Ջամշլու գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի տարածաշրջանում։ Գյուղը երբեմն անվանում են Ջամուշավան, մինչեւ գյուղի եզդիներով բնակեցվելը այստեղ ապրել են այլ ազգեր, մասնավորապես պարսիկներ։ Իսկ 1830-ական թվականներին, Կարսից գաղթած եզդիները վերաբնակեցրել են այն։
Գյուղն ունի 40 տնտեսություն, բնակիչները հիմնականում եզդիներ են:Համայնքի բնակչությունը կազմում է 284 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%՝ կանայք։ Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 36%, աշխատունակները՝ 58%, հետաշխատունակները՝ 6%։
Զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ ու հենց սա էլ հանդիսանում է գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը։
«Եթե եղանակային պայմանները լավն են լինում փառք Աստծո ժողովուրդը ստացած բերքից չի դժգոհում »,- ասաց գյուղապետ Միրազմ Ուռուսյանը DengeEzdia.com-ի հետ զրույցում:
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավարի խոսքով գյուղը վատ վիճակում չի գտնվում.«Այս վերջին տարիներին ահագին գործ է արվել, վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, ճանապարհները նորմալ վիճակում են, ընդհանուր առմամբ ամեն բան լավ է»։
Գյուղապետի խոսքով , համայնքի փոքր լինելու պատճառով, գյուղի խնդիրների լուծման համար միշտ ակնկալվել է դրսի օգնությունը. «Գյուղը փոքր է , դրա համար մեր միջոցները քիչ են, եթե խնդիր է առաջանում դիմում ենք մեր վերադասներին»։
Ինչպես նշում է պարոն Ուռուսյանը, դպրոցը նույնպես գտնվում է նորմալ վիճակում , կա 36 աշակերտ։ Ազգապահպանմանը նպաստող միջոցառումներ չեն իրականացվում , բացառությամբ մայրենի լեզվի դասընթացների։
«Քաղաքից հեռու ենք ապրում, մարդիկ այդքան հնարավորություն չունեն իրենց երեխաներին ուսման տալու, այդ իսկ պատճառով ուսանողներ չկան, բայց առաջ եղել են»,-ասաց գյուղապետը։
ՍԻՆՋԱՐ լրատվական կենտրոն