Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գունդ սնունդ հասցրած տղան հեռախոսի չիպ է ներս տարել. Գուրգեն Եղիազարյանի կասկածները

Օգոստոս 05,2016 16:25

«400 մետրից, եթե հանկարծ մեկն ինձ ասի, որ դիպուկահարը կպել է մեքենայի ներսում նստածին, ես դա համարում եմ աներեւակայելի մի բան: Ես որ նկարը տեսնում եմ, էդ հրացանի փողով երբեք նույնիսկ 200 մետրի վրա ոչ մեկին խփել չի լինի: Այնտեղ քամիների ուղղություններ կան, դիպուկահարները դնում են հատուկ փոքրիկ դրոշակներ, որպեսզի որոշեն հեռավորությունը եւ ըստ այդ քամու ուղղության կարգավորեն իրենց կրակը: Հիմա ո՞վ է հնարավորություն տվել, որ Սասնա ծռերից կետեր դնեն, քամու ուղղություն որոշեն եւ այլն ու 400 մետրի վրա մեքենայի մեջ նստած մարդուն, որ ոչ մի բան չի երեւում՝ խփի»,- այսօր «Հայելի» ակումբում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսպես իր կասկածները ներկայացրեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանին ՊՊԾ գնդի դիպուկահարի կողմից սպանելու ոստիկանության վարկածի հետ կապված:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Կալաշնիկովը շատ հետաքրքիր զենք է ու լավ է կրակում. «Մի հատ սպա, արծիվը նստեց 500 մետրի վրա, խփեց ինքը, մի կետ էր երեւում, մենք զարմացանք: Կալաշնիկովը շատ հետաքրքիր զենք է»:

Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ ինքն էլ է շատ բան տեսել, թե ինչպես է կրակում Կալաշնիկովը, բայց դա անելու համար հավասարակշիռ նյարդային համակարգ է պետք, երբ պաշարված չես. «Պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է դա լինում. ՊՊԾ գնդում լարված պայմաններում, երբ դու սպասում ես խոցման, 30-ից ավելի դիպուկահարներ քեզ բարձրահարկերից թիրախ են դարձրել, դա լրիվ ուրիշ է»:

Նա ասաց, որ ապշած է, թե 4-5 օր ինչու են այդ տարածքը դեռ փակ պահում, ինչով են զբաղված: Անգամ Մարտի 1-ից հետո հաջորդ օրը արյունները լվացին ասֆալտից ու փողոցները բացեցին:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ դիպուկահարի գնդակից մահացած ոստիկանի մասին հեքիաթին չի կարող հավատալ, ինչպես որ չի հավատում ՊՊԾ գունդ սնունդ հասցրած տղային. «Թող ինձ ների այդ տղան, թող ներեն ինձ Սասնա ծռերը, որ նման կարծիք ունեմ, բայց ես դրան էլ չեմ հավատում»:

Մենք ճշտեցինք, այսինքն, Դուք ասում եք, որ հաց բերող այդ տղան կարող է ԱԱԾ գործակա՞լ լինել, ի՞նչ եք կասկածում՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Տղաներին, որ շրջապատել են, որոնց հրաման է իջեցված, որ օձն իր պորտով չանցնի, մեկն եկավ ու այդպես անցա՞վ: Չէ՞ որ այնտեղ բեռնատար մեքենաներ կային, դիպուկահարներ կային, դիմահար կրակից դիպուկահարները կարող էին կրակային գիծ դուրս գալ: Ես այդ ամեն ինչը պատկերացնելով՝ ասեմ, եթե, իհարկե, ոստիկանության մեջ դավադիրներ չկային, որոնք հատուկ բեռնատարները հետ տարան, որ հացը եւ սնունդը եւ հեռախոսի չիպը տեղ հասնի…Ես իմ կարծիքն ունեմ, եւ դա գործակալի հետ երբեք չեմ կապի»:

Մեր դիտարկմանը, որ կարծիքներ են շրջանառվում, որ հենց այդ տղայի՝ ՊՊԾ գունդ մուտք գործելուց հետո ԱԱԾ-ն սկսեց հրապարակել ձայնագրություններ՝ Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց, որ դա թողնում է արդեն մարդկանց երեւակայությանն ու տրամաբանությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    մտածելու տեղ կա արթուրի արածի մեջ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031