ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթեւեկելի հատվածից և վթարի ենթարկվել։
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե