«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանը կալանավորվել է երկու ամսով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը:
Թաթուլ Թամրազյանը վիրավորվել է հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ընթացքում:
Նա նշեց, որ Թաթուլ Թամրազյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց. «Նրան պատգարակով էին բերել, Շտապ օգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ բերել էին դատարան: Նա բավական բարդ վիրահատություն է տարել, մի վիրահատություն էլ դեռ պետք է տանի մի քանի ամիս անց: Առողջական վիճակն այնպես է, որ ինքը շատ թույլ է, չի կարողանում քայլել, դատական նիստը պարբերաբար ընդմիջվում էր, նրան ցավազրկող էին ներարկում»:
Մոնիկա Մարգարյանը ասաց, որ Թաթուլ Թամրազյանը դատական նիստի ընթացքում չի խոսել եւ իր դիրքորոշումն արտահայտել է հարցաքննության ընթացքում: Նա մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալին մասնագիտական բուժում է անհրաժեշտ, եւ ինքը միջնորդելու է, որ նրան տեղափոխեն որեւէ քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի նա որակյալ, պատշաճ բուժօգնություն ստանա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, անդրադառնալով Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակին, ասել էր. «Թաթուլի մոտ կար երիկամի վնասում եւ հաստ աղիքի վնասում: Երիկամը հեռացվել է, հաստ աղիքը դուրս է բերվել դուրս, մոտ վեց ամիս հետո պետք է կրկնակի վիրահատություն կատարվի, ոչ շուտ: Ինքը քայլում է, սնվում է, գիրք է կարդում, ոչ մի դեղ չի ստանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ