական նիստին հրապարակվեց առողջապահության նախարարության հանձնաժողովի ներքին քննության եզրակացությունը: Այսպիսի քննություն նախարարությունը կատարում է բոլոր մայրական մահացածությունների դեպքերով:
Ըստ նախարարության ներքին քննության արդյունքների՝
1.Հղիի նախածննդյան հսկողությունը եւ հետազոտությունները կատարվել են չափորոշչին համապատասխան:
Կարդացեք նաև
2.Նախածննդյան հսկողության ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել:
3.Համաձայն Շենգավիթ բժշկական կենտրոնից տեղափոխման էպիկրիզի՝ հղիի մոտ ջերմությունը սկսվել է 23.07.2015-ից՝ տատանվելով 37,5-ից մինչեւ 39,1, եւ այնուհետեւ շարունակվել է 24.07.2015-ին (ըստ մերժման մատյանի), որը ֆիքսված է նաեւ հղիի ամբուլատոր քարտում: Նշանակվել է ամբուլատոր բուժում, հեղուկներ, պարացետամոլ եւ Վիտամին C:
4.Հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ հաշվի առնելով հղիի բարձր ջերմությունը, անհրաժեշտ էր հղիին հոսպիտալացնել բժիշկին դիմելուց՝ 23.07.2015թ.-ին, այլ ոչ թե 26-ին, հոսպիտալացումը եղել է ուշացումով:
5.Աննպատակային էր հղիին բուժումը նշանակել ամբուլատոր պայմաններում, դեռ 27.03.2015թ անհրաժեշտ էր բուժումն իրականացնել ստացիոնարի պայմաններում:
Ապա նույն եզրակացության մեջ նշվում է, որ հաշվի առնելով աճող պրոտեինուրիան, պտղի աճի դանդաղումը, սակավաջրությունը, ընդհանուր եւ ուղղակի բիլիռուբինի բարձրացումը եւ այլն, մասնագետները նշել էին, որ հարկավոր էր մտածել հազվադեպ հանդիպող ծանր ընթացող գեստոզի՝ HELP սինդրոմի մասին, բարդացած պոլիօրգանային համախտանիշներով:
Ըստ ԱՆ եզրակացության՝ «Նման մանկաբարձական իրավիճակը պահանջում էր շուտ, արագ ծննդալուծում կեսարյան հատման ճանապարհով, որին, սակայն, հավանական է խոչընդոտել է գեստոզի ատիպիկ ընթացքը եւ բարձր ջերմությունը»:
ԱՆ ուսումնասիրության եզրակացության մեջ նաեւ նշվում է, որ կան որոշակի հակասություններ Էրեբունի հիվանդանոցի բժիշկների կողմից լրացված համապատասխան քարտում հղիի վիճակի մասին: Հակասություններ կան նաեւ Շենգավիթ եւ Էրեբունի Բ/կ-ի համարյա միաժամանակյա կատարած գործիքային հետազոտությունների արդյունքների միջեւ. մասնավորապես պտղի գերձայնային հետազոտության՝ 27.07.2015թ.-ին Շենգավիթում նշվում է պտղաջրերի նորմալ քանակ, այնուհետեւ՝ սակավաջրություն, ՊՆԱԴ-ի 1-ին աստիճան, իսկ Էրեբունիում՝ պտղաջրերի բացակայություն: Նշվում է, որ հիվանդության պատմագրում այլ անհամապատասխանություններ եւ անընթեռնելի հատվածներ կան:
Որպես ամփոփում, ըստ առողջապահության նախարարության, ներքին քննության արդյունքներում մահվան պատճառ է նշված հազվադեպ հանդիպող, ծանր ընթացող գեստոզը՝ HELP համախտանիշը, որը հանգեցրել է պոլիօրգանային անբավարարության:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկայացվել է 17 բժիշկներից կազմված հանձնաժողովի եզրակացությունը՝ Մերի Մարգարյանին տրամադրված բուժօգնության վերաբերյալ: Ըստ այդ եզրակացության. «Պետք է կատարվեր ավելի շուտ ծննդալուծում, այդ թվում նաեւ կեսարյան հատման միջոցով. նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանին եւ նորածնին փրկելու հավանականությունն ավելի մեծ կլիներ»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերին, դատավորն արձակուրդ է մեկնում:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է անցյալ տարի կեսարյան հատումից հետո: Մերիի մահվան հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Մերի Մարգարյանի բժիշկը «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Շենգավիթ» բուժկենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին: Շուշանիկ Բախշյանն ազատվել էր կալանքից գրավի դիմաց, Անի Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ