ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը օգոստոսի 9-ին մեկնում է 31-րդ ամառային օլիմպիական խաղեր: Մեկնելուց առաջ «Առավոտը» զրուցեց նախարարի հետ:
-Պարոն նախարար, ի՞նչ օրակարգ եք ունենալու օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում:
-Ասեմ, որ շատ երկար չեմ մնալու: Բայց Ռիոյում օրերս հագեցած են լինելու: Նախ, որպես սպորտի պետական կառույցի ղեկավար, պարտավոր եմ լինել մեր օլիմպիական պատվիրակության հետ՝ տեղյակ լինելու նրանց առօրյային, բնակության, մարզումային եւ մրցումային պայմաններին, ոգեւորելու խաղերի մասնակից մեր մարզիկներին: Օլիմպիական խաղերը միայն մրցասպարեզներում մարզիկների պայքարը չէ: Այնտեղ են լինելու մասնակից երկրների պետական պաշտոնական ներկայացուցիչները: Դա շատ լավ առիթ է իմ գործընկերներին՝ միջազգային ամենատարբեր մարզական կառույցների ղեկավարների հետ հանդիպելու, բանակցելու, համագործակցության նոր եզրեր սահմանագծելու համար, ինչը անչափ օգտակար կլինի օլիմպիական խաղերից հետո բոլոր երկրներում ոլորտի աշխատանքները միասնական ծրագրերով կազմակերպելու եւ սպորտը ճիշտ ճանապարհով զարգացնելու առումով: -Ինչո՞վ եք բացատրում, որ մեր երկիրն այս օլիմպիական խաղերի ռեկորդային թվով շատ մասնակից ունի:
Դա պետության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ օլիմպիական քառամյա ցիկլի ընթացքում իրականացված համատեղ ու նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է, որի ընթացքում չի անտեսվել ոչ մի մանրուք: Ինձ ավելի շատ ուրախացնում է ոչ այնքան մասնակիցների քանակը, որքան որակը: 33 օլիմպիականներից 30-ն այդ իրավունքը նվաճել են դժվար պայքարում: Թեեւ, անկեղծ ասած, այդպիսիների թիվը կարող էր ավելի լինել: Օրինակ, մեր ջրացատկորդներին շատ քիչ չբավականացրեց, ըմբշամարտում էլ կարող էինք մեկ-երկու հոգի ավելի ունենալ: Դրա փոխարեն հաճելիորեն ուրախացրին բռնցքամարտիկները, աթլետները: Իսկ ինչ վերաբերում է հրաձիգ Հրաչ Բաբայանին, որ նա «սպիտակ քարտով» է մասնակցում, դա դեռ չի նշանակում, թե նա չի պայքարելու բարձր տեղերի համար: Այդ երիտասարդ հրաձիգը ի վիճակի է շատ անակնկալներ մատուցել թե մրցակիցներին, թե մեզ բոլորիս:
Կարդացեք նաև
-Այսինքն, «կարեւորը մասնակցությունն է», օլիմպիական կարգախոսն այլեւս մեզ համար չէ՞:
-Հենց այդպես էլ կա: Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալները մեզ այլեւս չեն գոհացնի: Մեր մարզիկներից շատերը Ռիոյում միանգամայն ի վիճակի են պայքարել ոսկու համար: Մնում է, որ նրանք պահպանեն պայքարի ոգին, որ դրսեւորել են նախաօլիմպիական քառամյա ամբողջ շրջափուլի ընթացքում, հավատան իրենց ուժերին եւ մարզական ճակատագիրը մի փոքր բարեհաճ գտնվի նրանց նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հ. Գ. Նախարարը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից մեդալների քանակի եւ որակի վերաբերյալ իր տեսակետն ունի, սակայն գերադասում է դրանց մասին նախապես չխոսել: