Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյանի հարցը Սերժ Սարգսյանին.«Սա քո՞ պլանն է, թե՞ քո ենթակաների»

Օգոստոս 05,2016 21:53

«Էդ որի՞դ որոշումն է Հայաստանը դարձնել Իսլամական պետություն»,-այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրապարակի հարթակից հարց ուղղեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ապա նա հավաքվածներին սկսեց բացատրել, թե ինչ է նշանակում Իսլամական պետություն  եւ ինչպես է  այն ստեղծվում. «Իսլամի ժողովուրդը հանգիստ ապրում էին իրենց հայրենիքում, բայց իրենց սկսեցին զրկել իրենց  բնական պաշարներից, իրենց երկրներում սկսեցին ժողովուրդներին անխնա հալածել, նրանց կենսամակարդակը կտրուկ ընկավ, նրանց իշխողներին ստիպում էին այլ բարքեր մտցնել իրենց երկրներում: Եվ վերջապես այդ ժողովուրդների սիրտը պայթեց, եւ նրանք փնտրում էին փրկություն, ինչպես փրկել իրենց կյանքը այդ զավթիչներից, այդ հալածողներից, օտարի ձեռքին գործիք դարձած իրենց իշխանավորներից: Եվ ստեղծվեց մի պատմություն՝ եթե նրանք վերադառնան սկզբնական Իսլամին, ապա ամեն ինչ կարգին կլինի:

Եվ քանի որ վերադարձն անհնար է, ապա նրանք պետք է ընդհատակյա խմբեր ստեղծեն, զինեն, ցանցային ընդհատակյա համակարգ ստեղծեն, որը անհրաժեշտ պահին կպայթեցնի երկիրը եւ ստեղծի ահաբեկչական, մեծ դաժանությամբ գործող այն համակարգը, որը ստեղծել են: Դաժանությունն էլ պայմանավորված է միմիայն հալածանքի դաժանությամբ: Այսօր բացարձակապես նույն տեխոնոլոգիան կիրառվում է Հայաստանում: Մի տարբերությամբ՝ երեւի թե ինչ-որ մեկը որոշել է  փորձի՝ Իսլամը պարտադի՞ր է, թե քրիստոնեական երկրում նույնպես հնարավոր է՝ անխնա, շատ ստոր, դավադիր հալածանքներով, երեխաներին հետապնդելով…

Տարեց կնոջ են տարել այնտեղ, 3 զավակների մոր, 60 տարեկան կնոջը հարցաքննության են տարել: Այդ ստորությունները կատարելով եւ այլն, ստիպել են, որ այստեղ էլ ստեղծվեն զինապահեստներ: Հուշում են՝ զինապահեստ ենք հայտնաբերել, ահաբեկիչ ենք հայտնաբերել: Էդ որտեղի՞ց եք այդ ամենը հայտնաբերել, ո՞վ է այդ ամենը ստեղծել:  Որտեղի՞ց է այդ ամենը գոյանում: Եվ ես հարց եմ տալիս Սերժ Սարգսյանին՝ սա քո՞  պլանն է, թե՞ դա քո ենթականներն են ստեղծում: Ես քեզ տեղեկացնում եմ, Սերժ Սարգսյան, կատարվում է խոշորագույն դավադրություն Հայաստանի դեմ: Եթե դա դու ես, ուրեմն իմացիր, ահավոր է լինելու պատասխանատվությունը սրա հետ կապված: Եթե դու չես, պարտավոր ես անմիջապես հայտնաբերել քո այն ենթականերին, լինի քո աշխատակազմում, կլինի հատուկ ծառայություններում, որոնք ստոր դավադիր պատմություններով ստիպել են գնալ երեխաների ահաբեկմանը, որ այստեղ բնականոն քաղաքական գորըծընթաց չլինի, որ լինեն ցանցային համակարգեր եւ Հայաստանը պայթեցվի»:

Մանուչարյանն ասաց, որ այդ ամենը պարզելը ողջ հայ ժողովրդի գործն է, ապա դիմեց նաեւ Սփյուռքին, նշելով, որ նրանք մտածող մարդիկ են, այս ամենը տեսնում են, անհապաղ կազմեն խմբեր եւ Հայաստանի, այսպես կոչված  ղեկավարներից պահանջեն պատասխան. «Բայց ես հարցնում եմ Սերժ Սարգսյանից՝ սա ի՞նչ ստորություն է մեր ժողովրդի հանդեպ»:

Հարթակում Մանուչարյանի կողիքն մի փոքրիկ աղջնակ էր կանգնած, որի ձեռքին «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Պավլիկ Մանուկյանի նկարն էր: Նայելով փոքրիկին՝ Մանուչարյանն ասաց. «Այստեղ մի օգնական է հայտնվել, Սերժ Սարգսյանին զգուշացնում եմ,  եթե  փորձի նրան էլ քրեական պատասխանատվության կանչի, ապա գործ է ունենալու ամբողջ  աշխարհի ժողովուրդների հետ»:

Մանուչարյանն ասաց, որ մի ակնթարթ չեն դադարեցնելու  այս գործընթացը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031