«ԱրմԱս» գինեգործական ընկերության խաղողի այգիներում ոչ միայն գինի են արտադրում, այլև ֆիլմ նկարահանում: «3 շաբաթ Երևանում» հայկական նոր կինոկատակերգությունը նկարահանվել է նաև Արագածոտնի մարզում գտնվող խաղողի այգիներում: Այսպիսով «ԱրմԱս»-ը խթանում է նաև մշակույթի զարգացմանը:
Հրանտ Թոխատյանի, Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյանի մասնակցությամբ կինոկատակերգությունը Լոս Անջելեսից ժամանած երկու ռեժիսորի մասին է, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն լիամետրաժ ֆիլմ ամերիկահայ մի մարդու մասին, որն ուղևորվում է Երևան 12 տարեկան երեխա որդեգրելու նպատակով: Նկարահանումների մեծ մասը կատարված է Երևանում, սակայն ինչպես դերասանները նշեցին, «ԱրմԱս»-ի այգիներն իրենց գայթակղեցին ու նկարահանումների մի որոշ հատված կատարվեց նաև այնտեղ:
Դերասան Վահե Բերբերյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու են նկարահանումների համար ընտրել հենց այդ վայրը. «Ֆիլմարտադրողի համար խաղողի այս այգիները բացառիկ վայր է, ուստի մենք չէինք կարող չտրվել գայթակղությանը: Իմ կարծիքով` «ԱրմԱսը» հոյակապ ընկերություն է, որը ոչ միայն հսկայական աշխատանք է տանում` որակյալ գինի արտադրում, այլև մեծ թվով մարդկանց աշխատատեղով է ապահովում»:
Վահիկ Փիրհամզեին էլ կատակեց` երբ խմում ես «ԱրմԱս» գինիները, արդեն ամեն ինչ լավ է: Անդրադառնալով ֆիլմին` նա նշեց, որ հիմնական գաղափարը եղել է`ցույց տալ, որ ֆիլմի հերոսները, թեև գալիս են աշխարհի տարբեր անկյուններից, բայց հայ են:
Մեր հարցին` որտեղի՞ց ծնվեց համագործակցությունը, «ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը պատասխանեց. «Չմոռանանք, որ գինին նախևառաջ արվեստ է. մենք բոլորս էլ մեր ոլորտներում արվեստագետ ու արվեստաբան ենք: Անհրաժեշտ է, որ համագործակցենք ու կարողանանք նոր` լավ գործեր անել»:
Վիկտորիա Ասլանյանը տեղեկացրեց, որ ընկերությունը նմանօրինակ համագործակցության տասնյակ փորձեր ունի` ցուցահանդեսների բացումներ և այլն, ինչով խթանում է մշակույթի զարգացմանը: Նա նշեց, որ ծանոթ լինելով «3 շաբաթ Երևանում» ֆիլմի դերակատարների վաստակին և ծանոթանալով ֆիլմի սյուժեին, որոշել են անպայման մասնակցել և չմերժել համագործակցության առաջարկը:
Վիկտորիա Ասլանյանը ևս ֆիլմի դերակատարներից է: Մեզ հետ զրույցում նշեց, թե իր դերը չի փոխել. ֆիլմում ևս «ԱրմԱս»-ի տնօրենն է:
Խաղողի այգիներում նկարահանումների ժամանակ հետաքրքիր դիպվածներ են տեղի ունեցել. նկարահանող խումբն այնքան է տպավորվել, որ «ԱրմԱս»-ի աշխատակիցներն ամեն քայլից հետո մաքրում են տարածքը, որ այդ կադրերը, ինչպես նաև «ԱրմԱս»-ի թիմից Նինան ու տիկին Ռոզան ևս հայտնվել են ֆիլմում: Ֆիլմի «հերոսներից» է նաև «ԱրմԱս»-ի «Գոլդեն» ձին:
Վիկտորիա Ասլանյանի կարծիքով` այս համագործակցությունը մի ձև է պատմելու մեր հոյակապ ժառանգության մասին, քանի որ ֆիլմի գլխավոր դերակատարներն ավելի լայն լսարան ունեն և նրանց ձայնն ավելի բարձր է հնչում. «Մեզ համար կարևոր է, որ մեր խաղողի այգիները երևան, այնքան հսկա գործ է այնտեղ արվել: Այցելելով այնտեղ` մարդիկ արտակարգ ժամանակ են անցկացնում, ոգեշնչվում: Սա հիանալի հնարավորություն է ցույց տալ, թե ինչ հարստություն կա Հայաստանում: Մեր այգիներում այցելուն տեղեկություն է ստանում մեր ավանդույթների, հսկայական ժառանգության մասին, ծանոթանում գինու պատրաստման գործընթացին` խաղողից մինչև գինու բաժակ: Այնքան հպարտանալու բան ունենք մենք` հայերս, որ առաջին գինեգործներն ենք եղել, որ ունենք այսպիսի հարուստ ժառանգություն»:
Վիկտորիա Ասլանյանը շեշտեց, որ մշակույթի ոլորտի հետ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ միմյանց աջակցելով է, որ կարող են հասնել ցանկալի արդյունքի և աշխարհին պատմել հայկական հարուստ ժառանգության մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ