Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանի հետ:
– Ձեր կարծիքով, Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպը, որ շուրջ 10 տարի թարգմանում եք, ինչո՞ւ է համարվում դարակազմիկ:
– Պատճառն այն է, որ վեպում ամփոփված է քաղաքակրթության սկզբնավորումից ի վեր մտածող ու զգայող մարդ էակին մտատանջող մարդկային ոգեւորումների ու խարխափումների աշխարհային պատմական փորձը՝ պարզ մարդկային ցանկությունների ու մղումների դրդապատճառներից սկսած՝ մինչև մարդուս հուզող մետաֆիզիկականից անդին ընկած վերժամանակյա, հավերժամատույց և դրանով իսկ աստվածամարտ նկրտումները:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիների հայ թարգմանչական դաշտը եւ ինչո՞վ եք պատրաստվում մասնակցել այս պրոցեսին:
Կարդացեք նաև
– Հայ թարգմանական արվեստն առաջադիմում է հաստատուն քայլերով, այս առումով սա հուսադրող երևույթ է: Վաստակաշատ ու նորընտիր թարգմանիչները ստեղծագործում են կողք կողքի, փաստ է նաև, որ չկառավարվելով պատվեր իջեցնող մեկ կենտրոնի կողմից, բնազդով կամ անձնական ճաշակով ու մասնագիտական հոտառությամբ ընթերցողին են առաջարկում համաշխարհային գրականության ընտրանին, ցավալիորեն հասարակական լայն պահանջարկի բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է ինձ, պատրաստվում եմ հրատարակության ներկայացնել Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպի հայերեն թարգմանությունը, եվրոպական պատմվածքների մի ժողովածու՝ «Անկումների սարսափից» խորագրի ներքո, ինչպես նաև Գոթֆրիդ Բենի բանաստեղծությունների ընտրանին: Կարծում եմ, Մուզիլի մեծավեպի լույս ընծայմամբ ավարտած կհամարեմ իմ ստեղծագործական կյանքի քառորդ դարը՝ նոր մտահղացումների ակնկալիքով:
-Երկու բանաստեղծական գրքեր ունեք: Ձեր դեպքում թարգմանիչ Ալեքսանյանը չի՞ խանգարում բանաստեղծ Ալեքսանյանին:
– Այսպես ասեմ՝ խանգարելով օգնում է: Ինչպես որ ճշմարտությունն է համեմատության մեջ ծնվում, այնպես էլ գրական ստեղծագործությունն է թրծվում ու գոյավորվում իրեն համագոյակից միջավայրի հետ բաղդատության ջերմահալոցքում: Շրջելով հանրահայտ լատինական ասացվածքը՝ Docendo iscimus, կարելի է հակառակը պնդել՝ սովորելով սովորեցնում ես: Բաներ կան, որ հնարավոր չէ բանավոր խոսքում արտահայտել՝ չարժեզրկելով այն, ինչպես, օրինակ, հայրենասիրությունը, որը զրկվում է ոգեղենությունից, հենց որ խոսակցական ճառի մակարդակին է իջնում: Ու նաև՝ յուրաքանչյուր գրավոր ստեղծագործություն երբեք դատարկ տեղը չի ծնվում, այն համահաղորդություն է եղածի ու հաջորդելիքի միջև, ինչպես պատի մեջ շարված առանձին աղյուսը, որ ներքևինների վրա հենվելով՝ վերևիններին է իրենով պահում, որպեսզի կառույցի ողջ հոյաշենը չփլուզվի:
– Երկար տարիներ, դիվանագիտական աշխատանքի բերումով, ապրել ու ստեղծագործել եք եվրոպաներում: Արդյո՞ք մեր ու Եվրոպայի մշակույթների միջև «տարաձայնությունները» շատ են:
– Նախ չեմ կարծում, որ կան եվրոպաներ: Եվրոպան մեկն է ու հիմնականում միասնական՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ արժեհամակարգով: Աշխարհաճանաչողական հիմքի առումով մենք նույնական ենք, տարբերություններն աշխարհագրությամբ են պայմանավորված և տարածաժամանակային համահաղորդման ընդհատականությամբ պայմանավորված՝ փոխառնչակցությունների դիսկրետ հատածականությամբ: Ընդսմին՝ մենք գերազանցապես մեր պատմական անցյալի արմատներն ենք փնտրում, անգիտանալով, որ ծառացողունն ու սաղարթն արդեն հարաբերական ինքնուրույն կյանքով են ապրում՝ ներկայի միջով դեպի ապագան միտված: Ուստի մենք մեր արմատները սաղարթից ու ծառացողունից հարկ է մակաբերենք՝ վերաիմաստավորելով ողջը և ամենը: Մեր ոսկեդարյան, արծաթեդարյան կամ նոր ժամանակների մշակութային արժեքները և մեր մշակութային ներկան մեկ ուղիղ գծի վրա չեն շարահարված, ունեն վերընթաց, խոտորընթաց, տարամիտում ու ճյուղավորումներ, որ բնարմատն իրենց մեջ ու իրենց հետ են կրում՝ նվազագույն շեղընթացի հույսով: Մեր մեջ եվրոպականը ընդհանուր արժեհամակարգն է, որն ինքներս ենք նաև գոյավորել: Ինչ դրանից դուրս է, այն չարիցն է, ինչին մենք համակերպվել ենք մեզ պարտադրված անհավասար, սակայն մշտապես ելքերը պրպտող գոյապայքարում:
-Բնագիրը չիմացող ընթերցողը ինչպե՞ս կարող է որոշել թարգմանության որակը:
-Իտալական ասացվածքը հավաստում է՝ Traduttore e tradittore, թարգմանիչը դավաճան է: Սրանից թերևս կարելի է ելնե՛լ, սակայն այն, ըստ էության, նույնպիսի թերասացություն է, ինչպես այն, որ երկրագունդը կլոր է, քանզի մենք գիտենք, որ կլո՛ր էլ կա, կլո՛ր էլ: Ասել կուզի, թարգմանությունը չի կարող լինել կատարյալ՝ վերևում ասվածի օրինակով: Սակայն կատարյալին ձգտելու համար, նախ ինչ-որ բան պետք է ձեռնարկվի, որպեսզի նաև թերությունների մասին հնարավոր լինի խոսել: Այս իմաստով, գաղտնիք չէ, որ թարգմանիչը, մեծ հաշվով, նաև մեկնաբան է: Ենթադրենք մեկը որևէ գեղարվեստական գիրք է թարգմանել և ինչ-որ մեկին ինչ-ինչ տեղիներ դուր չեն գալիս, ճի՞շտ է, արդյոք, թարգմանված, թե՞ ոչ: Մինչդեռ այդ նույն պահին, զուգահեռաբար, նույն բնագրային լեզվական տարերքին հաղորդակցվող մասնագիտական շրջաններում շատուշատ հարցեր դեռևս բանավեճի առարկա են, թե ինչպես հասկանալ հեղինակի այս կամ այն դժվարամարս տեղին: Այս դեպքում ի՞նչ կարող է անել թարգմանիչը: Նա գործում է սեփական նախընտրությամբ և ավարտական լեզվաոճական տեսք է տալիս բնագրային իր ընկալումներին, դեռ մի բան էլ՝ թարգմանված լեզվի իր նախապատվություններին հարմարեցնելով: Այս առումով՝ կերպարվեստի ու երաժշտարվեստի գործերն են անգամ տարակարծությունների տեղիք տալիս, ուր մնաց ոգու ու բառամթերքի միախառնուրդից հունցված գեղարվեստական բազմաֆունկցիոնալ տեքստը:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
Լուսանկարը՝ www.granish.org-ի
traduttore è traditore