Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխությանը զուգահեռ` հակառակ ուղղությամբ

Օգոստոս 05,2016 17:58

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել: ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ, կառավարման համակարգ, դատական իշխանություն, տեղական ինքնակառավարում եւ հանրաքվե բաժիններից:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, մասնավորապես, կառավարման համակարգի տարբերակի հանդեպ, տեղեկացնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել: Հայեցակարգը հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա:

Լրատվությունը մեկնաբանական չէ եւ պարզապես վերաբերում է Սահմանադրական փոփոխության ընթացակարգի լուսաբանմանը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս չէ հրապարակվել, հետեւաբար իրավաբանական քննարկումները առայժմ մնում են փակ, եւ Արցախի հանրությունը պետք է սպասի իմանալու համար նոր առաջարկների առավելություններն ու անպատեհությունները, որպեսզի դիրքորոշվի:

Միայն հաստատումը, թե Արցախի Հանրապետության կառավարումը կիսանախագահականից պիտի անցնի նախագահականի, տեղի է տալիս մեկնաբանությունների, հարցադրումների եւ որոշակի առումով նաեւ մտահոգությունների:

Պետք է անմիջապես հիշել, որ Արցախի կառավարման դրությունը խորհրդարանականից անցել է կիսանախագահականի եւ այժմ կա առաջադրանք անցնելու նախագահականի: Եթե փորձենք զուգահեռ գծել Հայաստանի Հանրապետության հետ` գերագույն խորհուրդ, որ խորհրդարանական համակարգին համազոր էր, ապա նախագահական, ապա կիսանախագահական եւ այժմ խորհրդարանական:

Համեմատած Հայաստանի Հանրապետության հետ, ուրեմն Արցախը կիսանախագահականից խորհրդարանականի անցնելու փոխարեն, սահմանադրականորեն ընտրում է հակառակ ուղղությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքում տեսակետ էր հնչել, որ Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի զինյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը կենտրոնացած պահել նախագահի մոտ, որ անհրաժեշտության դեպքում շարժեր արագ, որոշում կայացներ եւ զինվորական ոլորտի համարժեք կշռույթով գործողություններ ղեկավարելու հրամաններ տար: Մինչ, խորհրդարանական համակարգի դեպքում վարչապետը պատերազմ հայտարարելու տարողությամբ որոշումները անհրաժեշտ էր, որ արժանացներ խորհրդարանի վավերացմանը:

Հակափաստարկը անմիջապես այն էր, որ ռազմական գործողությունները Արցախում կազմակերպվում եւ փայլուն կատարողականություն ունեին, երբ Արցախը խորհրդարանական համակարգով էր ղեկավարվում, եւ այդ օրերին միանձնյա որոշման կենտրոն չկար: Ուրեմն, կիսապատերազմական կամ պատերազմական իրավիճակները այդ տրամաբանությամբ չեն կարող ազդել բանակի ազդեցիկության, մարտունակության եւ արագակշռույթ աշխատելու վրա:

Եթե ընդունենք Արցախի օրինակի տրված այս տրամաբանությունը, ուրեմն պատերազմական գործողությունների լույսի տակ չենք ընկալում երկրի կառավարման համակարգի որդեգրման դիտանկյունները: Սա նշանակում է նաեւ, որ գուցե այլ շարժառիթներ գոյություն ունեն սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը որդեգրելու որոշման կապակցությամբ: Ի վերջո, քառօրյա պատերազմի կիսանախագահական դրությամբ լիներ Արցախի կառավարման համակարգը, թե նախագահական, գործնապես ի՛նչ տեսակի տարբերություններ` երանգային թե ակներեւ, նկատված պիտի լինեին։

Ռազմականից փորձենք տեղափոխվել քաղաքական դաշտ եւ նկատենք, որ եթե մի կողմից Հայաստանի Հանրապետության օրինակի զուգահեռումն է տեղի ունեցածը` Սահմանադրության փոփոխության առումով, ապա հետեւելը միայն փոփոխության վրա է կենտրոնանում եւ ընտրում է տրամագծորեն ճիշտ հակառակ ուղղությունը: Չմոռանանք, որ հայաստանյան տարբերակի հիմնավորումների մի կարեւոր մասը վերաբերում էր միանձնյա որոշման կենտրոնը հավաքականացնելու եւ երկիրը առաջնորդելու դեպի հավելյալ ժողովրդավարական կարգեր: Եվ այս դեպքում ամենից կարեւորը` վերպետական որեւէ միության մասնակցելու որոշումը նույնիսկ խորհրդարանը չէր կարող կայացնել, այլ պետք էր կազմակերպել հանրաքվե:

Մոտենում ենք բուն խնդրին. հանրային մտահոգություն է այսօր արցախյան բանակցությունների գերաշխուժ վիճակը, ռուսական միջնորդության տեսանելիությունը, քառօրյայից հետո կազանյան փաստաթղթի կամ լավրովյան ծրագրի հոլովումը: Այս մտահոգությունները փարատելու համար էր, որ նախագահը իր վերջին ուղերձում երեք անգամ բառացի շեշտեց Ադրբեջանի կազմում Արցախի վերադարձի բացառումը: Իրավամբ նաեւ հայկական կողմը անվերջ շեշտում է, որ չի կարող գոյանալ որեւէ համաձայնություն, առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության եւ համամտության:

Փոխզիջումային լուծման Արցախի համաձայնություն տալը նոր Սահմանադրությամբ կարո՞ղ է տեղավորվել գերնախագահական լիազորություններով ղեկավարվող հանրապետության թիվ մեկ ղեկավարի իրավասություններում: Թե՞ ոչ նման համաձայնություն տալու համար նախագահը պարտավոր պիտի լինի կազմակերպել ժողովրդային հանրաքվե:

Այս հարցման պատասխանը, որ միանշանակ եւ արագ լինելու հավանականություն չունի, թեականորեն կարող է լույս սփռել ներկա ժամանակահատվածում Արցախի կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահական անցնելու պետական որոշման վրա: Բայց սա դեռեւս իր եզրակացությունը չունեցող ենթադրություն է:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031