Ավելի մատչելի խմորեղեն դժվար է պատկերացնել. այս տորթի բաղադրության մեջ ոչ ձու կա, ոչ կարագ: Չնայած դրան՝ շատ համեղ է եւ թեթեւ:
Անհրաժեշտ մթերքները
Թթվասեր- 1 կգ (0,5 կգ-ը՝ խմորի եւ 0,5 կգ-ը՝ կրեմի համար)
Շաքարավազ- 1 բաժակ
Կարդացեք նաև
Սոդա- 1 թեյի գդալ
Ալյուր-1,5-2 բաժակ
Շաքարի փոշի-1 բաժակ
Ընկույզ (պարտադիր չէ)- 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
Թասիկի մեջ լցնել 0,5 կգ թթվասերը, սոդան, շաքարավազը եւ ալյուրը: Այս խմորեղենը անգամ էլեկտրական հարիչի կարիք չունի՝ պարզապես գդալով խառնեք այս բոլորն իրար:
Պետք է ստացվի միջին պնդության խմոր, այնքան, որ գդալով կարողանանք քսել յուղաթղթի (калька) վրա:
Յուղաթղթի վրա լցրեք խմորի 1/3-ը, եփեք նախապես մինչեւ 190 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչեւ խմորը վարդագունի: Այդպես եփեք 3 շերտ:
Մինչ խմորը թխվում է՝ պատրաստեք կրեմը, որը նույնպես աննկարագրելի հեշտ է՝ պարզապես իրար խառնեք մնացած թթվասերն ու շաքարի փոշին: Համի եւ կրեմի խտության համար կարելի է ավելացնել նաեւ 0,5 բաժակ աղացած ընկույզ:
Երբ եփված շերտերը սառչեն, դրեք իրար վրա եւ դանակով եզրերը հավասարեցրեք: Կողքերից դուրս մնացած խմորի փշրանքը լավ մանրացրեք եւ դրեք մի կողմ: Հերթով շերտերի վրա կրեմ քսեք, վրան դրեք հաջորդ շերտը: Ամենավերեւի շերտի վրա էլ կրեմ քսեք եւ զարդարեք կամ աղացած ընկույզով, կամ մանրած փշրանքով:
Դրեք սառնարան առնվազն 5-6 ժամով, որից հետո կարող եք մատուցել: Շատ նուրբ եւ թեթեւ տորթիկ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ