Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը Կյուրեղյանների մորը՝ տիկին Նվարդին, խնդրել է այսօր չներկայանալ բաժին

Օգոստոս 05,2016 20:23

Այսօր առավոտյան Կյուրեղյան եղբայրների մորը՝ Նվարդ Բիլյանին (լուսանկարում), ոստիկանները բերման ենթարկելուց հետո, ծանուցագիր էին ուղարկել, որ երեկոյան  19.30-ին կրկին ներկայանա ոստիկանություն:  Քիչ առաջ տիկին Նվարդից Aravot.am-ը տեղեկացավ, որ քննիչը զանգահարել է նրա փաստաբանին եւ խնդրել չներկայանալ. «Քննիչն ասել է՝ խիստ ծանրաբեռնված եմ, առաջիկայում կկանչեմ, կբացատրեմ ինչ խնդիր է»:

Նվարդ Բիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քննիչը չի հիմնավորել, թե ինչու իր պաշտպանյալը չպիտի ներկայանա.«Ես ասացի, որ մենք պետք է ներկայանանք, քանի որ ծանուցում եք ուղարկել, եւ եթե չներկայանանք, վաղը կրկին բերման կենթարկեք, կասեք՝ ծանուցագրով չներկայանալու հիմքով եք բերման ենթարկում, եւ չենք տրվելու ձեր էժանագին հնարքներին: Քննիչն իմ ամեն փաստարկից հետո անջատում էր հեռախոսը, ըստ երեւույթին կապվում էր ղեկավարության հետ, հետո զանգում էր, ասում՝  ես ազնվությամբ ասում եմ՝ տենց բան չեմ անի, սրիկա չեմ: Հանգեցինք նրան, որ ես կձայնագրեմ մեր խոսակցությունը, որ քննիչն ինքն է ասում՝ մի եկեք»:

Քիչ առաջ քննչական կոմիտեն հաղորդագրություն է  տարածել, ըստ որի ծառայողական քննություն է նշանակվել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։ Ըստ նույն հաղորդագրության,  ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին (Հայկ, Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրիկը- խմբ.) որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։  Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։

Փաստաբան Եգորյանը չի բացառում, որ Նվարդ Բիլյանին այսօր ոստիկանություն չներկայանալու քննիչի խնդրանքը հենց քննչական կոմիտեի այս որոշման հետ է կապված.«Սպասենք, տեսնենք ինչ կստացվի, եթե քննիչին չհեռացնեն»:

Հիեցնենք, որ Նվարդ Բիլյանին ոստիկանությունից այսօր ազատ են թողել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ահազանգից հետո:

Մեզ հետ զրույցում Նվարդ Բիլյանը պատմեց, թե ինչպես են ոստիկաններն առավոտյան նրան կոպիտ ձեւով, թեւերը կապտացնելով բերման ենթարկել:

«Ես բանից անտեղյակ, առավոտյան դուռը կոտրելով թակում էին, թե բա՝ բացեք, ոստիկանությունից ենք: Հագնվեցի, բացեցի, ներս մտան ու սկսեցին դարակները քրքրել ու գտան Արեգի զինվորական ուսապարկը՝ դիրքեր գնալու համար: Բավականին մեծ ուսապարկ է, մեջը բոլոր անհրաժեշտ բաները դիրքեր գնալու համար՝ վրան, ժիլետ, մետաղյա ափսե, տափաշիշ, որսորդական դանակ, որը խանութից է գնել, եւ համապատասխանում է որսորդական դանակի չափանիշներին: Ինձ քաշքելով տարան, ասում էին՝ Արմենակի տեղը ցույց պիտի տաս: Ասում էի՝ չգիտեմ: Մեքենայով տարան Ձորաղբյուր, հետո Լուսակերտի «դաչա», հետո Մաշտոցի ոստիկանություն, ուսապարկն էլ հետները, ասացին՝ բերման ենք ենթարկում:  Ասում էի՝ դուք խուզարկության համար որեւէ փաստաթուղթ չեք ներկայացրել, ինձ ծանուցման թուղթ չեք ներկայացրել, ի՞նչ իրավունքով եք խուզարկում ու բերման ենթարկում: Հետո փողոցից երկու կին կանչեցին, ուսապարկը դատարկեցին ու արձանագրություն կազմեցին: Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել»:

Տիկին Նվարդը վստահ է, որ իրավապահ մարմինների այս գործողությունները քաղաքական նպատակ են հետապնդում, եւ կալանավորված որդիների նկատմամբ ճնշում գործադրելու միջոց. «Ուրիշ բացատրություն չունեմ»:

Հիշեցնենք, որ տիկին Նվարդի մի որդին՝ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է   9 տարվա ազատազրկմա՝ն Շանթ Հարությունյանի  դատավարության ժամանակ դրսում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար: Իսկ մյուս որդիները՝ Արեգն ու Սերգեյը,«Սասնա ծռեր» խմբի անդամներ են, որոնք հուլիսի 17-ին գրավել էի պարեկապահակային ծառայության գնդի տարածքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031