Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում կայացող՝ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմայկովի դատավարությունն անցավ բուռն քննարկումներով:
Տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնող Արթուր Սաքունցը երկու միջնորդություն ներկայացրեց: Նա միջնորդեց, որ քննչական փորձարարություն իրականացնեն Ավետիսյանների տանը, քանի որ նախաքննության ընթացքում դեպքի վայրում չի կատարվել քննչական փորձարարություն և երկրորդ՝ պարզել կրակոցների ձայների լսելության հարցը: Ըստ Արթուր Սաքունցի՝ կրակոցների ձայները վկաները չեն լսել, անհրաժեշտ է պարզել, թե AKC74 ինքնաձիգից կրակոցներ արձակելու դեպքում որքա՞ն հեռավորության վրա հնարավոր կլինի լսել կրակոցների ձայները: Արթուր Սաքունցի պարզաբանմամբ, եթե սրանք չկատարվեն, կխախտվեն քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը:
Դատախազ Գևորգ Գևորգյանը միանգամից առարկեց միջնորդությանն՝ ասելով, որ չի հասկանում միջնորդության իմաստը: Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ չի կարող դիրքորոշում հայտնել այս միջնորդության շուրջ. թեև գտնում է, որ այս հարցը կարևոր է, էական, սակայն քնած ժամանակ պիտի ստուգել՝ կրակոցները լսվո՞ւմ են, թե՞ ոչ, հարևանները չեն լսել կամ գուցե լսել են, ասում են՝ չենք լսել: Արթուր Սաքունցը նորից կրկնեց իր միջնորդության իմաստը՝ հստակեցնելով, որ դա քննչական մարմնի թերացումն է եղել, կրակոցների արձակման դեպքում կրակոցների չափման սարքով պիտի ստուգել. այն կարող է աղմուկի ուժգնությունը չափել՝ որքանո՞վ են մարդուն լսելի դառնում կրակոցները: «Ես միջնորդում եմ կրակոցների ձայների լսելության աստիճանը որոշել: Ես կասկածի տակ եմ դնում կրակոցների լսելիությունը, եւ երկրորդ՝ Պերմյակովը դեպքի վայրում ցույց չի տվել իր գործողությունների հերթականությունը, զարմանում եմ՝ ինչպե՞ս եք վստահում այդ քննչական գործողություններին: Դրանք պետք է ստուգել», -ասաց Արթուր Սաքունցը:
Փաստաբան Երեմ Սարգսյանը համաձայնեց այն միջնոդությանը, որ Պերմյակովին պետք է տանել Ավետիսյանների տուն, որպեսզի ցույց տա իր գործողությունների հերթականությունը, միայն թե անհրաժեշտ է հարազատների համաձայնությունը: Իսկ կրակոցների լսելիությունը, ըստ Երեմ Սարգսյանի, պետք է չափել քնած վիճակում: Լուսինե Սահակյանը համաձայնեց Ավետիսյանների տանը փորձարարություն կատարելուն, սակայն առարկեց կրակոցների լսելիությունը ստուգելու միջնորդությանը: Ըստ նրա՝ ինքն այս հարցը քննարկել է բազմաթիվ մասնագետների հետ. կան մարդիկ խորն են քնում, կան մարդիկ, որոնք թեթևակի աղմուկից արթնանում են: «Միայն ձայնի ուժգնությունը պարզելով՝ ոչինչ չենք պարզի, զուտ այդ իմաստով եմ առարկում, որ մեխանիզմը չեմ տեսնում»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցը շարունակեց պնդել իր միջնորդությունն՝ասելով. «Հարգելի դատարան, ես չեմ ասում՝ լավ են լսում, թե ոչ, ես ասում եմ կրակոցի ժամանակ ձայնն ինչքան հեռավորության վրա է լսվում: Ես չեմ քննում՝ բնակիչները խորն են քնում, թե կիսախորը, սա գործի օբյեկտիվ քննության տեսանկյունից շատ կարևոր է»:
Հերթը հասավ ամբաստանյալից՝ Պերմյակովից կարծիք հարցնելուն, վերջինս դեմ կանգնեց, որ կրակոցների լսելիությունը չափվի: Նա նաև դեմ էր, որ իրեն տանեին Ավետիսյանների տուն՝ իր գործողությունների հերթականությունը ցույց տալու: Արթուր Սաքունցը պնդում էր, որ չպիտի վստահել ռուսական կողմի անցկացրած քննչական փորձարարություններին, քանի որ դրանք անցկացվել են ռազմաբազայի սպաների վերահսկողության ներքո:
Փաստաբան Միհրան Պողոսյանը Վալերի Պերմյակովից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի ուզում մասնակցել քննչական գործողությունների, երբ մեկ անգամ արդեն համաձայնել է: Պերմյակովն ասաց, որ չի կարող ասել: Նա նաեւ, պատասխանելով Արթուր Սաքունցի այն հարցին, թե դուք եղե՞լ եք Ավետիսյանների տանը քննչական գործողություններ իրականցնելիս, ասաց՝ ոչ: Լուսինե Սահակյանը Պերմյակովին հարցրեց՝ միգուցե պատճառն ասեք՝ ինչո՞ւ եք հրաժարվում քննչական գործողություններից, վերջինս ասաց՝ չեմ ասի: Լուսինե Սահակյանի այն հարցին, թե հնարավո՞ր է վախենում եք Ավետիսյանների տուն գնալ, մտածում եք ձեր կյանքին կարող է վտանգ սպառնալ, վերջինս պատասխանեց՝ ոչ:
Կրակոցների թեմայով վիճաբանություն սկսվեց Արթուր Սաքունցի ու Լուսինե Սահակյանի միջև: Լուսինե Սահակյանն ասաց. «Հիմա ո՞նց եք պատկերացնում, գնանք «Կալաշնիկով» վերցնենք, կրակենք, մի քանի հոգի մեռնե՞ն… Ո՞վ կմասնակցի այդ փորձարարությանը»:
Արթուր Սաքունցը հակադարձեց. «Ես չեմ ասում մարդկանց քնացնենք, կրակենք, ասում եմ ձայների չափելիությունը որոշենք, էլ ոնց բացատրեմ»: Լուսինե Սահակյանը նկատեց, որ մարտական ու ուսուցողական կրակոցները լրիվ տարբեր են:
Դատախազն էլ պնդեց, որ կրակոցների լսելիության բացահայտումը ոչ մի օբյեկտիվ բան չի տա: Դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց Արթուր Սաքունցի այս միջնորդությունները:
Արթուր Սաքունցը միջնորդեց անթույլատրելի համարել ՌԴ-ի որոշ քննչական գործողություններ:
«ՌԴ-ի քննչական կոմիտեն իրավունք չուներ քրեական գործ հարուցել, մենք չենք կարող թույլ տալ, որ Ավետիսյանների սպանությունը մնա անհասկանալի, սա է ամբողջ մտահգությունս»,-ասաց Արթուր Սաքունցը: Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք երկու քրեական գործեր հարուցելու մասին իրենց դիրքորոշումը վաղուց հայտնել են, սակայն առանձին քրեական գործերի հարուցը չի ազդում ապացույցների ձեռք բերման վրա, բոլոր ապացույցները ձեռք են բերվել օրենքի պահպանմամբ: Այս միջնորդությունը դատարանը կքննարկի հաջորդ ուրբաթ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ