Ազատության հրապարակում, այն ժամանակահատվածում, երբ ընթանում է հանրահավաքը եւ խոսում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, հավանաբար, հարակից սրճարաններից երաժշտության բարձր ձայն է լսվում: Աշոտ Մանուչարյանը համարեց, որ այդպես փորձում են խոչընդոտել իրենց. «Կարող եք միացնել աշխարհի բոլոր երաժշտությունները, ռոքերը, սեքսերը: Հայկականության ձայնը, այս հրապարակի ձայնը միշտ հասնելու է ողջ հայ ժողովրդին, եւ նրա միջոցով աշխարհի բոլոր բարեկամ ժողովուրդներին»:
Ապա ներկայացնելով իրենց անելիքը, Մանուչարյանն ասաց.«Ի՞նչ ենք անելու, ոնց ենք կյանքի կոչելու մեր հրապարակը: Երբ երիտասարդներին հալածելով՝ փորձում են ուղղորդել երիտասարդությանն ուրիշ ուղիով, բոլոր մեր երիտասարդները պետք է իմանան՝ այդ զինյալ պայքարի կոչերը, այդ ուղղորդումները, բոլորը կատարվում են դրսից, եւ դրսի թելադրանքով գործող մեր իշխանավորներից, որոնք ուզում են են ցույց տալ, որ միայն զենքով պայքարելու միջոցով կարելի է մի բան հաստատել: Զենքով արյան թատերաբեմ կարելի է վերածել ցանկացած երկիր: Այդպես է եղել Սիրիայում, Իրաքում, հազար ու մի երկրում: Հայաստանը չի գնալու այդ ճանապարհով: Այդ ճանապարհը կասեցնելու համար մեր ողջ ժողովուդը պետք է ոտքի կանգնի, եւ մեր խնդիրն է այս հրապարակը պատրաստել, ողջ Հայաստանն ու ողջ ժողովրդին պատարաստել այդ անցման համար, կառավարման անցումը բարդ խնդիր է»:
Հետո Մանուչարյանն առաջարկեց ապստամբության օր նշանակել. այս միտքը դուր եկավ հանրահավաքի մասնակիցներին, որոնք ծափահարեցին.«Սա նշանակում է, բացարձակապես ոչ այն ապստամբությունը, որը հիվանդագին ուղեղներում մեր կառավարիչների, արտաքին պատվեր կատարողների, ծնվում է: Զենք-մենք՝ ո՛չ: Ապստամբությունը մի բանով է կայանում՝ ժողովուրդը մեկ օր պետք է հայտնվի այս հրապարակում, եւ ասի՝ ավարտված է արտաքին իշխանությունը, ես տերն եմ իմ երկրի: Եկեք նշանակենք ապստամբության օր: Առաջարկում եմ բոլոր ցանցերում քննարկենք ապստամբության օրը: Ես պատրաստվում եմ ապստամբության օրը քննարկել Սերժ Սարգսյանի հետ, միգուցե նա որոշի միանալ այդ օրին»:
Մանուչարյանը մի պատմություն պատմեց, որը, նրա ասելով, տեղի է ունեցել տարիներ առաջ: Նա գնացել էր հանդիպման Վազգեն Մանուկյանի հետ, այդ հանդիպմանը, ինչպես ասաց Մանուչարյանը, Արմենիա հյուրանոցի մոտ, ներկա էին Ռոբերտ Քոչարյանը, որն այն ժամանակ ՀՀ նախագահն էր, Տիգրան Սարգսյանը, Գառնիկ Իսագուլյանը, որն այն ժամանակ Քոչարյանի խորհրդականն էր եւ Շավարշ Քոչարյանը.«2 րոպեից 70 անց մուրացկան կին ձեռքը մեկնում է Տիգրան Սարգսյանին, ասում՝ հացի փող կտա՞ս: Տիգրան Սարգսյանը ժպտալով ասում է՝ չէ, չեմ տա: Կինն ասում է՝ ինչո՞ւ: Ասում է՝ չունեմ: Ասում ա՝ էդ ոնց ա պատահել, որ չունես: Դե ասում ա՝ չունեմ էլի, չունեմ: Բայց ո՞նց ա պատահել, որ չունես: Վազգեն Մանուկյանը, տեսնելով, որ խոսակցությունը երկարում է, մանր դրամ է հանում ու մեկնում տիկնոջը: Տիկինը Վազգեն Մանուկյանին ասում է՝ պարոն Մանուկյան, ձեր փողն ինձ պետք չէ: Հետո շուռ է գալիս նստածներին հերթով ասում՝ ձերն էլ պետք չի, ձերն էլ պետք չի: Շուռ է գալիս նորից Տիգրան Սարգսյանին ու ասում՝ պարոն Տիգրան Սարգսյան, էդ ի՞նչ է եղել, որ դու մոռացել ես իմ հացի փողը: Բոլորս քարացանք, հասկացանք, որ սա լրիվ այլ խոսակցություն է, Տիգրանն արդեն մեղավոր տեսքով ասում է՝ դե, տենց ստացվեց, դե գիտեք, էսօր շատ շտապում էի: Բայց ինչո՞ւ էիք շտապում: Վազգեն Մանուկյանն ասաց՝ տիկին, դուք ճիշտ եք, բայց մենք խոսելու բան ունենք: Տիկինն ասաց՝ ես հիմա գնում եմ, բայց ուզում էի մի բան ինձ համար պարզել՝ ո՞նց է եղել, որ էս մարդը մոռացել է իմ հացի փողը: Ես հիմա այս հարցը ուղղում եմ Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, մյուսին, մյուսին, ո՞նց է եղել, որ դուք ձեր մոր հացի փողը մոռացել եք»:
Կարդացեք նաև
Շարունակելով պատմությունը՝ Մանուչարյանն ասաց, որ Իսագուլյանն այդ պահին արձագանքել էր՝ այսպես է, աշխատում ես, աշխատում ես, էլի խնդիր կա: Մանուչարյանն էլ հակադարձել է Իսագուլյանին, ասելով, որ նախագահը թանկարժեք փողկապ է կապել, իսկ այդ կինը մնացել է առանց հացի. «Հիմա, որն է լինելու առաջին քայլը, որ Սերժ Սարգսյանը միանա մեր ապստամբության օրվան՝ նա պետք է 3 դոլարանոց փողկապ կապի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հարգելի Աշոտ, հրաժարական երբեք չի լինի, հրաժարականով էլ բան չի փոխվի, որովհետեւ մի հանցավոր խունտա կփոխարինվի մյուսով: Խաղաղ ճանապարհով իշխանություն չի տրվի ժաղովրդին, քանի որ հետեւում դատ ու դատաստան պահանջող հանցագործությունների շարան գոյություն ունի: Այդ պատճառով նրանք կգնան ցանկացած քայլի՝ կաշի փրկելու միտումով մթագնած: Մեծ արյունից խուսափելու լավագույն ելքը պալատական դավադրությունն ու հեղաշրջումը կարող է լինել՝ կարճատեւ պլանում: Ավելի երկարատեւ, սակայն վստահելի պլանով, պետք է աստիճանաբար լիկվիդացնել համակարգի քրեա-օլգիարխիկ հենարանը՝ բոլոր միջոցներով, սիստեմատիկ ու համառ աշխատանքով, գաղտնի դաշնակցելով փոքր-ինչ կարգին ու մաքուր անցյալով գործարար, ուժային ու պետական դեմքերի հետ, երաշխիքներ տալով նրանց: