Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է քաղաքապետարանը խնամված գազոնի վրա օբյեկտ կառուցելու թույլտվություն տվել. Անահիտ Բախշյան

Օգոստոս 09,2016 15:06

Արդեն մի քանի ամիս է, որ Երևանի Դավթաշեն համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 շենքերի դիմացի կանաչ, գեղեցիկ, խնամված գազոնի վրա 24.05.2016թ. քաղաքապետարանի կողմից առևտրի օբյեկտ կառուցելու թույլտվություն է ստացել տիկին Ժենյա Հարությունյանը, ով աջ ու ձախ հայտարարում է, որ այս կերպ քաղաքապետարանը հատուցում է իր զոհված ամուսնու և տղայի կյանքի դիմաց և չի մոռանում շեշտել, որ մի փեշ փող է թափել այդ թույտվությունը ստանալու համար:

Ապշել կարելի է, թե ինչպես է քաղաքապետարանը տվել այդ թույլտվությունը՝ հակասելով շատ օրենքների ու Երևանի ավագանու կայացրած 18.11.2009թ. հ.36-Ն՝ «Երևանի կանաչ տարածքների պահպանման կարգի մասին» որոշմանը: Տարօրինակ է, թե ինչ հիմնավորմամբ է տրվել այդ թույլտվությունը, երբ այդ գազոնը հասարարակության սեփականությունն է:

Թույլտվությունը ստացել է սույն թվականի մայիսին, որը տրվել է առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու, ովքեր կտրականապես դեմ են այդ օբյեկտի կառուցմանը: 2014թ. ապրիլի 30-ի ավագանու որոշումը կա այն մասին, որ ցանկացած նման դեպքերում անհրաժեշտ է ունենալ քաղաքացիների համաձայնությունը, իսկ իրենք դրա մասին իրազեկվում են թուլտվությունը տալուց հետո: Վարչական շրջանի ղեկավար պարոն Բաղդասարյանն անձամբ ինձ ասել է, որ քանի դեռ կա նույնիսկ մեկ բողոքող բնակիչ, ինքը այդ շինարարությունը թույլ չի տալու: Սակայն իրենց հովանավորյալ պատգամավոր Արթուր Գևորգյանը, կարծես այլ կարծիքի է և ամեն գնով ուզում է ցույց տալ իր «ուժը»:

Պարոն Մարգարյան, հենց երեկ Ազատամարտիկների 67 հասցեում գտնվող 6 շենքերի ջուր մատակարարող՝ 2013-ին քաղաքապետարանի որոշմամբ 5,9 ք.մ. սեփականաշնորհված պոմպակայանի տարածքի որոշումը Ձեր ներկայացուցիչը բնակիչների բողոքի ժամանակ չեղյալ հայտարարեց, մարդիկ խոր շունչ քաշեցին, ուրախացան, որ իրենց ձայնը վերջապես լսվեց:

Ի՞նչն է խանգարում, որ նման մի որոշում էլ այս դեպքում կայացնեիք ու այս ժողովուրդն էլ այլևս հանգստանար:

Սերժ Սարգսյանը հուլիսյան դեպքերից դասեր քաղելու մասին խոստումներ է տալիս, ընդ որում դասերը քաղելու մասին խոստումն իշխանությանն էր ուղղված, այսինքն նաև՝ Ձեզ: Պետք չեն բանավոր խոստումներ, պետք է լսել ժողովրդին ու արդարացի որոշում կայացնել՝ այս դեպքում չեղյալ հայտարարելով քաղաքապետարանի տված թուլտվությունը:

Մի՛ հրահրեք ժողովրդին, մի՛ արհամարհե՛ք նրան, գործեք օրենքով ու ծառայեք ժողովրդին, միայն այդ պարագայում չեն կրկնվի հուլիսյան մղձավանջային օրերը:

 

Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031