Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկարգություններին մասնակից քաղաքացիական հագուստով անձանցից որեւէ մեկը երբեք չի պատժվելու»

Օգոստոս 05,2016 19:00

«Այդ մարդիկ  ինքնուրույն  որեւէ քայլի չէին գնա, եթե չլիներ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցում»,- ի պատասխան Aravot.am-ի դիտարկմանը, թե լրատվամիջոցներով հրապարակվել են հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը անկարգությունների մասնակից անձանց լուսանկարներ, որոնք, այլ առիթներով ՀՀ ոստիկանապետի թիկունքում են պատկերված, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Պարոն Իշխանյանը համոզմունք հայտնեց, որ այդ անձանցից որեւէ մեկը «երբեք չի պատժվի, որովհետեւ դա եղել է ոչ թե իրենց ինքնագործունեությունը, այլ եղել է որոշում եւ հրահանգ»: «Դա նույնն է, ինչ որ ընտրությունների ժամանակ տարբեր տիպի քրեական տարրեր խախտումներ են անում, ահաբեկում են ե՛ւ դիտորդներին ե՛ւ լրագրողներին, կեղծում են ընտրությունները, եւ դրանով ավարտվում է»,-ասաց նա:

Անդրադառնալով նաեւ այն տեսանյութերին, որտեղ երեւում է, որ քաղաքացիներին ցույցի ժամանակ բռության են ենթարկում քաղաքացիական հագուստով անձիք, որոնց անունները եւ լուսանկարները շրջանառվում են որպես ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորներ, ասաց, որ  միշտ էլ այդպես է եղել եւ, որ քաղաքական ճգնաժամերի ժամանակ Հայաստանում «բոլոր տեսակի օրենքներն ու իրավունքները մոռացվում են եւ ամեն ինչ կատարվում է օրենքից դուրս»:

Ըստ Ավետիք Իշխանյանի. «Տվյալ դեպքում ե՛ւ ոստիկանության, ե՛ւ քննչական տարբեր ծառայությունների գործողությունները, ե՛ւ իշխանամետ շրջանակների մասնակցությունն այդ անօրինականություններին, ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, այլեւ, նույնիսկ, այդ ճանապարհին չէ: Միջազգային հանրության համար ձեւեր է թափում, թե մարդու իրավունքների ռազմավարություն ունի, ինչ-որ օրենքներ են ընդունվում, կոնվենցիաներին են միանում եւ այլն, այդ  ամբողջը ձեւական է: Իրականում Հայաստանը գտնվում է մի խումբ մարդկանց ձեռքին, եւ այդ մի խումբ մարդիկ ինչ ուզեն՝ կարող են անել քաղաքացու հետ»:

Արդյոք ինչ-որ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք շարքով անցնում են ՊՊԾ գնդի պատնեշից այն կողմ եւ բերաններն ինչ-որ բան են գցում, դատելով համացանցում տարածված տեսանյութից , ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ շրջանառության մեջ դրված հաբեր կուլ տալու վարկածը համարում են անհեթեթ եւ այդ հարցին չեն ցանկանում պատասխանել:

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկունքում լուսանկարներում պատկերված անձանց, որոնց թվում է Գագիկ Զոհրաբյանը, ապա ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ «չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ», ավելին՝ «այդ օրը բռնություն է գործադրվել նաեւ Գ. Զոհրաբյանի նկատմամբ»:

Իսկ այն անձանց վերաբերյալ էլ, որոնք  մասնակցել են անկարգություններին եւ «դուբինկաներով» ծեծել ցույցի մասնակիցներին, ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:

«Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»,- հայտնում են ոստիկանությունից:

Նկատենք, որ «Սիվիլնեթի» տվյալ օրը նկարահանած տեսանյութը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության ծառայողների թիկունքից առաջանում են քաղաքացիական հագուստով անձինք, որոնցից մի մասի ձեռքում մահակներ կան։ Իսկ armtimes.com-ն այդ մասին գրել էր, որ այդ անձանցից մեկը 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն Է՝ Դավիթ Հախանումյանը»:

Նշենք, որ անկարգությունների մասնակից անձանց վերաբերյալ գործերի մի մասը Քննչական կոմիտեում է, որոշ գործեր էլ` Հատուկ քննչական ծառայությունում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այս առնչությամբ ասաց «Առավոտին». «ԶԼՄ-ներում այդ իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել, տարբեր վարկածներ առաջ քաշվել։ Հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ՝ ՔԿ իրավասության շրջանակներում։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մշակվում են բոլոր հնարավոր վարկածները, որոնք ստուգվում են նախաքննության ընթացքում։ Արդյունքներով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031