Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո և բարության տերը

Օգոստոս 06,2016 16:30

Անցնող և մեզանից անդարձ հեռացող օրերի մեջ երբեմն ծալքեր են լինում, ուր համատարածի փոշին չի թափանցում: Դա այն վայրն է կամ տեղը, ուր մարդն այլևս դադարում է իր մարմնին ծառայելուց և ծառայում է Աստծուն՝ որպես հոգու ակունք, երբ անխռովության մեջ նա արարվում է և շարունակ ու դարձյալ վերածնվում:

Անշուշտ, նրա հոգին հեքիաթի թռչունի նման հիմա թռել-հասել է լույս ոլորտներին, բայց գիրն ու դիմապատկերը շարունակում են պահպանել մեզանից հեռացած հոգու զարմանալի կենդանի հիշատակը…

Հին Հայաստանում մի մեծահարուստ հարյուր ոսկի է նվեր ուղարկում Տիր աստծո տաճարին և շարունակ սպասում է, որ տաճարականները պետք է իրեն շնորհակալություն հայտնեն:
Անցնում են ամիսներ, սակայն նվիրատուն տաճարից չի լսում ոչ մի արձագանք, և մի օր սրտնեղած, ինքն է մտնում տաճար ու հարցնում, թե` ինչո՞ւ իր նվերի համար շնորհակալություն չեն հայտնում: Տաճարի գլխավոր քուրմը ուշադիր լսում է նվիրատուին և երկար լռությունից հետո հարգանքով պատասխանում` կարծում եմ, թերևս, դուք պիտի շնորհակալ լինեք տաճարին, որ ձեր նվիրատվությունը բարի է համարել և ընդունել…
Երեկ իմ հրաշալի Լեո թոռնիկն առաջին անգամ սկսեց քայլել: Երջանկահիշատակ Նազիկ տատս, երբ իր թոռները ոտքի էին ելնում, ասում էր.

– Տեր Աստված, փառքդ շատ, աշխարհում մի քայլող էլ ավելացավ…

Այսինքն՝ տատս, որպես արդեն մամռած տաճար, շնորհակալ էր ոտքի ելնողի համար: Ինչպես էր տատս սիրում Աստծուն և այս աշխարհը…

Ես չգիտեմ, թե ի՞նչ կապեր կան սիրո և բարության միջև, սակայն հիշեցի տարիներ առաջ փետրվարյան մի ուրբաթ, որ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր, և գրողի շիրիմի շուրջ հավաքվածները, ես չեմ խոսում ճառ արտասանողների մասին, խունկ ծխեցին նրա հիշատակին, և այդ պահին էր, որ ես հիշեցի Տիր աստծո տաճարի և նվիրատուի մասին ու հասկացա, որ ոչ թե Մեծն Հրանտը պիտի շնորհակալ լիներ մեզ, այլ մենք` մեզ թողած նրա պայծառ գրականության համար:

Գիտեմ, նաև, որ ետչարենցյան շրջանում այն, ինչ կես բերան էր ասված, ճմրթված-ծալծլված էր, թող ինձ ներեն մեր երևելի մեծերը, ամբողջացրեց Հրանտ Մաթևոսյանը: Ոչ միայն ձևակերպեց մերօրյա հայրենիքը, այլ նաև մեզ` հայրենիքում: Նա խոսեց բնության և երկնքի օրենքների մասին ու մարդու մասին, որ ապրում էր երկնքի և երկրի միջև:

Ես հաստատ չգիտեմ՝ ինչ կապ կա սիրո և բարության միջև, բայց մի բանում վստահ եմ, որ Մեծն Հրանտի` մեզ թողած գրականությունը և՛ բարություն է, և՛ սեր, իսկ գրականությունն այդ ասում է` Տեր եղի՛ր քո երկրին, մի՛ խաթարիր երկրի կյանքը ներսից ու դրսից և հարգի՛ր քո իշխանությունը, որպեսզի իշխանություն ունենաս, և հույսդ դիր միայն քեզ վրա:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031