Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հասարակությունը կույր չի»

Օգոստոս 06,2016 17:00

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ եթե նախագահի խոսքերը կենսագործվեն, վարչապետի խոստումներն իրականություն կդառնան

«Կարող եք համոզված լինել, հայ իրականության պարագայում մենք որեւէ խնդիր չունենք տնտեսական ակտիվություն ապահովելու եւ դա շարունակաբար մեծացնելու: Այս կտրվածքով մենք ունենում ենք թերացում միայն մեկ հանգամանքով պայմանավորված` արդարության դեֆիցիտ ունենք: Դա դեռ մի կողմ թողնենք: Գոնե տնտեսվարող սուբյեկտների, որոնք, այսպես ասած, չունեն կողմնակի պաշտպանվածություն, չեն գտնվում թույլատրված մոնոպոլիաների դասում, նրանց վրա ճնշումները պետք է բացառել: Տնտեսվարող սուբյեկտների համար անտանելի դարձող ճնշումը պետք է չլինի: Այդ պարագայում տնտեսական ակտիվությունը, կառավարության նշած տնտեսական քաղաքականությունն ի սկզբանե կարող էինք ունենալ: Բայց մինչ օրս չենք տեսնում դա, եւ իմ կարծիքով՝ այս բոլոր անհանգստությունները դրանով են պայմանավորված»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս արած այն հայտարարությանը, որ ներքին սպառմամբ պայմանավորված՝ տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական քաղաքականության:

Ըստ վարչապետի՝ 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները հիմք են տալիս որոշակի հաջողությունների մասին խոսել. «2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով: Ուրվագծվում են ՀՀ կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները»: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած առաջին կիսամյակի արդյունքներով էլ՝ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016-ին կազմել է 8.9 տոկոս: Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի՝ 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Չնայած ներքին սպառման կրճատմանը՝ ՀՀ-ն վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը, ըստ վարչապետի, վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին: «Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության, և մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` նաեւ նկատելով, որ վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»:

Չունենալով շրջանառության մեծ հնարավորություններ կամ ընդհանրապես հնարավորություններ՝ Վարդան Բոստանջյանի կարծիքով, տնտեսվարող սուբյեկտների ճնշող մեծամասնությունը չի կարողանում եկամուտներ ձեւավորել ամենատրիվիալ, արժանավայելությանը մոտ կյանք ապահովելու համար, ինչի արդյունքում էլ առաջանում են այն անհանգստություններն ու դժգոհությունները, ինչին ականատես ենք լինում:

Դիտարկմանը, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանն էլ խոսեց ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին, եւ հարցին` դա խոսո՞ւմ է փոփոխությունների համար քաղաքական կամքի առկայության մասին, Ձեր պատկերացումներով՝ ինչպիսի՞ն կլինի այդ կառավարությունը, ներկայիս կառավարությունում ի՞նչ փոփոխություններ կլինեն, մեր զրուցակիցն ասաց. «Հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ ՀՀ-ում, երկար տարիներ շարունակ մեկ մարդ է որոշում ամեն ինչը` աջն ու ձախը, շարժը, վեկտորի ուղղությունը: Հիմա եթե նախագահի խոսքերն իսկապես կենսագործվեն, ապա ակնհայտորեն որեւէ խնդիր չկա այդ ուղղությամբ որոշակի հաջողության հասնելու: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նման բարի ցանկություններ անընդհատ են լինում, բայց դրանց շարունակությունը, կենսագործումը չենք տեսնում: Այդ իսկ պատճառով ոչ թե միայն ես, այլ բազմաթիվները` ողջ բնակչությունն ու հասարակությունը դադարել է հավատալ, որ վաղը ունենալու ենք ավելի լավ հեռանկար: Քաղաքական կամքը ոչ չափելի է, ոչ կշռելի, այն ուղղակի պետք է կենսագործվի: Իսկ հասարակությունը կույր չի, չի կարող չտեսնել դրական բարեփոխումները»:

Երեկ, ի դեպ, հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազը: Պաշտոնապես` առողջական վիճակի պատճառով, բայց հասկանալի է, որ հանրության անվստահությունը դատական համակարգի նկատմամբ սահման չունի, իսկ Գեւորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում, չնայած հայտարարված տարատեսակ բարեփոխումներին, վստահության չնչին տոկոս անգամ չկարողացավ վերականգնել: Վարդան Բոստանջյանը «չի խորացել», որ կարողանա գնահատականներ տալ, բայց ասում է` տա Աստված, որ սա փոփոխությունների սկիզբը լինի. «Ամեն դեպքում հասկանալի է` երկրում մետաստազ ռեժիմ է, եւ ոչ միայն դատախազության կտրվածքով: Բայց եթե այն է, ինչ դուք ասացիք, կզգանք դրական տեղաշարժը»:

Մեր զրուցակիցը նկատում է նաեւ` միայն «ինչ-որ …յանի» հրաժարականով չի, եկողը պետք է հասկանա, որ մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքներն է պաշտպանելու, ինչը շատ տեսանելի ու ցցուն է: «Սասնա ծռերի» տղաները, այլ ելք չունենալով, հայրենասիրության մեծ զգացումով գնացին գործի, նրանց անվանում են ահաբեկիչներ, իսկ լրագրողներին, ժողովրդին ծեծողներին, ճնշում գործադրողներին շնորհակալություն է հայտնվում»,- նկատեց մեր զրուցակիցը: Հարցին` նախագահի խոսքում ուղե՞րձ եք տեսնում, որ ոչինչ չի փոխվելու, Վարդան Բոստանջյանն ասաց. «Ես չեմ ուզում, որ ոչինչ չփոխվի: Հայկական ասացվածքը հիշեցի `կարմիր կովը կաշին չի փոխում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031