Մի շարք հասարակական կազմակերպություններ, երկրում տիրող իրավիճակն օրհասական համարելով, միավորվել են: Նրանք կնքել են հուշագիր` ընդհանուր ճակատով հանդես գալու համար: Շուտով կազմակերպությունները կստեղծեն ինտերնետային կայք, ֆեյսբուքյան էջ: Հուշագիրը բաց է բոլոր ստորագրել ցանկացողների համար:
«Նոյյան տապան» մամուլի սրահում հուշագիրը ստորագրած «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոսացիա» հ/կ նախագահ Խաչատուր Մարոզյանը հայտարարեց. «Մենք կանգնած ենք նաև քաղաքական ճգնաժամի առաջ»:
«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կոչ արեց ՀՀ նախագահին. «Պիտի դիմենք ՀՀ նախագահին, որ նա նոր ուժեր ներգրավի՝ բացի օլիգարխներից, իր մտերիմներից»:
«Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանն էլ պատմեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը հավաքվել ու որոշել են կանգնել բանակի ու հասարակության կողքին՝ պաշտպանության նախարարի հրամանով արդեն երրորդ օրն առաջին գծում են եղել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, պարոն Չիլինգարյանը հայտարարեց, թե սխալ է նրանց «ահաբեկիչ» որակելը, «նրանք առյուծասիրտ տղաներ են» ու նշեց, թե «դաժան է մեզ համար, որ մեր ընկերները փակված են»: Միևնույն ժամանակ պարոն Չիլինգարյանը շեշտեց, թե իր համար ընդունելի չէ այն տարբերակը, երբ ասում են` «նախագահ, դավայ ձեր տուն, մենք ենք գալիս». «Ես միշտ կաջակցեմ այն ուժերին, որոնք կկանգնեն նախագահի կողքին ու կփորձեն ինչ-որ բան փոխել, ու այս պարագայում կարևոր չէ` ես նախագահին սիրում եմ, թե` ոչ»:
Տիգրան Հովհաննիսյանն էլ հավելեց. «Դա ընդվզում էր, այլ տարբերակ չունեին, ուստի իրենց բողոքն այդ կերպ արտահայտեցին»:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականին` Խաչատուր Մարոզյանը նկատեց. «Այդպիսով միգուցե փորձ է արվում մի փոքր հանգստացնել ընդվզող հասարակությանը: Բայց գլխավոր դատախազն այս իրադարձությունների հետ ամենաքիչը կապ ունի, կա ոստիկանապետ… իսկ մանր-մունր ոստիկանների պաշտոնանկությունը ցավին դարման չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի