«Ադրբեջանի եւ Իրանի միջեւ այսօր կարեւոր փաստաթղթեր են ստորագրվել: Համոզված եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն անկեղծ հիմքեր ունեն»,-այսօր Ադրբեջանի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Apa» գործակալության հաղորդմամբ` մասնավորապես ստորագրվել են Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առաջիկա մի քանի տարում զբոսաշրջային եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության, էլեկտրոնային անվտանգությանն առնչվող համաձայնագրեր, ինչպես նաեւ` «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործման շուրջ հնարավոր գործակցության համաձայնագիր:
Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ռոհանին հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ միավորված երկաթուղու կառուցումը չափազանց կարեւոր է. «Ծրագիրը կֆինանսավորվի հավասարապես. կողմերից յուրաքանչյուրը կֆինանսավորի 50 տոկոսի չափով»:
Հիշեցնենք` ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցություն է սկսում: Նշենք նաեւ, որ վաղը նախատեսված է Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի նախագահների հանդիպումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Իսկ մենք ինչպես միշտ դիտորդի կարգավիճակում ենք