Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով:
Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին:
Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։
Ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։
Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:
Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին