Վիտամին B12 պակասորդային սակավարյունության առաջացման պատճառները կարող են լինել արտաքին (սննդային) եւ ներքին: Վիտամին B12-ը գտնվում է կենդանական սննդի բոլոր տարատեսակներում, ուստի վիտամին B12-ի սննդային անբավարարությունը հանդիպում է հազվադեպ: Բացի այդ, օրգանիզմում առկա վիտամին B12-ի պաշարը բավարարում է 3-6 տարի: Ներծծման խանգարումներ ունեցող անհատների եւ խստապահ բուսակերների մոտ տարիների ընթացքում կարող է զարգանալ կոբալամինի պակաս:
Վիտամին B12-ի պակասի ախտորոշման համար ամենակարեւորը ծայրամասային արյան եւ ոսկրածուծի բջիջների ձեւաբանական ուսումնասիրությունն է:
Տարբերակիչ ախտորոշումը
Վիտամին B12 պակասորդային սակավարյունությունը տարբերակում են հետեւյալ հիվանդություններից.
– ֆոլաթթվի պակասի հետեւանքով զարգացող սակավարյունություն (Ֆ-ՊՍ)՝ հանդիպում է ավելի երիտասարդ տարիքում, զուրկ է նյարդային եւ ստամոքս-աղիքային համակարգի ախտահարումներից,
– աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ (ԱԻՀՍ)՝ պանցիտոպենիայի պատկերով՝ բացակայում է մեգալոբլաստային արյունաստեղծումը, բնորոշ է բարձր ռետիկուլոցիտոզը, դրական է ուղղակի հակագլոբուլինային (Կումբսի ուղղակի) թեստը,
– Մարկիաֆավա-Միկելիի հիվանդություն (նոպայաձև գիշերային հեմոգլոբինամիզություն)՝ բնորոշ են ներանոթային հեմոլիզը, հեմոսիդերինամիզություն, դրական են շաքարային եւ թթվային թեստերը, սակավարյունությունը կրում է նորմոքրոմ կամ հիպոքրոմ բնույթ:
Բուժումը
Բուժումը ներառում է վիտամին B12-ի (ցիանկոբալամին, հիդրօքսիկոբալամին) ներարկումներ այնպիսի դեղաչափերով, որոնք կապահովեն վիտամին B12-ի օրվա պահանջը եւ օրգանիզմում նրա պաշարների վերականգնումը: Վիտամին B12-ի գերդոզավորումը (1000 մկգ բարձր) ընկճում է սպիտակուցների տեղաշարժը եւ նպաստում է երիկամներով դրանց կորստին:
Բուժման արդյունքում լավանում է հիվանդների ինքնազգացումը, վերանում են գանգատները, աստիճանաբար անհայտանում են կլինիկական ախտանշանները, կարգավորվում է արյունաստեղծումը, որը գնահատվում է բուժման 3-5 օրը ծայրամասային արյան մեջ ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով: Վիտամին B12-ի պակասը կանխելու նպատակով անհրաժեշտ է այն նշանակել ստամոքսի կամ բարակ աղիների մասնահատումով հիվանդներին:
Նյութը` ըստ Doctors.am-ի
«Առավոտ» օրաթերթ