Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների կենսաչափական անձնագրերը, միեւնույն է, «լավ չէին աշխատում»

Օգոստոս 06,2016 15:00

Անձնագրի ժամկետը լրացած քաղաքացիներն այլեւս անհրաժեշտություն չունեն 25 հազարանոց կենսաչափական անձնագրեր վերցնելու

«Առավոտը» պարբերաբար ՀՀ քաղաքացիներից դժգոհություն էր ստանում, որ կենսաչափական անձնագրերը օտարերկրյա պետություններում, այսպես ասած, «լավ չեն աշխատում»: Մարդիկ բողոքում էին, որ արտերկրի մաքսակետերում սարքերը լավ չեն կարդում այդ անձնագրերը, եւ շատերը խնդիրներ են ունենում մաքսակետում` ստիպված լինելով ժամերով սպասել՝ մինչեւ որ հարցը կարգավորվի: Այդ խնդրի պատճառով նույնիսկ մեր երկրի քաղաքացիները, ինչպես իրենք էին վկայում, օտարերկրյա մաքսավորների կշտամբանքին են արժանանում:

Սովորական անձնագրի, որը մինչ կենսաչափականին անցնելը, կրում էին մեր քաղաքացիները, ժամկետը լրանալու դեպքում քաղաքացիները պետք է անցնեին նոր` կենսաչափական անձնագրերի. սա ոստիկանության եւ օրենքի պահանջն էր: Մի շարք քաղաքացիներ, մասնավորապես՝ նրանք, որոնք պետք է արտերկիր մեկնեին, ստացել են այդ անձնագրերը` վճարելով 25 հազար դրամ: Սակայն երեկ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնել է, որ այդ անձնագրերն այլեւս պարտադիր չեն, եւ որ քաղաքացիներին կտրամադրվի հին նմուշի անձնագիր:

Վարչության պետն այդ նորությունը բացատրել է խմբաքանակի բացակայությամբ, որը մատակարարվում էր Լեհաստանից:

Օրենքի փոփոխություն է կատարվել եւ, ըստ ոստիկանության պաշտոնյայի, համենայնդեպս՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը դրանք պետք չեն լինելու: Հին տարբերակին վերադառնալով՝ Մնացական Բիչախչյանն ասել է, որ քաղաքացիները խնդիրներ չեն ունենալու, եւ որ դրանք 1000 դրամ են՝ ինչպես նախկինում եղել է:

Այսօր, արձագանքելով այս փոփոխությանը, որոշ քաղաքացիներ, որոնք ընդամենը օրեր առաջ են ձեռք բերել կենսաչափական անձնագրեր, մտահոգություն հայտնեցին, որ անտեղի գումարներ են վճարել, որը կարող էին եւ չվճարել: Ամուսիններով հանգստի մեկնելու համար 50 հազար միայն կենսաչափական անձնագրերին են տվել, որը հիմա անտեղի ծախս են համարում: Ոստիկանության պաշտոնյան, սակայն, կենսաչափական անձնագրի անհրաժեշտությունը անիմաստ չի համարում` ասելով, որ կան երկրներ, օրինակ` Կանադան, որոնք իրենց տարածք մուտքը պարտադիր այդ անձնագրերով են ընդունում, քանի որ նրանց համոզմամբ՝ այդ փաստաթուղթն ավելի պաշտպանված է կեղծումից եւ դրանում մատնահետք է պարունակվում:

Թե ինչու է օրենքում փոփոխություն կատարվել, ըստ Մնացական Բիչախչյանի, Սահմանադրական դատարանն է այդպես որոշել, քանի որ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել է ՍԴ՝ այդ պարտադիր պահանջը համարելով հակասահմանադրական:

«Կրոնական համոզմունքներից ելնելով` մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր»,- ասել է պարոն Բիչախչյանը:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    Սիրելիներս, մաքսակետերում ստուգվում են ապրանքները, իսկ մարդկանց անձնագրերը ստուգվում են անձնագրային հսկողության կետերում, որոնք մաքսայինի հետ ոչ մի կապ չունեն: Մի խառնեք խնդրում եմ հասկացությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031