Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժենք ընտրությունները կեղծող մեքենան

Օգոստոս 09,2016 22:00

Եվ «մեխանիկաբար» կունենանք ազգային համաձայնության իշխանություն

«Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: ……Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն». սա մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթից, որը հաջորդեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի՝ զենքերը վայր դնելուն:

Ստացվում է, փաստորեն, ներկայիս իշխանությունն ազգային համաձայնության չէ՞: Իսկ լուծումների իրականացումը լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո չէ՞: Ըստ էության, դատելով մեջբերումից, այդպես էլ ստացվում է:
Իսկ ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը ձեւավորվել է 2012-2013 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում, ազգային համաձայնության իշխանություն չէ: Բացի դրանից, «եռյակ-քառյակ»-ների ակտիվությունից հետո ձեւավորված ներկայիս կառավարությունը, ստացվում է, լուծումները լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո չի՞ իրականացնում: Իսկ ինչո՞ւ չի իրականացնում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ ընտրություններն անցան ազատ, արդար, թափանցիկ, «քայլ առաջ» եւ այլն, բայց դրանց արդյունքում ձեւավորված իշխանությունը ստացվեց ո՛չ ազգային համաձայնության, եւ հիմա խնդիր է դրվում, որպեսզի ընդամենը ամիսներ անց մենք ունենանք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:

Ակնհայտ է, որ վերոնշյալ շղթայում ալգորիթմի ինչ-որ լուրջ խզում կա: Աքսիոմայի պես բան է, որ ցանկացած ընտրությունների իմաստը հենց նրանում է, որ ձեւավորվի հենց ազգային համաձայնության իշխանություն: Եվ երբ համաձայն ազգից ստացած համաձայնության, այն է՝ ձայների մեծամասնությամբ ձեւավորվում է իշխանություն եւ կառավարություն, այն ավտոմատ կերպով դառնում է հենց այդ՝ ազգային համաձայնության կառավարություն: Եվ հակառակը՝ եթե ազգը տալիս է իր համաձայնությունը մի բանին, բայց արդյունքում ձեւավորվում է մեկ այլ բան, որը դուրս է այդ համաձայնությունից, ապա այդպիսի իշխանությունն ավտոմատ կերպով ազգային համաձայնության իշխանություն չէ:

Այս ամենն, իհարկե, զուտ տեսական, բայց եւ տրամաբանական դատողություններ են, որոնք անհրաժեշտ են խնդիրը եւ նրա լուծումը պարզեցնելու համար:
Եվ ուրեմն, ընտրությունները, որոնց արդյունքում ձեւավորվել է ներկայիս իշխանությունը եւ կառավարությունը, ազատ եւ արդար չեն եղել: Այսինքն՝ ազգն ընտրել է, իր համաձայնությունը տվել է մի բանի, բայց ստացել մեկ այլ բան, այլ իշխանություն, ո՛չ «ազգային համաձայնության» իշխանություն:

Եվ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի այդ տերմինը, եթե ընտրություններն անցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ: Իհարկե, «ազգային համաձայնության իշխանություն» բառակապակցության մեջ ինչ-որ մոգական բան կա առաջին հայացքից: Սակայն երկրորդ հայացքից դժվար չէ գալ այն պարզ եզրակացության, որ ներկայիս իշխանության եւ կառավարության կողքին այդ մոգական բառակապակցությունը չի «կպնում» հենց այն պատճառով, որ ընտրությունների հետ կապված խնդիր կա: Գուցե դրա՞ մասին ասվեր:
Այնուամենայնիվ, քաղաքակիրթ աշխարհը վաղուց է ձեւավորել եւ հաջողությամբ կիրառում է լեգիտիմ իշխանության կազմավորման ստանդարտները, որոնց հետեւելը Հայաստանը ստանձնել է որպես միջազգային պարտավորություն: Եվ ահա ասվում է, որ ամիսներ անց մենք ունենալու ենք… (տե՛ս մեջբերումը): Ի՞նչ է, ընտրությունների ժամանակ «աշխատող» վերարտադրության մեքենան ապամոնտաժվելո՞ւ է: Այլեւս «բարերար» օլիգարխները եւ թաղային հեղինակությունները, որոնք, իհարկե, նույնպես «բարերար» են, թեկուզ ավելի լոկալ, այլեւս չե՞ն կաշառելու կամ ահաբեկելու ընտրողներին, ոստիկանները եւ քրեականները միասնական «ֆրոնտով» չե՞ն ճնշելու «իշխանության կուսակցության» դեմ հանդես եկող թեկնածուների վստահված անձանց, հարկային եւ մաքսային ծառայությունները չե՞ն «խեղդելու» բոլոր նրանց, ովքեր տարածք կամ նյութական միջոցներ են տրամադրել կամ ուղղակի բարոյապես սատարել են ընդդիմադիրներին:

Եթե ընտրությունների էությունը եւ որակը մնալու են «ավանդական» մակարդակի վրա, եւ, ասենք, Գալուստ Սահակյանը փաստելու է, որ այն անցել է «Ադրբեջանից լավ», ապա այդ «ազգային համաձայնության» հետ կապված խնդիրը չի լուծվելու: Իհարկե, հաջորդ անգամ կարելի է խոստանալ, ասենք, «ավելի ազգային համաձայնության» կամ «ազգային ավելի համաձայնության» կառավարություն, բայց միեւնույն է՝ խնդիրը ոչ միայն կմնա չլուծված, այլեւ կունենա չափազանց վտանգավոր հետեւանքներ, որի մասին Սերժ Սարգսյանը մանրամասն խոսեց նույն ելույթում:

60-70-ականների Մերձավոր Արեւելքի կամ Լատինական Ամերիկայի կոռումպացված ռազմա-ոստիկանական ռեժիմների եւ նրանց հակառակորդ՝ զինված արմատական խմբավորումերին բնորոշ գործելակերպերն, անկասկած, արմատապես խորթ են հայ ժողովրդին, նրանք տեղ չունեն եւ չպետք է տեղ ունենան Հայաստանում: Եվ դրանից խուսափելու միայն մեկ եղանակ կա. ապամոնտաժե՛ք ընտրությունները կեղծող այդ մեքենան եւ գնացեք իրապես ազատ, արդար եւ թափանցիկ, միջազգային ստանդարտներին եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան ընտրությունների: Խնդիրը շատ պարզ է. արդյունքում ձեւավորված իշխանությունը եւ կառավարությունը չի՛ կարող «ազգային համաձայնության» իշխանություն եւ կառավարություն չլինել:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

09.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Շատ եմ հավանում այսպիսի կուռ տրամաբանական տեքստեր։ Միայն պարզ չէ, թե ինքան մարդու է այն «տեղ հասնում»։Թվում է թե 100 հազարները վաղուց պետք է սա հասկանաին, բայց երբ խոսում ես մարդկանց հետ, ամեն մեկը մի «խելոք» բան է ավելացնում ու հեռանում բուն նպատակից։

  2. Aram says:

    Շատ լավ հոդված է, որտեղ արտահայտված մտքերը աքսիոմաներ են նորմալ հասարակությունների համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031