«Մեզ փոշոտ, անհաջող տեղերում տեղավորեցին, մի կերպ մենք համաձայնեցինք, որովհետեւ մտածում էինք, որ վերանորոգումից հետո մեզ խոստացած տեղը, որը պետք է լիներ նորակառույց ճեմուղիներից մեկում՝ Վերնիսաժի ամբողջ երկարությամբ եւ առանց տարածքների փոփոխման եւ սակագների բարձրացման, մենք մեր տեղերը կզբաղեցնենք: Մի կողմում կլինեինք մենք, մի կողմում՝ գորգագործները»,- օգոստոսի 5-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում Վերնիսաժին նոր կարգավիճակ տալու խնդրի քննարկման ընթացքում ասաց ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենք Երեւանի քաղաքապետին դիմում են գրել, պատասխանը ստացել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանից, թե իրենց կտեղավորեն անցումային մասերում եւ իրենց համար պատրաստել են 3 մետրանոց մետաղական ցանցեր: Վարդիշաղ Կարապետյանը ընդգծեց, որ խոսքը առանց ծածկի տարածքի մասին է. «Մեր խնդիրն այն է, որ մենք թեկուզ դժվարությամբ, թեկուզ դանդաղ զարգացնում ենք մի մշակույթի ճյուղ, որը վաղուց մոռացված էր: Հիմա Վերնիսաժում բազմաթիվ կանայք կան, որոնք աշխատում են հայկական կարատեսակների գրեթե բոլոր կարատեսակներով:
Վերնիսաժը այն վայրն է, որտեղ վարպետը, արվեստագետը հանդիպում է այլ երկրից եկած մարդկանց, մեր միջոցով նրանք ինֆորմացիա են ստանում այդ աշխատանքների մասին՝ լինի ձեռագործ, լինի փայտե: Այնպիսի մարդիկ են գալիս, որոնք հիացմունքի խոսքեր չգտնելով՝ հաջորդ անգամ գալուց ինչ-որ գրքեր են բերում ձեռագործի մասին, ինչ-որ բաներով փորձում են մեզ օգտակար լինել: Իսկ հիմա դուրս է գալիս, որ մենք բոլորին պետք ենք, բացի մեր երկրի իշխանավորներից»:
Վարդիշաղ Կարապետյանը ներկաներին հայտնեց, որ Վերնիսաժում ամսական կարողանում է աշխատել 20-30 հազար դրամ: Ըստ նրա, նաեւ վիրավորական շերտ կա. «Այսօր Վերնիսաժում այնպիսի ապրանքներ են վաճառվում, որոնք բացարձակապես կապ չունեն Վերնիսաժի հետ, այդ թվում՝ Թաիլանդից բերված, հնդկական ցուցահանդեսներից մնացած արծաթեղեն: Բացի այդ՝ թուրքական արտադրության կտորներով բազմաթիվ պայուսակներ, ճիշտ է՝ այդ կտորներով բազմաթիվ կանայք են կարում, բայց պատրաստի բերում են Թուրքիայից եւ Չինաստանից: Վերնիսաժը պետք է լինի մշակութային կենտրոն: Երբ մեր խնդիրները բարձրաձայնեցինք այնտեղ, քաղաքապետի օգնական պարոն Օհանյանը եւ նրանց աշխատողները ասացին՝ այդ նորակառույց տեղերում մեկ մետրն արժի 1000 դրամ, տվե՛ք 1000 դրամը եւ դուք կկանգնեք, չեք տա՝ չեք կանգնի: Իսկ մենք մինչեւ այդ, երբ Վերնիսաժը բացվել էր, բացարձակապես կոպեկ չենք վճարել, վճարել ենք այն ժամանակ, երբ Վերնիսաժը դարձավ վարձակալական տարածք»:
Կարդացեք նաև
Վարդիշաղ Կարապետյանը ընդգծեց, որ իրենք չգիտեն, թե որն է Վերնիսաժի կարգավիճակը , եւ իրենց առաջին խնդրանքն է, որ իրենց բացատրեն՝ Վերնիսաժը ի՞նչ կարգավիճակում է. «Քաղաքապետարանի որոշման համաձայն՝ Վերնիսաժը այլեւս Վերնիսաժ չէ, այլ ցուցահանդես-վաճառքի կենտրոն, իսկ դա ենթադրում է, որ այնտեղ կարելի է ամեն ինչ վաճառել, քանի որ ցուցահանդես վաճառք է՝ հագուստեղեն էլ է կարելի վաճառել, կոշկեղեն էլ, ձեռքի աշխատանք էլ, նաեւ տնից բերած ապակեղեն եւ այլն: Մեզ համար դա խնդիր է, մենք ուզում ենք, որ Վերնիսաժը, ինչպես եղել էր իր սկզբնավորման օրվանից, լինի մշակութային կենտրոն, հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի այսքան բազմաթիվ մոլլերի մեջ մի նոր բացօթյա մոլլ ավելացնելը»:
Նրանք պահանջում են իրենց՝ ասեղնագործներին, հատկացնել ճիշտ այնպիսի տեղ, ինչին արժանին են արծաթագործները, բրուտագործները, ոչ թե անցումային հատվածներում եւ ոչ պակաս, քան 3 գծամետր ծածկով տարածք:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ