Կամ՝ ինչպես Լուի Արմսթրոնգը մնաց որպես լավատեսության շեփորահար
Օրերս լրացավ ամերիկացի անվանի ջազային երաժիշտ, վոկալիստ եւ շեփորահար Լուի Արմսթրոնգի ծննդյան115-ամյակը: 1960-ականներին նա համարվում էր ամենաազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը, եւ աֆրոամերիկացիներից առաջինը, որ նման հանրահայտություն ստացավ ու ընկալվեց որպես լեգենդ: 69 տարիների ընթացքում Արմսթրոնգին հաջողվեց շատ բան փոխել. նա ազդեցություն թողեց ոչ միայն համաշխարհային մշակույթի, երաժշտության, այլեւ մարդու իրավունքների առումով՝ հարաբերությունների վրա:
Aif.ru-ն ներկայացրել է, թե ժամանակին ինչ ճանապարհ է անցել Արմսթրոնգը մինչեւ XX դարի ջազի լեգենդ հռչակվելը:
Արմսթրոնգը չգիտեր իր ծննդյան ստույգ օրը, նա ինքն էր իր համար ծննդյան օր նշանակել 1900թ. հուլիսի 4-ը՝ նոր հարյուրամյակի սկիզբը եւ ԱՄՆ Անկախության օրը: Նրա մահից հետո գտնված փաստաթղթերից պարզվում է, որ իրականում ջազմենը սխալվել է 1 տարի 1 ամսով, քանի որ ծնվել է 1901թ. օգոստոսի 4-ին: Արմսթրոնգը ծնվել է Նյու Օռլեանի մի աղքատ թաղամասում, որը տեղացիներն անվանում էին «ճակատամարտի դաշտ»: Նրա ծնողները սեւամորթ ստրուկներ են եղել: Իր թաղամասի վերաբերյալ ջազի լեգենդը հետագայում գրել է. «Քաղաքի քրեական տարրերն ու խուլիգանները հենց այս թաղամասն էին ընտրում իրենց հարցերը պարզաբանելու համար, որոնք չէին անցնում առանց կրակոցների ու դանակահարությունների»:
Ինչպես իր շատ հարեւաններ, Արմսթրոնգը մեծացել է առանց հոր, հայրը հեռացել է ընտանիքից, երբ տղան նորածին է եղել: Նրա մայրը եղել է լվացքատան աշխատող, երկու զավակներին պահելու համար զբաղվել է նաեւ մարմնավաճառությամբ, պատահել է, որ օրերով երեխաներին թողել է հարազատների մոտ: Երբ տղան մի քիչ մեծացել է, փորձել է ինքնուրույն հաց վաստակել՝ թերթեր է ցրել, ածուխի բեռնակրություն արել, երգել փողոցներում, անգամ աշխատանքի անցել Ռուսական կայսրությունից փախած հրեաների մոտ:
ԱՄՆ-ում հաստատված Կարնովսկիների ընտանիքն անչափ բարեհաճ է գտնվել սեւամորթ պատանու հանդեպ, նրան շատ է աջակցել եւ նվիրել է առաջին փողային գործիքը, որի վրա Արմսթրոնգը ինքնուրույն սովորել է նվագել:
12 տարեկանում տղան բանտ է ընկել, ավելի շուտ՝ ուղղիչ-ճամբար, որ նախատեսված էր «գունավոր» ռասայի մարդկանց համար: Պատճառն այն էր, որ 1913-ին նա չարաճճիաբար օդ էր կրակել՝ նշելով Նոր տարվա գալուստը, ընդ որում՝ ատրճանակը թռցրել էր մոր սիրեկաններից մեկի գրպանից: Հետագայում երաժիշտը գրել է. «Հակված եմ մտածել, որ հենց այդ կրակոցը ազդարարեց իմ կարիերայի սկիզբը, փոխեց իմ ողջ կյանքը՝ մեծ շանս տալով»:
Ո՞վ գիտի, թե ինչ կպատահեր բարդ թաղամասում ապրող սեւամորթ պատանու հետ, եթե նա լրջորեն չհետաքրքրվեր երաժշտությամբ: Նրանց թաղամասում ապրողների գլխավոր զբաղմունքը թմրանյութերի վաճառքն էր ու մարմնավաճառությունը: Ուղղիչ ճամբար-մեկուսարանի դիրիժորը՝ տեսնելով, թե որքան շնորհալի է տղան, Արմսթրոնգին երաժշտության դասեր տվեց, եւ 13 տարեկանում դուրս գալով այդ ճամբարից, Արմսթրոնգը վստահ էր, թե ինչ ճանապարհով է գնալու:
Իբրեւ երաժիշտ՝ նա առաջին աշխատանքը գտել է Հենրի Պոնսի ակումբում, որտեղ ցերեկները ածուխ էր կրում, իսկ գիշերները՝ ջազ նվագում: Դրանից հետո նրան սկսեցին պարբերաբար հրավիրել քաղաքային տոնակատարություններին, ապա նավով ճամփորդություններին:
Հետագայում Արմսթրոնգը ծանոթացավ լավագույն փողային երաժիշտներից մեկի, կոռնետահար Քինգ Օլիվերի հետ, որն իր թեւի տակ առավ տաղանդավոր երիտասարդին: Չիկագո տեղափոխվելուց հետո էլ Արմսթրոնգը զբաղեցրեց նրա տեղը նվագախմբում:
1920-ականներին նա արդեն իր քաղաքում հայտնի անուն էր, հռչակն էլ աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Նույն թվականին «փոքրիկ Լուին», ինչպես ընկերներն էին անվանում, այլ սեւամորթ երաժիշտների թվում տեղափոխվում է Չիկագո, որը ջազի կենտրոնն էր 20-ականներին: Արմսթրոնգն արդեն հասցրել էր 2 անգամ ամուսնանալ: Երկրորդ կինը՝ Լիլը, սկսեց զբաղվել նրա արտաքինով ու համոզեց տեղափոխվել Նյու Նյորք: Այստեղ նրան աստղային փառք էր սպասվում, բայց Արմսթրոնգ վայրկյան անգամ չէր մոռանում, որ ինքը սովորական սեւամորթ տղա է՝ Նյու Օռլեանից: Նա շռայլորեն օգնում էր բոլոր աղքատներին ու իր կարիքն ունեցողներին: Համերգներից հետո մուտքի մոտ մշտապես հերթ էր գոյանում՝ նրան տեսնելու ու ինչ-որ բան խնդրելու համար:
1959-ին Արմսթրոնգը կաթված ստացավ, բայց այդպես էլ չդադարեցրեց համերգային գործունեությունը: Առողջությունն իրեն քիչ էր հետաքրքրում: Այդ առիթով Արմսթրոնգն ասել է. «Երբ ես ձեռքս եմ վերցնում շեփորը, ամեն ինչ երկրորդ պլան է գնում, ես չեմ զգում աշխարհը, չեմ ուզում միլիոնավոր դոլաներ աշխատել, ես ուզում եմ միայն նվագել»:
Նրա վերջին հիթը եղավ What a Wonderful World ստեղծագործությունը, որը լավատեսության յուրօրինակ օրհներգ է:
1971-ին երաժիշտը տապալվեց երկրորդ կաթվածից, իսկ հուլիսի 6-ին գնաց երկնային կյանքով ապրելու:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
Լուսանկարը՝ www.globallookpress.com-ի: