ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 4 անձի դանակահարության դեպքի հանգամանքները։
2016թ. օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վ. Մովսիսյանը (ծնված 1976թ.), ինչպես նաև ծակած-կտրած տարբեր վերքերով՝ Ռ. Ջուլհակյանը (ծնված 1984թ.), Գ. Գարանյանը (ծնված 1969թ.) և Ա. Միրզոյանը (ծնված 1979թ.):
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 4 անձանց՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրերի մասին, կատարվել են զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, բջջային հեռախոս և այլ առարկաներ: Առգրավվել է նաև հարակից խանութի տեսանկարահանման սարքը:
Կարդացեք նաև
Հարցաքննվել են մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ մարմնական վնասվածքներ ստացած անձինք ի վիճակի չեն մասնակցել քննչական գործողությունների:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին