Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է փոխանցել Եղիշե Պետրոսյանը հիվանդանոցից

Օգոստոս 08,2016 12:55

«Հայելի» ակումբում Եղիշե Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող, հոգեբան Վերա Սիսերյանը փոխանցեց, որ երգահանը հիվանդանոցից կոչ է արել շարունակել պայքարը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:

Այնուհետև իր վրդովմունքը հայտնեց հուլիսյան իրադարձությունների, քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունների, համատարած բերման ենթարկելու առիթով. «Եղիշեի նման խաղաղարար մարդու` շարժման մեջ գտնվելը պետք է վստահեցնի, որ շարժումն արդար ու տեղին է»:

Նա հայտարարեց, թե մենք իրավունք չունենք այսքան անպատասխանատվությամբ վարվելու մեր հայրենիքի հետ:

Եղիշե Պետրոսյանի ընկեր, երգահան Արտավազդ Բայաթյանը, փաստելով, որ Եղիշե Պետրոսյանի կողքին գտնվեցին բազմաթիվ մարդիկ ու ընկերներ, խոսեց անպաշտպան քաղաքացիների մասին. «Պատկերացնում եք` այդ մարդկանց ինչ գործեր կկարեն, որոնց կողքին ոչ ոք չկա»: Պարոն Բայաթյանը ծիծաղելի համարեց այն, որ Եղիշե Պետրոսյանին ազատազրկել էին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, այն դեպքում, երբ նա նույնիսկ այդ պահին այնտեղ չի գտնվել, արդեն վատացած է եղել առողջությունը. «Նա վիրահատություն է տարել, և այդ պահի սթրեսն ազդել էր իր վրա»:

Երգահանը նաև քննադատության սլաքն ուղղեց կուսակցություններին. «Մեր կուսակցությունները ոնց որ մորգի արտադրանք լինեն. մորգում էլ բազմաթիվ դիակներ կան»:

Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, խոսելով «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին, նշեց. «Լավ ճանաչում եմ Պավլիկին, Արայիկին, Վարուժանին: Մարդիկ են, որոնք մեր երկրի նորագույն պատմության կերտման գործում կարևոր դերակատարություն են ստանձնել: Ես նրանց հետ անձնապես էլ մտերիմ եմ և համարում եմ իմ գաղափարակիցը»:

Տիկին Հովհաննիսյանը նեղսրտած է, որ մեր երկրում գործում է միայն մեկ մարդու կամք ու քմահաճույք. «Պետության բոլոր թելերը գտնվում են իր ձեռքում, և նա խամաճիկների պես խաղացնում է ոստիկանապետին, արդարադատության համակարգը, բանակը: Բոլորն էլ ինքն է»: Դառնալով 800 հեկտար հողերի կորստի մասին` Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Թամար Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես դա չեմ կարող հանգիստ կուլ տալ: Անպետք հողերի համար 100-ից ավելի երիտասարդներ զոհվեցին, ես դա կուլ չեմ կարող տալ»:

Իսկ թե ինչ տվեց «Սասնա ծռերի» ապստամբությունը, տիկին Հովհաննիսյանը մատնանշեց իդեալների փոփոխության փաստը. «Շեկ մազերով, ուռացրած շուրթերով աղջիկների իդեալը ժամանակին լաքած մազերով «Մերսեդես» քշող հարուստի տղաներն էին: Բայց այսօր այդ աղջիկների իդեալը մեր Արամն է Մանուկյան, բոլոր այդ աղջիկները սիրահարված են Արամի հայացքին, դեմքին, խիզախությանը, հայրապաշտությանն ու հայրենիքապաշտությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031