Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրինովսկու՝ բուֆոնադայի հասնող կերպարի տակ թաքնված են սառը քաղաքական հաշվարկներ»

Օգոստոս 06,2016 16:00

Համոզված է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ,
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, որում նա ասել է, թե թքած ունի Հայաստանի վրա:

– 1992 թվականի Ղարաբաղյան մարտերի թեժ օրերին ԵԱՀԿ (այն ժամանակ ԵԱՀԽ) գումարել էր անդամ-երկրների պառլամենտականների խորհրդակցություն։ Նիստերից մեկի ընդմիջմանը, Վիեննային Հոֆբուրգ պալատի միջանցքում թռուցիկ ծանոթություն ունեցա Ժիրինովսկու հետ. ինձ ներկայացրին նրան որպես Ավստրիայում ՀՀ դեսպան։ Նա` ցուցադրելով իր սերտած ֆյուրերական ոճը, շեշտակի նետեց ատամների արանքից. «Մենք սիրում ենք հայերին և չենք թողնի որ ձեզ նեղացնեն»։

Հետագա տարիներին Լիբերալ-դեմոկրատների լիդերը տարբեր առիթներով արտահայտել է իր «սերը» առ Հայաստանն ու հայերը։ Հատկապես ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Վոլֆովիչը սկսեց հանդես գալ կոչ-սպառնալիքներով Էրդողանի հասցեին, երբ նա քաջնազարական ծրագրեր էր մոգոնում հայկական և քրդական զորամիավորումների` դեպի Ստամբուլ արշավ սկսելու ուղղությամբ։

Նման քաղաքական պիրուետները միշտ էլ շոյում են դրանք նախատեսված մասսաների ականջն ու ազգային հպարտությունը` անկախ այն բանից, թե ով է կատարողը։ Եվ հիմա, երբ հայերին պանիգիրիկ կարդացողը հանկարծ շուռ եկավ և «թքեց» մեզ վրա, ուշքի եկանք և նոր հասկացանք (՞), որ դիմացինը ցինիկ է, լուրջ մարդ չէ, քաղաքական պոռնիկ է (եզրը Լենինինն է) և այլն, և այլն։ Ի՞նչ է, նա պետք է մեկ շոյեր, մեկ էլ «խփե՞ր», որպեսզի մենք հասկանայինք թե ում հետ գործ ունենք։ Մի՞թե հետխորհրդային քաղաքականության ողջ խճապատկերը պարզ ցույց չի տալիս, թե ով ով է։ Ժիրինովսկու միայն Հնդկական Օվկիանոսում ռուս զինվորների ոտքերը լվանալու ցնդաբանական նկրտումները ինչ ասես արժեն։

– Ուրեմն Դուք այն կարծիքի՞ն եք, որ Ժիրինովսկին անհավասարակշիռ, էքսցենտրիկ, ոչ լուրջ քաղաքական գործիչ է։

– Ամենևին։ Վլադիմիր Ժիրինովսկին ո՛չ անհավասարակշռված է, ո՛չ ցինիկ է, ո՛չ էլ անլուրջ քաղաքական գործիչ է։ Բուֆոնադայի հասնող նրա կերպարի և էքսցենտրիկ վարվեցողության տակ թաքնված են սառը քաղաքական հաշվարկներ և կոնյունկտուրային նպատակներ։ Նա ա՛յդ կերպ է արտահայտում հետհեղափոխական Ռուսաստանի որոշակի քաղաքական և ռազմական շրջանակների ձգտումներն ու նպատակները։

– Այդ թվում նաև Պուտինի՞ տրամադրությունները։

– Պուտինը բավական խելացի և ճկուն քաղաքական գործիչ է Ժիրինովսկու նման էժանագին գործչին իրեն խոսափող դարձնելու համար։ Սակայն բացառված չէ, որ որոշ քաղաքական խաղերում ժամանակավորապես կարող է օգտագործել նրան, հետո դեն նետել, ինչպես վարվում են հայտնի որոշ իրերի հետ։

– Հայաստանում Ռուսաստանի ունեցած ռազմաբազայի վերաբերյալ Ժիրինովսկին ասել էր, թե «այդ բազան հայերի փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները»: Արդյո՞ք այդպես կլինի ռուսական ռազմաբազան դուրս բերելու դեպքում, մեզ նմա՞ն հեռանկար է սպասվում:

– Ոչ, չի սպասվում։ Փառք Աստծո, որ ո՛չ Ժիրինովսկին Ռուսաստանում և ո՛չ էլ Հայաստանում եղած քաղաքական և դիվանագիտական դիլետանտներն են որոշելու, թե ինչ ուղղությամբ և ինչպես են զարգանալու Հայաստանի ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի և կամ ԱՄՆ-ի հետ։

Պարզապես ցավալի է և վտանգավոր, որ ներկա բարդ քաղաքական իրավիճակում Հայաստանում, ովքեր այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում և տարածաշրջանում, յուղ են լցնում Վոլֆովիչի տիպի քաղաքական «ժուլիկների» վառած կրակի վրա։ «Սասնա ծռերի» օրերին շատ էին հնչում խրոխտ ելույթներ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու վերաբերյալ։

Ասում են՝ «Գետանցին ձիերին չեն փոխում»։ Ճիշտ են ասում։ Հիմա ոչ թե դրա ժամանակն է, այլ պետք է ամեն ինչ անել այդ գետանցի վրա Արեւմուտքին բերելու համար։ Հայաստանի ապագան Ռուսաստանին դեն հրելու մեջ չէ։ Մենք պետք է կարողանանք լինել եւ Ռուսաստանի, եւ Ռուսաստանին ոչ շատ հաճելի բևեռների հետ։ Դա են թելադրում մեր պետական և ազգային շահերը։

– Իսկ ինչպե՞ս պետք է հայկական կողմը արձագանքի նման հայտարարություններին, որ արվում են, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջ տարածքից:

– Վճռական, արագ, փաստարկված, որպես հանրապետության իմիջին և սուվերենությանը հասցված անպատվության։ Ես բացարձակապես համաձայն չեմ բարձր մակարդակով արտահայտված այն կարծիքների հետ, թե վիրավորանքը հասցված է ոչ լուրջ մարդու կողմից և պետք չէ ուշադրության արժանանա։ Տեսեք, խոսքը վերաբերում է ոչ թե պատահական անձի, այլ քաղաքական հայտնի կուսակցության լիդերի և նրան հարող միլիոնավոր անձանց։ Ժիրինովսկու հայտարարությունը հավասարապես կարող է լինել նաև նրանց կարծիքը։ Չմոռանանք, որ իրենց կարծիքն ու վերաբերմունքը ժիրինովականները կարող են տարածել նաև Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնց թիվը հավասարվում է հանրապետության բնակչության թվաքանակին։

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի, Ձեր կարծիքով, հայկական կողմի դեմարշը այդ կապակցությամբ։

– Ես չեմ կարծում, որ դա անպայման պետք է լինի ԱԳՆ-ի կողմից, չնայած դա ևս վատ չէր լինի։ Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆիգուրանտը Պետդումայի պատգամավոր է և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ապա հատուկ հայտարարությամբ պետք է հանդես գա ՀՀ Ազգային ժողովը և խստագույնս դատապարտի Ժիրինովսկու արգահատելի արարքը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում երկու երկրների բարեկամական-ռազմավարական հարաբերությունների քաղաքական տրամաբանության շրջանակներում, հակասում է դիվանագիտական հարաբերությունների օրենքի տառին ու ոգուն։ Նմանատիպ հայտարարություններով լավ կլիներ, որ հանդես գային նաև հանրապետության հասարակական կազմակերպությունները, որոնք դասական դիվանագիտության կողքին ներկայումս կարևոր և արդյունավետ դերակատարություն ունեն պետությունների պաշտոնական հարաբերություններում։

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Կներեք պարոն Նավասարդյան, բայց Ձեր գիտելիքները ու փորձը պահեք ձեզ , մեր երկրի արտաքին քաղաքականությունը հիմա կառուցում է Յուրի Վարդանյանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031