Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը տեղի կունենա «Սասնա Ծռեր»-ից Հովհաննես Հարությունյանի կալանքի բողոքարկումը

Օգոստոս 07,2016 18:46

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ա. Ազարյանի նախագահությամբ վաղը նշանակված է «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործով կալանքի բողոքարկման վերաբերյալ առաջին դատական նիստը. դռնփակ դատական նիստում տեղի կունենա Հովհաննես Հարությունյանի (լուսանկարում) կալանքի բողոքարկումը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հովհաննես Հարությունյանի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Ըստ նրա` Հովհաննես Հարությունյանին կալանավորելու մասին որոշումն անհիմն է, քանի որ հուլիսի 26-ին վիրահատվելուց անմիջապես հետո նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց. «Նա զրկված է տեղաշարժվելու հնարավորությունից, ունի հենաշարժողական համակարգի խնդիր, աջ ոտքի հրազենային երկու վնասվածք: Նրան եւս մեկ վիրահատություն է սպասվում` պրոթեզավորում: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց կալանավորել»:

Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ ամեն օր այցելում է դատապարտյալների հիվանդանոց. միայն փաստաբանին է տրված այդ իրավունքը: Ըստ նրա` լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելու եւ իր ջանքերի արդյունքում Հարությունյանին նախորդ` հակասանիտարական վիճակում գտնվող հիվանդասենյակը նախորդ շաբաթ օրը փոխվել է, սակայն նոր հիվանդասենյակը նույնպես համապատասխան չէ` լիարժեք բուժման համար. «Կրկին նույն խավարասերներն էին… կարելի է ասել` միայն պատերն են փոխվել: Նա պետք է տեղափոխվի քաղաքային հիվանդանոց, քանի որ բուժհսկողության կարիք ունի: Այդ փաստն էլ բողոքարկման մի մասն է արտահայտում»:

Հետաքրքրվեցինք` դատապարտյալների հիվանդանոցում կա՞ համապատասխան մասնագետ, քանի որ փաստաբանները բարձրաձայնել էին այդ խնդիրը: Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ է վնասվածքաբան եւ ուժեղ հսկողությամբ բուժսպասարկում. «Դատապարտյալների հիվանդանոցում կան որոշ բժիշկներ, բայց ոչ մշտական: Հովհաննես Հարությունյանը գիշերներն ուժեղ ցավեր է ունեցել, ձայն է տվել, նրան անգամ չեն լսել: Անգամ համապատասխան կոճակ չկա, որ անհրաժեշտության դեպքում կանչի բժշկին: Նման տարրական բաները եւս բացակայում են»:

Հիշեցնենք, որ ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ի հայտարարության` «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը ստանում են պատշաճ բժշկական օգնություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031