Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Լամբարյանը եւ Թաթուլ Թամրազյանը տեղափոխվել են հիվանդասենյակ». Միքայել Մանուկյան

Օգոստոս 06,2016 14:34

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի խումբ քաղաքացիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց էին հավաքվել: Նրանք պահանջում էին տեղեկատվություն տալ բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին:

Շուտով նրանց մոտեցավ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը. «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում: Երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին, այսօր առավոտյան ուղարկել ենք հիվանդասենյակ, եւ իրենց վիճակը բավարար է գնահատվում: Սեդրակ Նազարյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, բայց այսօր իր վիճակն ավելի լավ էր, քան  երեկ: Օրեցօր վիճակի մեջ մենք դրական միտումներ ենք տեսնում, ինքը համապատասխան դեղորայք է ստանում, բժիշկները խնամում են, վերքերը նորմալ ընթացքով լավանում են»:

Միքայել Մանուկյանը ասաց, որ դեռեւս շուտ է հետեւանքների մասին խոսելը, բայց վստահություն հայտնեց, որ բուժումը լիարժեք է լինելու եւ որեւէ մեկի մոտ հետեւանք չի լինելու: Քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հաշմանդամություն ունենալու են, Միքայել Մանուկյանը պատասխանեց՝ ոչ, հաշմանդամության խնդիր չի լինելու. «Ուղղակի խնդիրն այն է, որ դեռեւս շուտ է այդ հարցին պատասխանել: Մենք անցել ենք ամենածանր փուլը, եւ փառք աստծո, բարեհաջող ենք անցել: Մնում է արդեն վերականգնողական եւ մնացած փուլերը, որոնք արդեն սկսել ենք կազմակերպել»:

Քաղաքացիները հետաքրքրվեցին նաեւ Արմեն Լամբարյանի վիճակի մաստին, Միքայել Մանուկյանը պատասխանեց, որ վերքի վիճակը դրական է, նյարդերը վնասված չեն. «Ժամանակ է պետք, որ վերքը լավանա. մեկ շաբաթում չի լավանում, բայց միտումը շատ լավն է: Ինքն արդեն հիվանդասենյակում է, դա արդեն հաղթանակ է»:

Անդրադառնալով Թաթուլ Թամրազյանին՝ Միքայել Մանուկյանը ասաց. «Թաթուլի մոտ կար երիկամի վնասում եւ հաստ աղիքի վնասում: Երիկամը հեռացվել է, հաստ աղիքը դուրս է բերվել դուրս, մոտ վեց ամիս հետո պետք է կրկնակի վիրահատություն կատարվի, ոչ շուտ: Ինքը քայլում է, սնվում է, գիրք է կարդում, ոչ մի դեղ չի ստանում»:

Իսկ Սեդրակ Նազարյանի վիճակը, ըստ նրա,  լավ է գնահատվում, գիտակցության մեջ է. «Ինքը դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց մի քանի օր հետո նույնպես տեղափոխվելու է հիվանդասենյակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031