Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուժաշխատողներից վիճելի պայմաններում են ցուցմունք կորզել». Տիգրան Եգորյան

Օգոստոս 09,2016 14:24

«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունն իրականացնող խմբի փաստաբանները վստահեցնում են, որ  «Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջադրված մեղադրանքն ընդհանրական բնույթ կրող ձևակերպումներից է բաղկացած:

Փաստաբան, խմբի անդամ Մուշեղ Շուշանյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խմբի անդամներից որևէ մեկի գործողություններն անհատականացված չէին, նրանց առաջադրված մեղադրանքն ընդհանրական բնույթ կրող ձևակերպումներից էր բաղկացած: Այս առիթով նա մանրամասնեց. «Որևէ մեկի դեպքում որոշակիացված չէր, թե որտեղից, ինչպես են ձեռք բերել ռազմամթերքը, ինչ հրազենի ու ռազմամթերքի մասին է խոսքը և այլն: Նախաքննության մարմինը որևէ ապացույց չէր ներկայացրել, որով դատարանին հնարավորություն կտար հետևության հանգելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցում»: Ըստ փաստաբանի` նույնը վերաբերվում է  նաև պատանդ վերցնելու և պատանդ պահելու վերաբերյալ մեղադրանքին. «Այդ կապակցությամբ ներկայացված էին ընդամենը երեք բուժաշխատողների ցուցմունքները, որոնք նույնպես որևէ մեկի կոնկրետ գործողության նկարագրություն չէին: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ նրանք գիշերն էին հարցաքննվել, ինչն օրենսդրությամբ թույլատրելի չէ, եթե չկա անհետաձգելիություն: Բուժաշխատողներին որևէ մեկը զենքի սպառնալիքի տակ չի պահել պատանդ»:

Մուշեղ Շուշանյանը տեղեկացրեց, որ զենքը կամովին հանձնելը դիտվում է որպես քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք: Ամփոփելով նա նշեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ չէր կարող «Սասնա ծռեր» խմբի անդամներին այդ հոդվածով մեղադրանք առաջադրվել»:

«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տանող Արթուր Սարգսյանին ևս նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ խմբի անդամներին. սա փաստաբանները զավեշտալի են համարում: Փաստաբան Տիգրան Եգորյանն այս առիթով հայտարարեց. «Մի քանի օր գերլարված ախատանքը պետական մարմինների` ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի, տվել է այս անորակ արտադրանքը, որն օրենքի տառի առումով բացարձակ անպիտան է: Որոշումներն ուղղակի քաղաքական են եղել»:

Հարցին` ինչո՞ւ բարձրաստիճան ոստիկաններին պահելը չի որակվում որպես պատանդ, իսկ բժիշկներինը`պատանդ, պարոն Եգորյանը պատասխանեց. «Քննչական խմբից երևի թե ինչ-որ մեկն ուշադիր կարդացել է  օրենքի համապատասխան հատվածը, և ոստիկանների մասով խմբի անդամներին չի առաջադրվել այդ մեղադրանքը»:

Ըստ Տիգրան Եգորյանի` կասկածելի է նաև բժիշկների` ցուցմունք տալու հայտարարությունը. «Փորձ է արվել այդ մեղադրանքը հիմնավորելու համար գիշերային ժամին բավականին վիճելի` ազատ կամարտահայտման պայմաններում բուժաշխատողներից ցուցմունքներ կորզել և այդ ցուցմունքներով փորձ է արվել հիմնավորել, որ այդ բուժաշխատակիցներն, ի վերջո, իրենց կամքին հակառակ գտնվել են պատանդի կարգավիճակում: Այդ ցուցմունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուժաշխատողների օգտագործած ձևակերպումներն ու բառապաշարն այն բառապաշարը չէ, դրանք չափազանց մեղմ են և չեն համապատասխանում այն որակումներին, որոնք հնարավոր է տալ 218-րդ հոդվածով նախատեսված արարքը որակելու համար: Մեր համոզմամբ` դա այն ծայրահեղ կոմպրոմիսն է, որին բուժաշխատողները գնացել են ու ինչ-որ ցուցմունք տվել»:

Փաստաբանները տեղեկացրին նաև, որ երկու զոհի համար որևէ մեկին քրեական մեղադրանք դեռ առաջադրված չէ:

Փաստաբանների համար նաև անընդունելի է այն, որ առողջական նման վիճակում գտնվող` խմբի անդամներին պահում են անազատության մեջ: Նա հիշեցրեց այն, որ օրինակ, Արամ Հակոբյանին, նույն բժշկական թղթերով 2015-ին դատարանը որոշում էր կայացրել կալանքից ազատել, մինչդեռ այժմ նման բան չի արվում: Կամ Արթուր Սարգսյանը երկրորդ խմբի հաշմանդամ է, նրան արգելված է մեկ կիլոգրամից ավելի քաշ ունեցող իր բարձրացնել, մինչդեռ նրա առողջական վիճակը հաշվի չի առնվել դատարանի կողմից: Էդգար Սողոմոնյանը ճնշման լուրջ տատանումներ է ունենում, որոնց վերաբերյալ որևէ անդրադարձ ու քննարկում դատարանի կողմից չի իրականացվել:

Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանն էլ, հաշվի առնելով իրավապահների` իր ընտանիքի և մյուսների նկատմամբ վերաբերմունքը, և թե ինչպես է ոստիկանությունը օրենք խախտում, գործեր սարքում, առանձնապես հույս չունի արդարադատության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031