Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը». Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Օգոստոս 06,2016 20:16

Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ի նամակը Վարդաշենից

Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր «Սասնա ծռերի» տղաները և ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իմ կողմից:

Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը՝ ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը` մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն:

Ես, գտնվելով մեկուսացման մեջ և ամբողջությամբ չտիրապետելով իրավիճակի տեղեկատվությանը, երկկողմ արյունահեղությունը կանխելու այսպիսի մարտավարություն եմ պատկերացրել, ու չգիտեմ, իմ փոխարեն գուցե այլ մարդ կամ Նիկոլ Փաշինյանը լիներ, հնարավոր է գտներ այդ վտանգը կանխելու այլ ուղի: Հակառակ նրան, որ այս կեղծ տեղեկատվությունը այդ օրը հերքվել է տղաների և իմ կողմից, ու ես, տեղեկանալով Վարուժան Ավետիսյանի զենքը վայր դնելու պահին հայտնի ելույթին, նաև ընթերցելով օգոստոսի 3-ի Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի Սիվիլնեթին տված հարցազրույցում նշված այժմյա գերակա 7 կետերից բաղկացած պահանջները, տարակուսանքով եմ ընդունում Նիկոլի եզրակացությունը:

Անցնելով առաջ և օգտվելով առիթից` հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել՝ իմաստավորելու «Սասնա ծռերի զոհողությունը», իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը և առաջնահերթորեն իրար հետ համախմբված և համերաշխ լինել: Շարժումը անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վեր-կուսակցական տարաբնույթ ձևաչափեր և ժամ առաջ նետվել մեր երկիրը ազատագրելու գործին:

Ամփոփելով խոսքս` փորձեմ վերախմբագրել վերջին տարիների մեր կողմից բարձրացված քաղաքական օրակարգերի, Սասնա Ծռերի պահանջների, համահայկական նպատակի քաղաքական օրակարգը հետևյալ տրամաբանական հերթականությամբ:

-Ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում

-Վստահության կառավարության ձևավորում /հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված/

-Սերժ Սարգսյանի հեռացում

-Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

 

Ժիրայր Սեֆիլյան

06.08.16թ.

Վարդաշեն ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031