Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ ներկա են գտնվել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը:
«Հիկարի» կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների խմբի անդամներ, Երևանի բնակիչներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ հայ ժողովուրդը կիսում է ճապոնացի բարեկամ ժողովրդին նախորդ դարի կեսերին պատուհասած ողբերգության ցավը, և այդ առումով պատահական չէ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անմիջապես արձագանքեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարը նաև Երևանում տեղադրելու գաղափարին:
Հիշատակի խոսքով հանդես են եկել դեսպան Էյջի Տագուչին և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հայտարարվել է լռության րոպե: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչել են «Հիկարի» կենտրոնի փոքրիկ երգչախմբի սաները: Հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվել են Խաղաղության հայկուներ, որոնք խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ են ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվել են զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարին, որը 2014թ. հենց Հիրոսիմա քաղաքից է բերվել: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի նման անկյուն ստեղծելու համար Ճապոնական Հիրոսիմա քաղաքի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն